Երկու օր է կառավարության ներկայացուցիչները, իրենց խոսքերով ասած՝ լավ լուր են հաղորդում կորոնավիրուսի վարակի դեպքերի մասին: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ապրիլի 5-ին ունեցել ենք թեստավորման 263 դեպք, որոնցից դրական է եղել միայն 11-ը. «Սա լավ լուր է այսօրվա համար, բայց արդյոք այս դինամիկան մենք կունենա՞նք վաղը, մյուս օրը։ Եթե այս դինամիկան լինի, կնշանակի, որ մենք համաճարակի ողնաշարը ջարդել ենք»։
Այսօր վարչապետի հայտնած լուրը եւս դրական էր. «Կորոնավիրուսի դեպքերի աճը չնչին նվազել է: Այսօր այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ կորոնավիրուսով վարակվածության 20 նոր դեպք է հաստատվել, ինչը նախորդ օրվա համեմատությամբ 9-ով ավելի է: Փաշինյանի խոսքով, բայց թեստավորման քանակն ավելի քիչ է եղել՝ 211 թեստ:
Արդյոք Նիկոլ Փաշինյանի ներկայացրած այս երկու օրվա ցուցանիշով հնարավո՞ր է պարզել՝ համաճարակի ողնաշարը ջարդել ենք, թե՝ ոչ:
Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ վարչապետի խոսքը շատ զգուշավոր էր, նա չի ասում, որ երկու օրվա տվյալների վրա հիմնվելով կարող ենք եզրակացնել, որ համաճարակային գործընթացը արագ նվազման միտում ունի. «Դրանք երկու օրերի ընթացքում արված թեստավորման հաստատված դեպքերն են, եւ դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեցել են շփում ներկա հիվանդների հետ: Այսինքն, թեստավորման ծավալը դեռ բավարար չէ, եզրահանգում անելու: Եթե թեստավորման մեծ թվեր լինեին՝ կարող էինք»:
Կարդացեք նաև
Մկրտչյանի կարծիքով՝ այն, որ որոշակի միտում կա թեստավորման միջոցով դեպքերի դրական ակնկալիք ունենալը՝ ակներեւ է, բայց առաջիկայում դինամիկայի շատ ուշադիր դիտարկման անհրաժեշտություն կա. «Վարչապետն էլ այդպես նշեց, որ թեստավորման կորերի նկատմամբ պետք է ուշադիր լինեք: Հայտնաբերված նվազ դեպքերով վաղ է որոշումներ կայացնել: Հուսով եմ, առաջիկա տաս օրվա դինամիկան հնարավորություն կտա որոշ գնահատականներ տալ՝ որոշումներ կայացնելու համար»:
Նախկին նախարարը մի քանի առաջարկություն արեց կառավարությանը.«Հուսամ որոշումներ կայացնելուց հետո աշխատանքի անցնելու գործընթացը փուլային կլինի: Եթե նույնիսկ տեսնենք, որ իրավիճակը մեղմվում է, սահմանափակումներ աստիճանական վերացնենք եւ աշխատավայր գնալու, աշխատանքները վերսկսելու գործընթացը ոլորտային լինի: Օրինակ՝ սպասարկման ոլորտը, ծառայությունների ոլորտ, կամ օրինակ՝ գեղեցկության սրահները, եթե վերսկսեն աշխատանքները, աշխատակիցները թեստավորում անցնեն, ստուգվեն եւ այսպես փուլ առ փուլ: Գոնե ռափիդ թեստերով ստուգեն»:
Մկրտչյանի մեկ այլ առաջարկ էլ վերաբերում է հանրային իրազեկմանը: Նա նկատեց՝ այս հիվանդությունը ախտահարում է խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց օրգանիզմը, տարեցներին, լավ կլիներ, որ նեղ մասնագետներն ու թերապեւտները փորձեին կոնսուլտացիաներ անել մարդկանց հետ, դա կարող է լինել թե լրատվամիջոցների միջոցով, թե հեռախոսակապի. «Օրինակ՝ էնդոկրինոլոգը, սրտաբանը կամ քիթ-կոկորդի մասնագետները կոնսուլտացիաներ անեին, խոսեին մարդկանց հետ, որպեսզի նրանց հիվանդացության նկատմամբ վերահսկողության խնդիրը լուծվի, եւ որպեսզի օրգանիզմը վիրուսին հանդիպելիս պատրաստ լինի պայքարելու»:
Մկրտչյանը դրական է գնահատում կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարը, ասաց՝ սրանք այն դասական քայլերն են, որոնք կատարվում են օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի դեպքում.«Ամեն ինչ բարձր մակարդակով է արվում, նաեւ կոնտակտավորներին ժամանակին հայտնաբերելու, մեկուսացնելու, օջախների հայտնաբերման քայլերը: Վարակի ներթափանցումը մեր երկիր անխուսափելի էր: Եվ հենց սկզբից այն ինչ ձեռնարկեցին, եղել են համահունչ ստեղծված իրավիճակին, ժամանակին եւ ամբողջական ծավալով: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակը սահման չունի, այն հիմա ողջ աշխարհով է տարածվել: Առաջին դեպքը, երբ արձանագրվեց, կարճ ժամանակ հետո ձեռնարկվեցին միջոցառումները: Ասում էին՝ միանգամից տանեին մեկուսացրածնեին բոլորին: Լավ, ասենք փակեինք ճանապարհները, մեկուսացնեին միանգամից, կլինեն մարդիկ, որ այլ ճանապարհներով կգային, հիմա էլ չորս հազարից ավելի մարդ սպասում է, որ գա ՀՀ: Օդակաթիլային վարակի դեպքում, մանավանդ այս 21-րդ դարի հաղորդակցության հնարավորությունների դեպքում, անհնարին էր խուսափել վարակից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ