Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս կապակցությամբ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հանդիպեցին լրագրողների հետ։
Պետնախարարը հայտնեց, որ քաղաքացին Քաշաթաղ շրջանի Միրիկ գյուղ էր եկել մարտի 30-ին Արտաշատից։ Եվ երբ տեղեկություն էր ստացվել, որ Արտաշատում ապրող իր ընտանիքի անդամների մոտ կա վարակի կասկած, առողջապահության նախարարությունը ապրիլի 2-ին մեկուսացրել էր նրան Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում։ Քաղաքացին ախտանիշներ չի ունեցել, իսկ երբ հաստատվել է իր ընտանիքի իր ընտանիքի անդամների վարակվածության դեպքը, նրան թեստավորել են։ Քաղաքացին տեղափոխվել է Երևան, որտեղ և բուժում կստանա։
«Նախապես հայտնի է եղել այդ անձի հետ շփում ունեցող անձանց շրջանակը, մոտավորապես՝ 17 հոգի։ Տվյալ անձինք զգուշացվել են ինքնամեկուսացման վերաբերյալ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ապրում է փոքր գյուղում, ու ռիսկի նվազեցման նկատառումից ելնելով, մենք որոշում ենք կայացրել ընդհանրապես այդ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ, որպեսզի էլ ավելի վստահ լինենք, որ դրանով իսկ մենք կկարողանանք սահմանափակել այդ վարակի տարածումը»,- ասաց Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ այս պահին հստակեցվում է քաղաքացու շփումների շրջանակը։ Նա ընդգծեց, որ որոշում է կայացվել մեկուսացնել Միրիկ գյուղի բնակիչներին։ Նրանք կապահովվեն բոլոր կենցաղային պայմաններով՝ կմատակարարվեն սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Իսկ չորեքշաբթի օրը բնակավայրը կախտահանվի, իսկ բնակիչներին կտրամադրվեն անհրաժեշտ սանիտարահիգենիկ միջոցները։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/160367935201472
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ