Լրահոս
Օրվա լրահոսը

Ականջալուր կլինի՞ Պուտինը Փաշինյանի հորդորին. գազի թանկացման հավանականությունը հայկական կողմի համար անակնկալ չէր

Ապրիլ 07,2020 20:52

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ:

Մինչ այդ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում, մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր: Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»:

Գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին խոսել էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առայժմ  ձեռնպահ մնալով նոր բանակցությունների ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձր լինելու հարցը քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանը վարում է մեկ տարուց ավել: 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:

Երբ 2019 թվականին սահմանին վաճառվող գազի գինը թանկացավ, Հայաստանի կառավարության անդամները հայտարարեցին, որ ներքին սպառողի համար գազի գինը չի բարձրանա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: 2019-ի ընթացքում սպառողի համար գնի փոփոխություն չեղավ: ՀՀ կառավարության անդամները հայտարարում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» ներքին խնայողությունների հաշվին է, որ գազի սակագինը չի թանկանում:

Երեկ, ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս գազի թնջուկին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հարցը նույնպես քննարկել ենք Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ ես ասել եմ՝ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և հումանիտար առումով, և տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի, և Ռուսաստանի նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Որովհետև, իսկապես, այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության կողմից և կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ կարելի է այդպիսի որոշում կայացնել»,- ասել է վարչապետը:

Ականջալուր կլինի՞ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հորդորին եւ կմիջամտի՞, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակում ռազմավարական գործընկեր-երկիրը հավելյալ խնդիրների առջեւ չկանգնի`ժամանակը ցույց կտա: Միայն արձանագրենք, որ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվություններում նախընտրությունները տարբերվում են: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորաբար ասվում է . «Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է»:  Ռուսական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ գազի գնի շուրջ խոսակցության մասին հիշատակում չկա:

Փաստենք միայն, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից գազի գնի թանկացման հայտ ներկայացնելու հնարավորությունը հայկական կողմի համար անսպասելի չէր:   Դեռ 2020 թվականի հունվարի 16-ին տված հարցազրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիան» հայտ ներկայացնի: Իսկ երկու օր անց արդեն պարոն Բաղրամյանը խոսել էր հայտի ներկայացման հնարավոր ժամկետների մասին`ապրիլից հետո:

Իսկ 2019-ի հոկտեմբերի 2-ին, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել էր, որ սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն իսկ առաջարկվել է գազի գինը Հայաստանի համար սահմանին 1000 խմ–ի համար հասցնել մինչև 200-205 դոլար եւ բանակցությունների սեղանին հենց այս գինն է դրված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930