Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստը արտակարգ դրության օրերին

Ապրիլ 08,2020 12:30

Կամ՝ ինչպե՞ս են ստեղծագործում արվեստագետները:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՀՀ-ում արտակարգ դրության  հետեւանքով փակվեցին հասարակական վայրերը` այդ թվում նաեւ մշակութային կենտրոնները:  «Առավոտը» զրուցել է արվեստագետների հետ, պարզելու՝ ինչպե՞ս են ստեղծագործում արտակարգ դրության պայմաններում։

Զրուցեցինք քանդակագործ, նկարչուհի, մանկավարժ Ստելլա Գրիգորյանի հետ: Հարցին, թե պայմանավորված արտակարգ դրությամբ` աշխատո՞ւմ է հեռավար տարբերակով, Ստելլան ասաց. «Աշխատանքիս բնույթից ելնելով՝ չեմ կարող աշխատել հեռավար տարբերակով, իսկ ուղղակի աշխատել տանը հնարավոր է: Արվեստագետի գրեթե հիմնական ստեղծագործման տարածքը տունը կամ արվեստանոցն է, որտեղ նա մեկուսացված է իր եւ արվեստի աշխարհում, որովհետեւ, երբ ստեղծվում է քանդակ, նկար կամ արվեստի այլ ստեղծագործություն, ստեղծվում է հիմնականում փակ տարածքում եւ առանց հանդիսատեսի: Դա լինում է միայն արվեստագետի եւ արվեստային միջոցների ներկայությամբ»:

Իսկ այն հարցին, թե կան բարդություններ, արվեստագետն ասաց. «Եթե ունենում եմ գաղափար եւ այն արդեն էսքիզավորելու եմ, ինձ համար պարզ է, թե ինչ բարդություններ ունի եւ ինչ մեթոդներով այն լուծեմ: Իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված` խախտվել է կյանքի բնականոն ընթացքը եւ հետեւաբար այս ընթացքում հնարավոր չէ ստեղծագործել: Հիմա ինձ մոտ ստեղծագործական դադար է»:

Խոսեցինք նաեւ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ անշուշտ նկարում է։ Օրական առնվազն 3-ից  5, իսկ հաճախ նույնիսկ 9 ժամ զբաղվում է նկարելով։ Իրենց արվեստի կենտրոնի համար ձեռագործ իրերի դասերը նկարահանելով եւ հրապարակելով։ «Առանց դրա այս օրերին ուղղակի կարելի է խելագարվել», – հավելեց նկարչուհին։

Խոսելով օնլայն տարբերակով նկարների ցուցադրությունների մասին՝ Մարիամ Մուղդուսյանը նշեց. «Օնլայն տարբերակով նկարների ցուցադրություններ մինչ այժմ էլ արել եմ, հիմա ավելի ինտենսիվ եմ անում։ Նույնիսկ մտադիր եմ այնպիսի ձեւաչափ անել, որ կոնկրետ նկարների շարքի ցուցադրություն կամ գուցե օնլայն պատկերասրահ լինի։ Հիմա քննարկում ենք այդ տարբերակը մասնագետների հետ»։ Նա ասաց, որ արտակարգ դրությունը իրենց դրդում է ավելի ստեղծագործ լինելուն եւ նոր տեխնոլոգիաներին ծանոթանալուն։

Մարիամ Մուղդուսյանի հետ խոսեցինք տնից աշխատելու դժվարությունների մասին։ Ըստ նրա՝ տնից աշխատելը բարդություններ կարող է չունենալ, եթե գոնե սենյակ կա, որտեղ կարող են իրերը տեղադրել, ներկերը բացել եւ նկարել։ Բայց դժվարություն կարող է լինել, երբ նյութեր չունենան եւ տեղաշարժի առումով սահմանափակ լինեն։ Նաեւ հավելեց, որ Երեւանում, բարեբախտաբար, կան խանութներ, որոնք ունեն առաքում։

Օնլայն տարբերակով աշխատելու դժվարությունների եւ բարդությունների մասին խոսելիս`  նկարչուհին նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց դիմանկարներ է նկարում, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բնորդներին նկարել է օնլայն տարբերակով։ «Հեռախոսով միացել ենք, տեխնիկապես ապահովել եմ կնոջ ներկայությունը իմ արվեստանոցում։ Միասին խոսել ենք, սուրճ ենք խմել եւ իրեն նկարել եմ։ Այսինքն, այն, ինչ չէի պատկերացնի, որ հնարավոր է անել, այս օրերի ընթացքում արել եմ։ Երբեք չէի մտածի, որ կարելի է բնորդին օնլայն նկարել, բայց փաստացի դա էլ է ստացվել։ Իհարկե, կենդանի շփումը  ցանկալի կլիներ, բայց հարմարվում եք ստեղծված իրավիճակին»,- ասաց նկարչուհին։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արևիկ ՓԱՆՈՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են արվեստագետները:

 «Առավոտ» օրաթերթ
07.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930