Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին Շիրակի մարզից բուժվում են կորոնավիրուսով վարակված 10 հիվանդ։ Նա նաև ասաց, որ կան բուժվածներ, նրանք թվով երեքն են, որոնցից մեկը Շիրակի մարզից է։
«Ցավոք, մեր Մարալիկի բնակիչը երեկ մահացավ Երևանում այդ հիվանդությունից։ Կարևոր է, որ Գյումրու ինֆեկցիոնից մենք արդեն ունենք ապաքինված, դուրս գրված մարդիկ․ մեր մարզի բնակիչներից մեկը երեկ բուժված դուրս գրվեց՝ լրիվ դրական թեստերով»,-ասաց մարզպետը։
Մեր հարցին, թե Մարալիկում արձանագրված դեպքից հետո կա՞ն կասկածելի օջախներ Անիի տարածաշրջանում, Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Կոնտակտավորների շրջանակը ֆիքսվել է, կոնտակտավորների մի մասն այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է, իսկ մի մասն էլ Հայաստանի այլ հաստատություններում են, գտնվում են մեկուսացման մեջ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ