Լրահոս
Օրվա լրահոսը

Թոքերի արհեստական շնչառության 10 սարք է վերանորոգվել եւ պատրաստ է շահագործման. Հակոբ Արշակյան

Ապրիլ 08,2020 14:15

Բացի մարդկանց տեղաշարժը վերահսկող ծրագրերից, նախարարությունն ունի՞ ինժեներական այլ ծրագրերի համար դրամաշնորհներ, ասենք՝ ռոբոտներ ստեղծելու, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխարինեն բուժքույրերին: Այսօր կառավարության մամուլի սրահում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ի պատասխան այս հարցի ասաց՝ շատ լավ գաղափար է: Ըստ նրա, ընկերությունները կարող են դիմել դրամաշնորհների համար եւ հանձնաժողովն անպայման ուշադրություն կդարձնի եւ կորոնավիրուսի հետ կապված առաջարկներ անող ընկերություններին առաջնահերթություն կտրվի:

Հակոբ Արշակյանն այսօր ներկայացրեց թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքների ընթացքը եւ նոր սարքերի նախագծման ամբողջական կամ մասնակի արտադրության հնարավորությունները:

Նախարարությունը մրցույթ էր հայտարարել. մինչ օրս, ըստ Արշակյանի, 280-ից ավելի նամակ են ստացել: Արդյունքում 10 սարքեր են տրամադրվել տարբեր տեղերից, որոնք վերականգնվել են: Արշակյանի խոսքով անհրաժեշտության դեպքում դրանք կտրամադրվեն Առողջապահության նախարարությանը: Նախարարի խոսքով, Հայաստանի արտադրական հզորությունները՝ ինժեներական կայացած ընկերություններ, գործարաններ, համալսարաններ, գիտահետազոտական խմբեր ու ինստիտուտներ պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի արհեստական շնչառության սարքերի թեստավորման, նախագծման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի եւ այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման գործընթացին:

Թե ինչ ներդրումներ կպահանջվեն այդ ոլորտը զարգացնելու համար, նախարար Արշակյանն ասաց, որ կան կոնկրետ առաջարկներ, բայց ներդրումների չափի մասին հիմա չի բարձրաձայնի. «Ամեն ժամ դրա վրա ենք աշխատում, որպեսզի կոնսոլիդացնենք այդ առաջարկները: Դրանք պատրաստ լինելուն պես՝ կհրապարակենք: Փորձում ենք պահպանել երկու սկզբունք՝ մրցակցության եւ արդյունավետության, որպեսզի միջոցները հնարավորինս առարկայական եւ արդյունավետ օգտագործվեն»:

Արշակյանը նաեւ հայտնեց, որ Ռազմարդյունաբերության համալիրն իր ամբողջ թափով եւ հզորությամբ աշխատում է. «Պարետի որոշմամբ, դա բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է: Ակտիվ փուլ ենք մտել ՊՆ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել»:

Հարցին՝ ռազմարդյունաբերության արտադրանքով կարո՞ղ ենք դուրս գալ միջազգային շուկա եւ ի՞նչ արտադրանքի մասին էր վարչապետն ասում, նախարարը պատասխանեց, որ չի կարող բարձրաձայնել՝ ինչ արտադրանքի մասին է խոսքը. «Այն համակարգ է, որն իր մեջ բազմաթիվ եւ բազմապրոֆիլ ուղղություններ է ներառում եւ բարձր տեխնոլոգիական գերժամանակակից արտադրանք է: Այն ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում: Արտաքին շուկաներ դուրս գալու տեսանկյունից, մենք հիմա ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ռազմավարության մեջ առանձին բլոկ ունենք, որը վերաբերում է միջազգային շուկաներ դուրս գալուն: Հիմա այդ գործիքակազմն է մշակվում, որպեսզի մեր արտադրանքով կարողանանք ներկայանալի լինել արտերկրում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930