Լրահոս
Օրվա լրահոսը

74-ամյա ցմահ ազատազրկման դատապարտված ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից ազատ արձակեցին

Ապրիլ 08,2020 13:30

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝  խնդրելով իր միջնորդությունը քննության առնել Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցի լույսի ներքո, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։

Ըստ փաստաբանի, վերջին երկու տարիների ընթացքում, ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակում ստացված դիմումների առթիվ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, բազմիցս իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել Խոսրով Ավագյանին, որոնց ընթացքում նրան հնարավոր չի եղել, թեկուզ անվասայլակով,  իր խցից` հիվանդասենյակից տեղափոխել հանդիպումների համար նախատեսված սենյակ եւ յուրաքանչյուր դեպքում աշխատակիցները փաստաբանին ուղեկցել են նրա համար առանձնացված խուց, որտեղ նրա պաշտպանյալն անշարժ գամված է  անկողնուն, ամիսներով չի լողանում, նույն խցում սնվում է եւ հոգում իր կարիքները, ոչ ոք նրան չի օգնում եւ գտնվում է անմարդկային, անտանելի ծանր առողջական, սոցիալական ու սանիտարական պայմաններում։ Ինչպես «Առավոտին» էր տեղեկացրել. «Մյուս դատապարտյալներն ու կալանավորները նրան չեն կարողանում օգնել եւ որեւէ մեկն այդ պարտականությունը չունի, իսկ ՔԿՀ վարչակազմը, ցանկության դեպքում անգամ, չի կարող նրա համար քիչ թե շատ նորմալ կենսական եւ հիգիենիկ պայմաններ ապահովել»։ Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոցում», որեւէ բուժում չի ստանում, քանի որ նրա մոտ առկա հիվանդությունները  ՔԿՀ-ի պայմաններում հնարավոր չէ բուժել, կամ մեղմել դրանց վատ դինամիկան:

Անցյալ ուրբաթ` մարտի 3-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով ցմահ ազատազրկման դատապարտված, ներկայումս ամբաստանյալ Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու մասին, եւ նրա նկատմամբ ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը եւ նրան կալանքից անհապաղ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճում։ Ի դեպ, Խոսրով Ավագյանի` ցմահ ազատազրկման դատապարտվածի պատժի կրման սկիզբը հաշվել էին 2007 թվականի սեպտեմբերի 24-ից:

Դատարանը հաշվի առավ ամբաստանյալ Խոսրով Ավագյանի առողջական ծայրահեղ ծանր վիճակը, նրա վերաբերյալ  ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոնի կողմից 2020թ. փետրվարի 25-ին տրված փորձաքննության եզրակացությունը եւ նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի համատեքստում 74-ամյա հիվանդ Խոսրով Ավագյանի վարակվելու եւ այլոց վարակելու մեծ հավանականությունը:

Ըստ որում, քրեական գործի նյութերում չկա ողջամիտ ենթադրություն, որ Խոսրով Ավագյանը նման վիճակում ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը, ներկա պահին ու դրությամբ էականորեն նվազել է նրա անձի հանրության համար վտանգավորության աստիճանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ  2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճռով ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո (1-ին կետի եւ 3-րդ կետի դ ենթակետի)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, 2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել եւ խնդրել է բեկանել թիվ ԵՔՐԴ/0341/01/08 գործով Երեւանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը, իր վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները եւ գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

«Առավոտին» փաստաբանը տեղեկացրեց, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2009 թվականի հուլիսի 28-ի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայել է՝ Խոսրով Ավագյանի վերաբերյալ դատավճիռը եւ մյուս դատական ակտերը բեկանել է եւ գործն ուղարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Փաստաբանը միջնորդել էր՝ քրեական գործով ամբաստանյալ Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու եւ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին։

Ըստ փաստաբանի. «Խափանման միջոց կալանավորումն ընտրելիս ՀՀ վճռաբեկ  դատարանը  գտել է, որ առկա են  նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես՝  դատարանը, հիմք ընդունելով Խ. Ավագյանին վերագրված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, գտել է, որ մինչեւ գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը»։

Լյուդվիգ Ավետիսյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատիժը կրելու ընթացքում Խոսրով Ավագյանը ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, որոնց կապակցությամբ տեւական ժամանակ՝ սկսած 2016 թվականից, նա բուժվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաեւ հետազոտությունների է ենթարկվել ու բուժում ստացել նաեւ քաղաքացիական տարբեր բժշկական կենտրոններում։

2016 թվականի հուլիսի 19-ին Խոսրով Ավագյանի մոտ արձանագրվել է «ձախ ազդրոսկրի վերին երրորդականի փակ կոտրվածք, հիպերտոնիկ կրիզ»` գլխապտույտից վայր ընկնելու հետեւանքով: 2016թ. սեպտեմբերի 20-ին նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղից դուրս է գրվել «ձախ ազդրոսկրի վերին երրորդականի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ: 2016  թվականի նոյեմբերի 18-ին կրկնակի ռենտգեն հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ կոտրվածքի տեղում ոսկրային կոշտուկ չի առաջացել եւ ձեւավորվել է կեղծ հոդ:

Միջնորդությամբ փաստաբանը նշել էր, որ վնասվածքաբանի ցուցումով անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն` ազդրոսկրի գլխիկի հատում եւ փոխարինում մետաղական իմպլանտով: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն «Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական  ծառայությունների չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի,  պետք է փոխհատուցվեր դատապարտյալ Խ. Ավագյանի հարազատների կողմից, որոնք ի վիճակի չեն եղել վճարել թանկարժեք սարքավորման դիմաց։

Նշենք, որ այս տարվա փետրվարի 25-ին Խոսրով Ավագյանը փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում եւ համաձայն տրված եզրակացության՝ Խոսրով Ավագյանը տառապում է  հետեւյալ հիվանդություններով՝ սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն II ա աստիճան, փսորիազ…

Այս հիվանդությունները համապատասխնում էին ՀՀ Կառավարության 26.05.2006 թ. թիվ 825-Ն որոշման  պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 36 կետին,  այն է՝ «Տեսողության սրության արտահայտված իջեցում՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը եւ չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2) եւ 55-րդ կետին, այն է՝ «Առողջության խախտումներ՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետեւանքներով կամ արատներով։ Վերջիններիս դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, եւ անհրաժեշտ են սոցիալական պաշտպանություն (աջակցություն) միջոցներ՝ այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ եւ մշտապես կարիք ունի օգնության եւ այլ անձանց կողմից վերահսկման»:

Խոսրով Ավագյանի ընտանիքն էր, ըստ էության, ապահովում նրա խնամքն ու բուժումը եւ ապահովում նրա մասնակցությունը դատական նիստերին։

Մինչ օրս, Խոսրով Ավագյանը նման վիճակում մնալով քրեակատարողական հիմնարկում, փաստացի ենթարկվել է խոշտանգումների:

Մինդեռ,  Եվրոպայի խորհրդի խոշտանգումների, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի  եւ պատժի կանխարգելման կոմիտեի չափանիշների 70-րդ կետի համաձայն, բանտարկյալների տիպային օրինակ են հանդիսանում այնպիսի անձինք, ովքեր տառապում են շատ լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր չէ պատշաճ կերպով բուժել բանտային պայմաններում։ Նման անձանց նկատմամբ շարունակվող կալանքը կարող է ստեղծել անտանելի իրավիճակ։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված զեկույցին, որին վերջին մեկ ամսում հաճախակի են հղում կատարում մեր փաստաբանները, տարբեր քրեական գործերով,  անազատության մեջ գտնվող անձանց կյանքի եւ առողջության իրավունքին, նշվել էր, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
07.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930