Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Պատերազմական վիճակի թելադրանքով». ilur.am

Ապրիլ 07,2020 22:05

ilur.am. Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ։

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեեւ ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի կարեւոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։

Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության։

Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետեւյալ անհրաժեշտ քայլերը.

  1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին եւ խստորեն կատարել նրանց հանձնարարականները։
  2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։
  3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու եւ նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։
  4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։
  5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին եւ իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։
  6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը եւ այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը։

Վերջում թերեւս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլեւ իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մտաւորականօրէն յետամնաց, հոգեբանօրէն թերաճ, տարրական աշխարահայեացքէ զուրկ, նեղմիտ ու նեղսիրտ, իր կոյրերու արքայութեան մէ՛ջ իսկ՝ գահի անընդունակ, երէկ մէկ այսօր հազիւ մէկ ու կէս, խորհրդային աղբին մէջ զօրով ծննդաբերուած կեղծ ժողովրդավարութեան վիժուկ, շեղած համայնավարութեան անբուժելի թափթփուք, նախնական, կոշտ, անտաշ եւ անկիրթ, հոգիով ներքինի, մտքով թզուկ, ուժի ծարաւ եւ կաթիլ մը ուժով արդէն գինովցող, եսակեդրոն եւ ինքնամոլ, խորապէս անատակ, մէկ խօսքով՝ Լ.Տ-Պ. անկարող է եւ անարժան ստանձնելու Հայաստանի նախագահի տիտղոսն ու պաշտօնը:

    Հոն ուր ոմանք տեսան հմայք եւ քաշողականութիւն, կային միայն բթութիւն եւ թանձրամտութիւն։ Հոն ուր ոմանք կարծեցին տեսնել…………………

    Լրիւ – ստրորագրուած- յօդուածը –
    որի ներքեւում նաեւ՝ յարակից յօդուածների յղումներ -՝
    https://haytougchamlian.blog/աքսորուած-ազատութիւնը-1992/

  2. Delea says:

    ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ
    Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը երբ արքաները իրենց անձի համար զոհաբերել է հարյուր հազարավոր մարդկանց կամ ամբողջ երկրներ:Ընդ որում հաճախ զոհաբերել են ոչ թե օտար ժողովուրդ ու օտար երկիր այլ սեփական ժողովրդն ու հայրենի երկիրն:

    Հազվադեպ կարելի է հանդիպել հակառակը երբ արքան զոհաբերում է ինքն իրեն:Հայոց պատմության մեջ այսպիսի բացառիկ տիրակալ է եղել Արտավազդ 2-րդը:
    Արտավազդ 2-րդից մինչեվ այսօր Հայ ազգի ղեկավարները միշտ էլ զոհաբերել են սեփական ժողովրդին: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նվիրեց «փողի դիմաց» Ալիեվին մոտ 800 հա հայկական տարածք:Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր: Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ: Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր:Որից հարյուր զոհը եղել ՀՀ զինված ուժեից իսկ մնացածը ԱՀ բանակից ու խաղաղ բնակչությունից:Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական կողմի կորուստների մասին շրջանառվում են մինչև 1000 սպանված և շուրջ 2000 վիրավոր:
    2008 թ.Մարտի 1-ին ԼՏՊ-ի եվ Նիկոլ Փաշինյանի միասնական դաշինքի պատճառով(հրահրողները նրանք էին) ունեցանք 10 զոհ եվ որպես պարգեվատրում «Սորոսի» օգնությամբ եվ պոպուլիստների աջակցությամբ «ՆԻԿՈԼՆ» դարձավ վարչապետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930