Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին՝ հակահամաճարակային պայքարը չվտանգելու համար. «Ժամանակ»

Ապրիլ 08,2020 12:09

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ. երեկ ilur.am կայքում հրապարակած հոդվածում նշել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Անցած երկու օրերին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հանդես են գալիս լավատեսական որոշակի շեշտադրումներով՝ համաճարակի հարաբերականորեն բարենպաստ վիճակագրության համատեքստում կարծես նախադրյալներ ստեղծելով կարանտինային ռեժիմը մեղմացնելու, գուցե նաև արտակարգ դրությունը ապրիլի 14-ին չեղարկելու համար։ Ահա այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը խոսում է «պատերազմական իրավիճակի» մասին՝ ասես զգոնության կոչելով իշխանությանը, որը հիրավի կանգնած է ոչ այնքան պարզ երկընտրանքի առջև։

Մյուս կողմից՝ ապրիլի 16-ին Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասվում է հերթական ինտրիգը, որովհետև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է ներկայանալ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ու այս իրավիճակում Տեր-Պետրոսյանն, ըստ էության, կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակավոր «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին։

Իհարկե, պարզունակ կլինի պնդելը, թե Տեր-Պետրոսյանի այս հոդվածը քաղաքական աջակցության ժեստ է իշխանությանը։ Այդ միտումն իհարկե հոդվածում արտահայտված է, սակայն տողատակում առաջին նախագահն ըստ էության քաղաքական «հրադադար» է առաջարկում գործող իշխանությանն ու հին համակարգին՝ հակահամաճարակային պայքարը չվտանգելու համար։

Տեր-Պետրոսյանի դիտողություններն առավելապես ուղղված են նախորդ իշխանություններին, օրինակ՝ նա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում է իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել «անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը» կամ «դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»։ Սակայն Տեր-Պետրոսյանը նաև իշխանությանն է տողատակով հասկացնում այս պահին ձեռնպահ մնալ քաղաքական դիվիդենտներ շահելու գայթակղությունից։ «Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը»,- իր հոդվածում գրել է Տեր-Պետրոսյանը։

Քաղաքական «հրադադարի» վերաբերյալ Տեր-Պետրոսյանի բանաձևը ռացիոնալ է ու հասկանալի, սակայն հեռու ենք այն մտքից, որ առաջին նախագահի հորդորները լսելի կլինեն քաղաքական համակարգի հիմնական բևեռներում։ Տեր-Պետրոսյանի ձևակերպումներն ինչքան էլ քաղաքական են, միևնույն է՝ կտրված են հայաստանյան այսօրվա իռացիոնալ իրականությունից։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930