Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օրս թոշակառուների թոշակը բարձրացրել են 3000 դրամով, այնինչ կարելի էր 7000 դրամով բարձրացնել». Արսեն Բաբայան

Ապրիլ 07,2020 18:55

«Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե որքանով են արդյունավետ պարգեւատրումները, հնչեցրեց թիվ՝ մեկ միլիարդ դրամ: Իհարկե, նշեց, որ դա միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է վերաբերում, բայց իմ գնահատմամբ՝ դա մանիպուլյացիա էր՝ ցույց տալու համար, որ տարեկան պարգեւատրումները ընդամենը մեկ միլիարդ դրամ են, մինչդեռ պարգեւատրման ամբողջ ֆոնդը 25 միլիարդ դրամ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

Չնայած այն փաստին, որ նշյալի առնչությամբ վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց այսօր, մեր զրուցակիցը նշեց. «Ես էլ եմ նույնն ասում՝ դա ամբողջ պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգեւատրման ֆոնդն է: Բայց հանրության այն մասի համար, որը չգիտի կոնկրետ տվյալներ եւ տեղեկություններ, հրամցվում է մեկ միլիարդ թիվը: Դրա համար հանրության զգալի մասի գիտակցությունում արմատավորվեց, թե պարգեւատրումների ողջ ֆոնդն ընդամենը մեկ միլիարդ դրամ է կազմում: Իմ գնահատմամբ՝ «բարձրաստիճան պաշտոնյաներ» ասելով՝ հնարք են կիրառում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե պարզապես մեկ միլիարդ դրամի պարգեւատրման ֆոնդի մասին է խոսքը»:

Արսեն Բաբայանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի բացատրությանն այն մասին, որ պարգեւատրման ֆոնդի գումարը թոշակառուներին տրամադրելու արդյունքում ամսական թոշակն ընդամենը 1000 դրամից ավելի գումարով է ավելանալու, Արսեն Բաբայանը նկատեց. «Հաշվարկն ասեմ: 25 միլիարդի դեպքում թոշակառուի թոշակը ամսվա համար կավելանա 4000 դրամից ավելիի չափով: Մինչ օրս իրենք թոշակառուների թոշակը բարձրացրել են 3000 դրամով, այնինչ կարելի էր 7000 դրամով բարձրացնել: Ամենեւին նկատի չունեմ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձ չպետք է լինի: Ոչ, պետք է լինի: Բայց պարգեւատրման հնարքն ինքնին հակաօրինական է, որովհետեւ «ամենամսյա պարգեւատրում» հասկացությունն օրենսդրական առումով անհեթեթություն է, որովհետեւ ամենամսյա պարտադիր պարգեւատրում բոլորի համար չի կարող լինել: «Պարգեւատրում» բառից բխում է, որ այն հատուկ միջոց է, օրինակ՝ գերազանց կամ տարբերվող աշխատանքի համար: Ավտոմատ կերպով ամեն մեկին տալն ու անունը պարգեւատրում դնելն օրենքի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք է»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ պաշտոնյաները պետք է լավ վարձատրվեն, որպեսզի զերծ մնան կոռուպցիայից, Արսեն Բաբայանը շեշտեց. «Նախ, որպեսզի պետական համակարգի պաշտոնյան բարձր վարձատրվի, որեւէ բան պետք է փոխած լինի հանրության համար: Այսինքն, պետք է ապահովի գոնե աղքատության զգալի մասի վերացում, որպեսզի աշխատանքը գնահատելի լինի, վարձատրությունն էլ՝ ավելի բարձր: Բայց ասել, թե «եկեք մեզ շատ փող տանք, որ հանրության համար լավ լինի», տրամաբանական չէ: Բացի այդ, անհեթեթ են խոսակցությունները, թե բարձր աշխատավարձ ստացողը զերծ է կոռուպցիայից: Չմոռանանք, որ պարգեւատրման համակարգն ինքնին կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Չի կարելի պարգեւատրում, պետք է լինի բարձր աշխատավարձ: Ինչո՞ւ չեն հրաժարվում անօրինական ձեւից՝ պարգեւատրումից, որովհետեւ պարգեւատրման ժամանակ ղեկավարը ցանկացած ժամանակ կարող է որոշում ընդունել՝ աշխատողին տա՞լ այն, թե ոչ, մյուսին տա՞լ, թե ոչ: Իսկ երբ բոլորը ստանում են բարձր աշխատավարձ, իրենք գիտեն, որ ստանում են: Իսկ պարգեւատրումը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, որովհետեւ մեկ անձ է որոշում, թե ով ստանա այն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930