Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները:
Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ շահագրգիռ գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիոն կարգի հաստատման աշխատանքները, որպեսզի շահառուները կարողանան հնարավորինս շուտ օգտվել այդ օժանդակությունից:
Հաջորդիվ քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած՝ տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերին օժանդակելու առաջարկները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, պետություն-մասնավոր գործընկերության (PPP) սկզբունքի ներքո նպատակային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, չափանիշներին, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմին առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք գաղափարներ:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին քննարկման արդյունքներով ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ՝ ոլորտների, չափորոշիչների և սահմանափակումների հստակ սահմանմամբ:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ