Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարծր կառավարումը մոդայիկ կդառնա

Ապրիլ 08,2020 10:00

Չինաստանի հաջողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում իսկապես տպավորիչ են: Այդ 1,5 միլիարդանոց երկիրը կորոնավիրուսի տարածվածության առումով այժմ արդեն հայտնվել է 6-րդ տեղում՝ իրենից առաջ թողնելով Միացյալ նահանգները, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան եւ Ֆրանսիան: Երեկ Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսից վարակվածների ընդամենը 32 դեպք, եւ այդ նույն օրվա ընթացքում այդ երկրում հիշյալ հիվանդությունից ոչ ոք, բարեբախտաբար, չի մահացել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Իսպանիայում երեկ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 3942 նոր հիվանդ եւ միայն այդ օրը մահացել է 571 մարդ:

Եթե մեկ ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին՝ «ո՞ր երկրին եք ուզում, որ նմանվի Հայաստանը», մեծամասնությունը կթվարկեր վերոհիշյալ 5 երկրները, գուցե արեւմտյան մի շարք այլ պետություններ, բայց՝ ոչ Չինաստանը: Նույնիսկ այն հայաստանցիները, որոնց ազատական ժողովրդավարության խնդիրներն առանձնապես չեն հետաքրքրում, նույնպես, վստահաբար, կասեին, որ Իտալիայում կամ Իսպանիայում կյանքը բարեկեցիկ է եւ «ուրախ-զվարթ»: Բայց հիմա ոչ միայն մենք, այլեւ նույն եվրոպացիներն ու ամերիկացիները տեսնում են, որ բարեկեցիկությունը, ինչպես նաեւ ազատությունը (որն, ընդունենք, ավելի քիչ մարդկանց է հուզում) ամենեւին էլ չեն ապահովում մարդկանց անվտանգությունը: «Ավելի լավ է, – մտածում են այսօր մոլորակի միլիոնավոր մարդիկ, – դաժան, անմարդային, հակաժողովրդավարական միջոցներով հասնել պետության համար կարեւոր նպատակներին, քան ապահովել ազատությունը եւ թույլ տալ, որ մարդիկ մահանան»:

Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում: Եթե նման տրամադրությունները գերիշխեն աշխարհում, ապա, բացառված չէ, որ մոտ ապագայում ընտրությունների միջոցով կամ առանց դրանց շատ երկրներում իշխանության կգան քաղաքական գործիչներ, որոնք կխոստանան մարդկանց «երկաթյա կարգուկանոն հաստատել»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իրականում մենք գիտենք, թե, մասնավորապես, Եվրոպայում այդ «կարգուկանոնն» ինչով է վերջանում:

Մարդկության եւ առանձին ազգերի այս «տատանումները», ցավոք, բնական են: Եթե նայենք պատմության ողջ ընթացքը, ապա կտեսնենք, որ այն նման է ճոճանակի՝ մարդիկ տարվում ինչ-որ մի ծայրահեղությամբ, հետո հիասթափվում են դրանից եւ «բախտ են փնտրում» հակառակ ծայրահեղության մեջ: Հիմա, կորոնավիրուսի ազդեցության տակ, ենթադրում եմ, «նորաձեւ» կլինի կարծր կառավարման մոդելը:

Իսկ ամենացավալին այն է, որ որքան էլ իմ նման մարդիկ զգուշացնեն դրա մասին, դա, միեւնույն է, տեղի է ունենալու: Ինչպես գրում էր ամերիկացի գրող Սոլ Բելոուն, «պատմությունն ու քաղաքական գործիչները երբեք հակված չեն եղել ընդունելու այն գաղափարները, որոնք ծնվում են մտավորական շրջանակներում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Սինգապուրն այն երկիրն է, որ կարող է դառնալ մոդել՝ մի շարք, օրինակ մեքենա ունենալու, ծայրահեղությունները հանած: Եթե մի ժամանակ Անգլիայի գաղութին բանի տեղ դնող չկար, ապա այսօր անգլիացին, անգլիական բուհն ավարտելով, ձգտում է աշխատանք ունենալ Սինգապուրում, և դրանցից ոչ մեկին ետ չեն պահում այնտեղ առկա սահմանափակումները:

  2. Tigran Mkhitaryan says:

    Ազգային պետությունները նորից կդառնան միջազգային հարաբերությունների հիմնական սուբյեկտները՝ երկրորդ պլան մղելով միջազգային կազմակերպություններին և կորպորացիաներին։

  3. Լավատես says:

    Ամեն մարդ թե ազգ այս լույս աշխարհում իր առաքելությունն ունի եւ այդ առաքելությունն իրագործելու համար մարդ թե ազգ պետք է աշխարհին ներկայանա իր անհատականությամբ, իր յուրահատկությամբ, կարճ ասած՝ իր էությամբ, լավ ու վատ ազգեր չկան, եթե թույլ ես տվել, որ քո փողոցներում վայրի կենդանիներ են ման գալիս, ոչ թե այդ կենդանիներն են վատը, այլ քո մեղքն է եւ մեղքդ քավելու միայն մի ձեւ կա եւ դա գազանանոցը չէ, այլ պայմաններ ստեղծել, որ այդ կենդանիները հայտնվեն իրենց հարազատ բնական վայրի պայմաններում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930