Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ շահույթ պետք է ստանան գործարարները բարդ տնտեսական իրավիճակում, որպեսզի կարողանան մարել կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկերը. «Փաստ»

Ապրիլ 08,2020 12:36

Հայաստանի տնտեսությունը նույնպես զգայուն է ներքին և արտաքին տնտեսական միջավայրերում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Եվ քանի որ տնտեսության բազմաթիվ ճյուղերում այս օրերին գործունեությունը դադարեցվել է, ապա դա մեծ վնաս է հասցրել ողջ տնտեսությանը։

Երկրի տնտեսության վերականգնման տեսանկյունից հատուկ կարևորություն ունի բիզնեսին տրամադրվող աջակցությունը։

Դրա համար էլ գործադիրը գործարարներին աջակցելու հիմնական շեշտադրումը կատարել է բանկերի միջոցով բիզնեսին տրամադրվող անտոկոս վարկավորման վրա, որը պետք է տնտեսվարողներին թույլ տա դուրս գալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից։

Եվ վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ուղիղ եթերի ժամանակ որպես տնտեսական վերականգնման հիմնական քայլ կարևորեց անտոկոս վարկերի տրամադրման քայլը, բայց մի շարք հարցեր կան տնտեսվարողներին վարկավորելու այս քայլի շուրջ, որը կապված է լուրջ հաշվարկների հետ։

Ըստ ամենայնի, տնտեսական գործունեության վերսկսման պարագայում տնտեսվարողները պետք է վերցնեն անտոկոս վարկերը ու դրանց միջոցով ոչ միայն պետք է կարողանան շարունակել իրենց գործունեությունը, այլև, եթե ունեն նախկինից եկող վարկեր և վարձավճարներ, ապա պետք է մարեն դրանք նաև այն ամսվա համար, որի ընթացքում չեն աշխատել։

Այս ամենին զուգահեռ՝ պետք է վճարեն իրենց աշխատակիցներին, կատարեն կոմունալ վճարումներ և այլ ծախսեր, ու այդ ի՞նչ շահույթ պետք է ստանան գործարարները բարդ տնտեսական իրավիճակում, որպեսզի դրա հետ մեկտեղ կարողանան մարել կառավարության կողմից տրամադրված անտոկոս վարկերը։

Եվ պատահական չէ, որ մի շարք տնտեսագետներ կառավարության կողմից տրամադրվող աջակցության այսպիսի ձևաչափը համարում են անարդյունավետ և ռիսկային, իսկ որոշ տնտեսվարողներ էլ ուղղակի հրաժարվում են կառավարության առաջարկած վարկավորումից։

Մեծ է հավանականությունը, որ այդ վարկերը վերցնելու դեպքում տնտեսվարողներն ուղղակի ի վիճակի չեն լինի մարել դրանք, կամ էլ մի կերպ կվերադարձնեն այդ գումարները, սակայն դա բացասաբար կանդրադառնա իրենց հետագա բիզնես գործունեության վրա։

Ուստի ստեղծված տնտեսական իրավիճակից դուրս գալու հիմնական լուծումը մասնագետները տեսնում են կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող ուղղակի աջակցության մեջ, երբ կառավարությունը սկզբնական շրջանում կփոխհատուցի նրանց կրած վնասները, պայմաններ կստեղծի, որպեսզի տնտեսվարողները ոտքի կանգնեն, և միայն դրանից հետո կսկսի ակտիվ վարկավորումը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930