Ժահրի տարածման պայմանները ստեղծում են մտորումների ու դրանց թղթին հանձնելու հնարավորություն։ Ուզում եմ անդրադառնալ վերջերս քաղաքապետի արձագանքին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոhրաբյանի գրառմանը, թե քաղաքապետը անհետացել է ու տարեց հայտնի արվեստագետների վիճակով չի հետաքրքրվում։ Ինչո՞ւ եմ սա ուզում մատնանշել՝ երբևէ չունենալով ԲՀԿ-ի հետ որևէ առնչություն։
Ես արդեն չեմ զարմանում, թե ինչպես կարող է երևանցիների կողմից ընտրված քաղաքապետն իր դեմ ուղղված քննադատությանը, (թեկուզ, եթե նույնիսկ այն իր կարծիքով տեղին չի) պատասխանի թե՝ Նաիրյան տականքություն է անում․․․Չեմ զարմանում, քանի որ դրանից առաջ քաղաքապետը իր հրապարակային խոսքում սպառնում էր Իսլամական Պետության վարվելակերպին բնորոշ գործողությունով, թե կոռուպցիոներների գլուխը կկտրի․․․իհարկե սա համահունչ է ու հետևում է հանրաքվեի հնարավոր կեղծարարների «թաթիկներ կտրելու» վարչապետի հավաստիացումներին․․․բայց եկեք կանգ առնենք, այլապես շատ կգնանք ետ ու կվերհիշենք նմանատիպ «խրոխտ» արտահայտություններ ․․․
Միայն ասենք, որ իշխանության բարձր օղակներում գտնվող անձանց համար այսպիսի արտահայտությունները ոչ միայն, ինչպես ասում են «պատիվ չեն բերում» և դատարկաբանություններ են, այլև ուղղակի անթույլատրելիորեն խորացնում են հասարակության մեջ գտնվող տարբեր շերտերի մեջ հակասությունները, ատելություն ու լարվածություն սերմանում ամենուր․․․Ներկայիս իշխանությունը դրանով ցուցաբերում է կարճամտություն, քանի որ մոռանում է անկախ Հայաստանի անցյալի «մեր դեմ խաղ չկա», «ո՞վ է այն տղամարդը», «ինչքան ուզես էնքան կխփեմ» տղայական (գավառական) դիրքորոշումների հետևանքներն ու արդյունքում ներկայումս դրանց մերժված լինելու փաստը։
Ավելին՝ արտահայտությունների այդ բնույթը ուղղակիորեն հակասում է իշխանության ընդունած օրինագծին, որով նա «քրեական ենթամշակույթը» վերացնելու ցանկություն է արտահայտում։ Որպես օրինակ ուզում եմ մատնանշել վերջերս առողջապահության նախարարի, իսկ դրանից առաջ իշխանությանը կրծքով պաշտպանող ԱԺ «անկախ» պատգամավորի այն հայտարարությունները, որոնք արվեցին նրանց դատարանում պարտությունից և ներողություն խնդրելու դատական որոշումից հետո այն «երկաթյա տրամաբանությամբ», թե ներկայիս դատարանը չի արտահայտում «ժողովրդի» կամքն ու հետևաբար հրաժարվում են կատարել դատարանի որոշումը․․․սա «քրեական ենթամշակույթի» քարոզի դասական օրինակ է անարխիզմի խիստ ընդգծված տարրերով։ Կուզենայի տեսնել սույն այրերի պաթոսը, երբ քաղաքացիներից կամ ընդդիմությունից որևէ մեկը համարձակվեր չկատարել դատարանի որոշումը կամ անտեսեր օրենքը, որն, ի դեպ, այս բարձր պաշտոնյաների ցուցաբերած «անկոտրում» վարքագծից հետո կարող է վերածվել սովորական առօրյայի նաև քաղաքացիների շրջանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ պետականության հիմքերի քայքայման փորձ։ Նույն նախարարը այժմ հորդորում է քաղաքացիներին կատարել պարետի որոշումները ժահրը չտարածելու նպատակով․․․
Հիմա անդրադառնանք ընդդիմադիր ուժերի քննադատությունների որակին ու դրանցից շատ հատկանշանական՝ այս օրերին կարդում ենք Քաղավիացիայի ղեկավարի՝ Տաթևիկ Ռևազյանի դեմ ֆեյսբուքյան այսպես կոչված «քննադատությունները»։ Միանգամից ասեմ, որ բացի կեղտոտ բանսարկություններից ու ստից ես չեմ տեսնում քննադատություն։ Պարբերաբար նրա հասցեին «արտանետվում են» այսպիսի թունավորումներ։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կազմակերպում դա, բայց այն որ այդպիսով արժեզրկվում է իսկական քննադատական խոսքը՝ պարզից պարզ է։ Պարզ է, որ քննադատությունը, ըստ էության չէ, բացահայտ կանխակալ է, ստի տարրերով լի ու բանսարկության նպատակով, արժեզրկվում է ու եթե նույնիսկ կարճաժամկետ առումով վնասում է տվյալ պաշտոնյայի արժանապատվությունը՝ իրականում խաղում է տվյալ դեպքում նրա օգտին։ Կամ՝ իշխանությունների մեկ այլ քննադատ հայտարարում է որ Տաթևիկը հայրենիք չունի՝ ակնարկելով այն փաստը, որ նա Դանիայում է, իմիջիայլոց իր ընտանիքի հետ։ Սա նույնպես կեղտոտ գավառական բամբասանք է, անձնականի մեջ քիթը խոթելու հիմքով։
Վերջապես վերջին տարիների ՀՀ ձեռքբերումներից մեկն էլ հենց Եվրոպա ցածր արժեքով թռնելու հնարավորությունն է, որին պաշտոնյան հասավ իր հետևողական աշխատանքի շնորհիվ։ Պատկերացնում եմ ինչի կհասնեինք այլ պաշտոնյաների նույնպիսի հետևողականություն ցուցաբերելու դեպքում։
Մեկ այլ օրինակ՝ նախկին ավագանու անդամ «սուր քննադատը» հայտարարում է, որ Քաշաթաղում իշխանություններն ուսուցիչներին բարձր աշխատավարձ են վճարում, որպեսզի աշակերտների մեջ քարոզեն ադրբեջանամետ վարք ու պահվածք, ու միաժամանակ որևէ փաստ չի ներկայացնում՝ այն ոչ միայն արժեզրկում է քննադատությունը առ իշխանություններ, այլև ավելի ամրապնդում է վերջիններիս դիրքերը։ Նույնը կարելի է ասել սև հագուստ կրող խմբի կողմից քննադատության մասին, երբ ՀՀ վարչապետի հասցեին ուղղված հայհոյախառն արտահայտություններից ու զրպարտանքից բացի քիչ բովանդակություն են ներառում․․․
Հայերս ունենք Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի փայլուն օրինակը․․․այն խոսքի արժեզրկման դասական դեպք է, երբ սուտասանի ասածները այլևս արժեզրկվում են ու նա կորցնում է վստահությունն այնպես, որ արհամարհված լինելով՝ ոչ ոք չի հավատում և հասնում նրա օգնության կանչին։
Այսինքն` ստացվում է, որ «քննադատությունը», որի թիրախում են իշխանությունները, արժեզրկում է քննադատողին ու ինքնին քննադատությունը միաժամանակ ավելի նպաստավոր դիրքերում դնելով թիրախին՝ տվյալ դեպքում իշխանություններին։
Միաժամանակ չեմ կարող չնշել ԱԺ պատգամավորների կեցվածքը ցանկացած քննադատության առիթով, երբ իշխանական պատգամավորները փրփրած պաշտպանվում են՝ անցնելով անձնականին ու վիրավորելով քննադատողներին, «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք, ինչ կուզենք կանենք» նշանաբանով․․․սա կենդանական աշխարհի օրենքի կիրառումն է ԱԺ ամբիոնից․․․
Այս իրավիճակն, իհարկե, փոխանցվում է նույնությամբ «հասարակ մահկանացուներիս» մեջ, որն անսպասելի չէ, քանի որ կառավարման շրջանակների վարքագիծը համարյա նույնությամբ սովորաբար փոխանցվում է «ներքև» բոլոր երկրներում․․․Բայց ցավալիորեն քաղաքական (կամ ինչպես նախկինում էր ասվում թայֆայական) շահերը գերակայում են պետության ու ազգայինի նկատմամբ։
Այսպես` նկատում ենք ԱԺ-ի իրավիճակի «հարթ անցումը» ֆեյսբուքյան հարթակ՝ գրառումների հայհոյախառն արտահայտություններով ի պաշտպանություն իշխանությունների, ընդ որում շատ հետաքրքիր մի դիտարկում՝ դրանք հիմնականում լատինատառ կամ ռուսատառ են, և,իմիջիայլոց, որի ահագնացող չափերը պետք է հետաքրքրեր ԿԳՄՍ նախարարին կամ նույնիսկ վարչապետին։ Իհարկե, իշխանության «պաշտպանների» հիմնավորումը հիմնականում «ճիշտ են անում՝ քիչ են անում, աչքդ էլ հանում են» հիմնավորումն է, բայց դա մեղմ դեպքերում, երբ խոսքը զերծ է կեղտոտ հայհոյանքից ու վիրավորանքից։
Այսպիսով` ստացվում է, որ իշխանության մեջ գտնվողներն իրենց անխոհեմ «աքլորական» պահվածքով, բառ ու բանով քայքայում են իրենց իսկ հիմքերը, իրականում կտրելով այն ճյուղը, որի վրա նստած են չնայած նրանց նպատակները պետք է լինեին՝ նպաստել իշխանության վարկանիշի աճմանը, սերմանել միասնություն ու ամրապնդել պետականության հիմքերը։
Մյուս կողմից իշխանության քննադատներից շատերը իրենց անհիմն ու բանսարկու «սուր խոսքերով» ամրապնդում են այն իշխանություններին, որոնք գտնվում են իրենց իսկ քննադատության թիրախում։ Ստացվում է շատ մեծ պարադոքս․․․
Թե ինչու է առաջացել այս իրավիճակն ու որն է պատճառը՝ առանձին թեմա է, որը կարծում եմ կարելի է առաջադրել հայ հասարակության տարբեր շերտերի քննարկման համար։ Միայն կուզենայի նշել, որ այս երկու ճակատներն էլ արժանի են միմյանց ու երկուսի վարքագծերն էլ ի վերջո քայքայում են մեր պետականության հիմքերը։
Մայիս ՎԱՆՈՅԱՆ