Տնտեսագիտական տեսանկյունից պարզապես նոնսենս է, երբ չգիտես, թե որքան է վնասը, բայց ուզում ես վերացնել այն: Այս պահին մենք չգիտենք կորոնավիրուսի հետևանքների և վնասների չափը, բայց փորձում ենք վերացնել դրանք:
Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված փաթեթներին՝ վերոնշյալ համատեքստում նա առաջին հերթին խնդրահարույց համարեց կառավարության կողմից առաջարկված` «կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագիր» եզրույթը:
«Մենք իսկապես իրավիճակը ճիշտ գնահատելու և առաջնային խնդիրներն առանձնացնելու խնդիր ունենք: Մենք զբաղվում ենք հինգերորդ և վեցերորդական հարցերով՝ մոռանալով հիմնական պատճառը՝ վիրուսը: Ոչ թե պետք է հետևանքների դեմ պայքարել, այլ վերացնել պատճառը:
Իսկ այս պահին վիրուսը հաղթահարելու համար մարդկանց պետք է ինքնամեկուսացնել, բուժել ու ապահովել պարենով, որ փողոց դուրս չգան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում հետևանքներն ավելի մեծ կլինեն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթներին, տնտեսագետը հավելեց. «Առաջարկվող սոցիալական փաթեթներն ամբողջական չեն և չեն ընդգրկում հասարակության մեծ մասին, ինչն իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ ստեղծելով նաև անարդարության մթնոլորտ: Ըստ էության, ստացվում է, որ այսօր տուժում են բոլորը, բայց պետք է շատ փոքր խումբ մարդիկ փոխհատուցվեն: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հնարավորինս ընդլայնի իր կողմից փոխհատուցում ստացող շահառուների թիվը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, հիմա տուժում են բոլորը: Սահմանափակումները, որոնք դրել են այդ ծրագրերից օգտվողների համար, պետք է վերանայվեն, որ մարդկանց ապահովեն նվազագույն պարենով:
Եթե մարդը սոված մնաց, ինքը, այնուամենայնիվ, դուրս է գալու: Մեր հիմնական գերխնդիրն այս պահին պետք է ուղղված լինի մարդկանց նվազագույն պահանջմունքները բավարարելուն»:
Տնտեսագետը համաձայն չէ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե ընտրել են քիչ գումարով շատերին օգնելու տարբերակը: «Իրականում այդպես չէ: Բոլորին չեն օգնում, իրենք ընտրել են քիչ գումարով քչերին օգնելու տարբերակը»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նա մատնանշեց նաև մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ կառավարությունը գումարը մարդկանց տրամադրելու փոխարեն տրամադրում է բանկերին՝ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փրկել նաև բանկային համակարգը. «Սա ճիշտ մոտեցում չէ: Առաջնահերթ պետք է լուծել ազգաբնակչության հարցը: Բանկային համակարգը տարիներ շարունակ արտոնյալ վիճակ է ունեցել, օգտվել է բազմաթիվ հնարավորություններից և ապահովել է գերշահույթներ: Անշուշտ, շատ կարևոր է ունենալ բանկային համակարգ, բայց այն չպետք է իրականացվի ի հաշիվ ազգաբնակչության»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: