«Հայաստանում մենք լավ մտքեր ունենք, անձինք շատ լավ արտադրողականություն ունեն և կարողանում են իրենց դերը լավ կատարել»,- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայթեք» զրույցների շարքի ընթացքում ասաց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր, Սինոփսիս Հայաստանի նախագահ Երվանդ Զորյանը։
Նրա խոսքերով՝ երբ Հայաստանը անկախացավ իրենք արդեն ունեին անձանց տվյալներ, որոնք աշխատում էին տեխնոլոգիական ոլորտում, և սկսեցին կապ հաստատել նրանց հետ։ Երվանդ Զորյանը դիմել է ՀԲԸՄ այդ ժամանակ նախագահին՝ աջակցելու Հայաստանում տեխնոլոգիական ոլորտին։ Այնուհետև՝ հավաքելով միկրոինժիներների խումբ փորձել է նրանց պատրաստել, որպեսզի հետագայում կարողանան ընկերություններ բերել Հայաստան, որ կարողանան այդտեղ աշխատել։
«Առաջին հանգրվանում ավելի փոքր ընկերությունների վրա հիմնվեցինք։ Ստարտափները, որոնք Սիլիկոնյան հովտում էին, և ցանկանում էին իրենց գործի մեծ մասը անել դրսում՝ փոխարեն Հնդկաստան գնան, Չինաստան գնան, քաջալերեցինք, որ Հայաստան գան։ Եվ այդպիսով բերեցինք զանազան փոքր ընկերություններ, և Հայաստանում ստեղծեցինք ստարտափի մշակույթ։ Այդ ստարտափի մշակույթը մեզ լավ արդյունք տվեց։ Առաջին տասնամյակում սփյուռքից այդպիսի բազմաթիվ ընկերություններ կարողացանք բերել՝ անցնելու համար հաջորդ հանգրվանին»,- ասաց նա։ Հաջորդ հանգրվանը 2000-ականներն էին, երբ մեծ կազմակերպությունները սկսեցին գնել այդ փոքր կազմակերպություններին, և այդպես մեծ կազմակերպությունները ևս եկան Հայաստան։ Դրանցից մեկը նաև «Սինոփսիսն» էր։
«Սինոփսիսը մի քանի տարվա ընթացքում չորս ընկերություններ գնելով կարողացավ Հայաստանում ներակայություն ունենալ։ Այդպես բազմաթիվ կազմակերպություններ եկան և փոքր ընկերություններին միանալով կարողացան ունենալ իրենց տեղը Հայաստանում»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում այս բնագավառը շատ արագ զարգացավ, և վերջին տասնամյակում արդեն նոր ընկերություններ սկսվեցին առաջանալ Հայաստանում։ Եվ այս դեպքում եղավ հակառակը՝ հայկական կազմակերպությունները արդեն Հայաստանից գնացին Սիլիկոնյան հովիտ, որպեսզի կարողանան ընդլայնվել։
Կարդացեք նաև
Երվանդ Զարոյանի խոսքերով՝ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանում մասնագետների պակաս կա, և այդ պատճառով ընկերությունները սկսեցին համագործակցել ուսումնական հաստատությունների հետ, շատերը ստեղծեցին նաև իրենց ուսումնական ծրագրերը։ Սակայն, այս տարբերակն էլ խնդիրը չլուծեց, և սկսվեց համագործակցությունը ավագ դպրոցների հետ։ Խնդրի լուծման համար կազմակերպությունները սկսեցին աշխատել նաև Հայաստանի այլ քաղաքներում։
Բայց, ըստ Երվանդ Զարոյանի, կարևոր է նաև կառավարության հետ համագործակցությունը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի նախկին կառավարությունները խոչընդոտ չէին հանդիսանում, բայց և մասնավոր ծրագրեր չէին ստեղծում՝ բացի որոշ բացառություններից. «Վերջերս տեսանք, որ տեխնոլոգիան՝ որպես թիվ մեկ արդյունաբերություն, Հայաստանում արդեն առաջին տեղում է՝ պարոն վարչապետի ասածով և գործով։ Եվ տեսանք, որ նախարարություն ունեցանք, պարոն Արշակյանը (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ա.Չ.) շատ մեծ դեր ունեցավ պետության մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մեջ բերելու գործում։ Եվ հիմա մենք ունենք տարբեր ծրագրեր»։
https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/518178562227175
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ