Այսօր, ցավոք, գեղեցկության չափանիշները փոխվել են, եւ շոու-բիզնեսի, կինոյի գեղեցկուհիների մասին խոսելիս՝ մարդիկ առաջին հերթին պատկերացնում են նրանց վիրահատված քիթը, «լցրած» շուրթերն ու սիլիկոնե կլորությունները: Սակայն կան հոլիվուդյան աստղեր, որոնք չեն դիմել վիրահատական միջամտություննների: Kulturologia.ru-ն առանձնացրել է նրանցից 5-ին:
Ամերիկացի դերասանուհի Դայան Քիթոնն առաջին դերը խաղացել է «Մազեր» բրոդվեյյան ռոք-մյուզիքլում: Նրա կարիերայի կայացման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Վուդի Ալենը: Կինոսերներին նա ավելի շատ հայտնի է Ֆրենսսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմից: Ընդհանուր առմամբ՝ Քիթոնը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 9 ֆիլմի ռեժիսոր է, 8 ֆիլմի պրոդյուսեր։ Նա 4 անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի, 9 անգամ՝ «Ոսկե գլոբուսի»։ Բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել:
74-ամյա դերասանուհին կարծում է, որ ոչ մի պլաստիկ վիրահատություն չի կարող կանխել ծերացումը, հետեւաբար իմաստ չունի նման քայլի գնալը. «Եթե ձեռքերդ չեն «խոսում» դեմքիդ հետ, դա ավելի տարօրինակ է նայվում: Իմ ձեռքերը խորհրդանշում են այն ժամանակաշրջանը, որը ես ապրել եմ, նրանք այնպիսի տեսք ունեն, ինչպիսին պետք է ունենային»:
Օսկարակիր դերասանուհի, Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոների հաղթող Ջուլիանա Մուրը, որն արդեն 60 տարեկան է, համարվում է Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից մեկը, նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում, աշխատել ամենահայտնի ռեժիսորների հետ: Գեղեցկուհի Մուրը մի առիթով ասել է, որ ատում է այն մարդկանց, որոնք քննադատում են կանանց պլաստիկ վիրահատություններ եւ բոտոքս անելու համար, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ այդ միջոցները մարդուն ավելի լավը չեն դարձնում, քան նա կա: Նա տարօրինակ է որակում մարդկանց երիտասարդանալու մոլուցքն ու «ձեւափոխությունները»:
Կարդացեք նաև
«Օսկարի», «Օսկե գլոբուսի», «Էմմիի» մրցանակակիր Հոլի Բերին ոչ միայն Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, այլեւ երկար տարիներ գովազդային մոդել է եղել, մասնակցել է «Միսս Ամերիկա», «Միսս աշխարհ» մրցույթներին: «Միս Ամերիկային» նույնիսկ առաջին հորիզոնականում է հայտնվել: Հոլի Բերին ծերությանը թեթեւ է նայում: 54-ամյա աստղը հայտարարել է, որ ծերանալը բնական գործընթաց է եւ վերաբերում է բոլորին: «Պարզապես ես ցանկանում եմ նման լինել ինձ, եթե անգամ դա իմ արտաքինի հին տարբերակն է»,-ասել է նա:
Բիզնեսմենի եւ օպերային երգչուհու ընտանիքում ծնված, այժմ՝ 54-ամյա Սալմա Հայեկը, որի անունը ժամանակին շոշափվում էր Մեքսիկայի նախագահի հետ ունեցած սիրավեպի համատեքստում, երբեք չի թաքցրել, որ իրեն եւ եղբորը ապահովված ծնողները միշտ երես են տվել: Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար (2002)։
Սալման ողջ կյանքում հիացել է մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի կերպարով եւ նրա երազանքն է եղել Կալոյի կերպարը մարմնավորելը, ինչը իրականություն դարձավ 2002թ.: Այժմ Հայեկը շարունակում է իր աստղային կարիերան եւ մնում է այն մտքին, որ պլաստիկ վիրահատությունն ու բոտոքսը կնոջը չեն կարող գեղեցկուհի դարձնել, եթե նրա ներսը դատարկ է: «Ես երբեք դանակի տակ «չեմ ընկնի»՝ դեմքիս օվալը շտկելու կամ կնճիռներս հարթելու համար»,-հայտարարել է դերասանուհին:
Ջուլյա Ռոբերտսը երբեք չի մտածել, որ կդառնա աշխարհահռչակ դերասանուհի: Դերասանի եւ դրամատուրգի ընտանիքում ծնված Ջուլյան ավելի շատ հետաքրքրված էր կենդանիներով եւ ցանկանում էր կենդանաբույժ դառնալ, ավելի ուշ նա ընտրեց լրագրությունը: Երբ Ջուլյա Ռոբերտսի եղբայր Էրիկն ինչ-ինչ հաջողությունների հասավ Հոլիվուդում, ինքն էլ որոշեց բախտը փորձել: Առաջին ֆիլմերը, որոնցում նա հանդես եկավ, 1988թ. նկարահանված «Միստիկական պիցցա» եւ «Բավարարությունն» էին: Սակայն դերասանուհուն հնչակ բերեց 1990թ. նկարահանված «Սիրունիկը», ինչի համար էլ «Օսկար» ստացավ: Դրանից հետո նրան միայն աստղային կարիերա էր սպասվում: Դերասանուհին նաեւ բարեգործությամբ է զբաղվում: Չնայած 52 տարեկան է, բայց շարունակում է լինել պահանջված դերասանուհի:
Ջուլյան հայտարարում է, որ բնավ ցանկություն չունի «կանգնեցնելու» ժամանակը իր դեմքի վրա, քանի որ ցանկանում է, որ իր զավակները տեսեն, թե երբ է չարացած, երբ՝ երջանիկ. «Մարդու դեմքը պետք է պատմի մարդու անցած ճանապարհի մասին»:
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2020