Լրահոս
Օրվա լրահոսը

«Վագներ» տեռորիստական խմբի մասին գիտե՞ք. ըստ երեւույթին, մեր օդաչուները նրանց զենքն են տեղափոխել». Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար

Ապրիլ 07,2020 18:14

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձել էր նաեւ տեղեկություններին, թե միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Սա պարզաբանել էր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ասելով, որ խոսքը միայն երկու տեղական ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու արգելքի կիրառման մասին է:

Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի տնօրենին ուղարկած նամակը։ Ստորև ներկայացնում ենք որոշ թարգմանված հատվածներ։ Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին (ՀՀ-ում օդանավ շահագործողներին-հեղ․) և օդանավերին՝ միջազգային ստանդարտարտներին համապատասխան։

Փաշինյանը նշել էր, որ Հայաստանյան գրանցումով ինքնաթիռները աֆրիկյան երկրներում զենքի ապօրինի վաճառք են արել, եւ կոմիտեի նախկին պաշտոնյաները սա թաքցրել են կառավարությունից եւ Տաթեւիկ Ռեւազյանից, հարուցվել են քրեական գործեր: Այս հայտարարության հետքերով Aravot.am-ը զրուցել է 1993-96թթ. Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, ասվածի վերաբերյալ ձեզ որեւէ տեղեկություն հայտնի՞ է:

-Մի դեպք գիտեմ փաստացի՝ Գվինեայում մեր օդաչուների ձերբակալումը: Ես հիմա փաստեր չունեմ ձեռքիս տակ, բայց կասկածներ ունեմ, որ նման գործունեությամբ զբաղվել են այդ թղթի վրա գրանցված  ընկերությունները:

-Ո՞ր տարիներին գրանցված դեպքի եւ քանի՞ ավիաընկերության մասին է խոսքը:

-Դա սկսվել է «Հայկական ավիաուղիների» վերացումից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վերացրեց «Հայկական ավիաուղիներ»-ը, մեր փոխադրողներին: Դրանից հետո մեր օդաչուները հայտնվեցին շատ ծանր վիճակում՝ աշխատանք չունենալու պատճառով: Քանի որ ռուսական տարբեր ուսումնական հաստատություններում ունեին իրենց տարբեր շրջանակները, ծանոթ էին այդ մարդկանց հետ… իսկ ռուսները նման գործողություններով հայտնի էին՝ զենքի, թմրանյութերի տեղափոխման, եւ մեր օդաչուները գնացին նման ապօրինի գործարքների, որպեսզի ինչ-որ կերպ իրենց աշխատանքով եւ կենցաղով ապահովեին: Օդաչուները մեղք չունեն, մեղավոր են նրանք, ովքեր կազմակերպել են նման բաներ:

«Վագներ» խմբավորման մասին գիտե՞ք: Լիբիայում, Սիրիայում, Կոնգոյում գործողություններ էին անում… դա ռուսական տեռորիստական հայտնի խումբ է, որն օգտագործվել է նման բաների համար: Ըստ երեւույթին, նրանց զենքն ու զինամթերքն են տեղափոխել մեր օդաչուները, ինչի համար մեր հանդեպ նման խիստ վերաբերմունք կա, համենայն դեպս՝ Եվրոպայի կողմից:

-Կմանրամասնե՞ք, թե ինչ եղավ Գվինեայում ձերբակալված հայ օդաչուների ճակատագիրը:

-Երկու տարի անց նրանց ազատ արձակեցին, կարծեմ՝ չորս հոգի էին, բայց, կարծեմ, Մարգարետ Թեթչերի տղան էլ կար:

-Նրանց թվո՞ւմ:

-Ոչ, նա կազմակերպիչներից էր: Այսինքն, զենք են տեղափոխել Հարավաֆրիկյան հանրապետությունից դեպի Գվինեա, որպեսզի այնտեղ իբրեւ թե հեղաշրջում իրականացնեն: Նման պատմություն է եղել: 2003, թե 2004 թվականն էր, երբ ինձ որոշ օդաչուներ մոտեցան՝ ասելով «կարո՞ղ եք մեզ այս հարցում ինչ-որ աջակցություն ցուցաբերել»…Դիմեցին, քանի որ գերությունից մարդկանց հետ բերելու փորձ ունեի: Մասնավորապես, երբ ժամանակին ռուս օդաչուները վառելիքի սակավության պատճառով ռազմական օդանավով բեռներ էին տեղափոխում Երեւանից Աշխաբադ, ճանապարհին վառելիքը վերջացել էր, իջել էին Բաքու: Դա 95թ.-ին էր, երբ կարողացանք 18 ժամում մեր գործընկեր օդաչուներին վերադարձնել Բաքվից: Այդ հարցում ամենամեծ դերն ունեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա է անձամբ զանգել Հեյդար Ալիեւին եւ ասել, որ եթե մեր աշխատակիցներին բաց չթողնեն, դա կգնահատվի որպես պատերազմական գործողություն՝ պատանդ վերցնելու դրվագով: Հեյդար Ալիեւն անմիջապես ազատ է արձակել նրանց, ուստի իմ կատարած մեծ աշխատանքը գործառույթային էր, դիվանագիտական աշխատանքն արել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այդ ժամանակ, իմիջիայլոց, Լոնդոնում էր: Ուզեցի պարզապես հիշեցնել, թե ինչ մեծ գործ է նա արել նաեւ այդ իրավիճակում:

-Շարունակեք, խնդրեմ, ի՞նչ եղավ, երբ 2000-ականներին օդաչուները դիմեցին ձեզ:

-Երբ փորձեցի զբաղվել, ԱԱԾ-ից ինձ մոտեցան եւ տեղեկացրին, որ հանկարծ քիթս չմտցնեմ այդ գործերի մեջ, որովհետեւ վտանգավոր քրեական գործեր են, իրենք զբաղվում են: Որքան գիտեմ՝ հետո կաշառք են տարել-տվել Գվինեայի նախագահին, որը ներում է շնորհել օդաչուներին, նրանք էլ վերադարձել են՝ 2,5 տարի նստելուց հետո: Այնտեղի բանտային վիճակը պատկերացնում եք…

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Հ. Գ. Կատարվածի վերաբերյալ այլ վարկած է ներկայացրել քաղաքագետ Արմեն Մինասյանը, որն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Իրականությունն այն է, որ 2019-ի նոյեմբերին Բրյուսելում կայացել է հանդիպում, որին Տաթևիկ Ռևազյանը պետք է մասնակցեր «Տարոն ավիա»-ի հետ։ Սակայն նա մեկնել է Բրյուսել ու հայտնել, որ «Տարոն ավիան» չի եկել, որովհետև ինքը զրկել է նրանց օդանավ շահագործելու արտոնագրից։ (Այսինքն՝ ՔԱԿ-ում խնդիրը լավ էլ իմացել են, ուղղակի փորձել են հարցը լուծել գեղական կարգով՝ չկա «Տարոն ավիա», չկա խնդիր ֆորմուլայով։)

Չի ստացվել։ Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին դեղին քարտ են ստացել։

Փետրվարին լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կայանային։ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը դասեր չքաղելով առաջին բացթողումից, փետրվարի 1-ին օդանավ շահագործողի արտոնագրից զրկել է Աֆրիկայում աշխատող մեկ այլ ավիաընկերության՝ «Մարս ավիա»-ին։ Բայց ինչպես հասկանում ենք, այս դեպքում ևս չի աշխատել, ու մենք կարմիր քարտ ենք ստացել։

Ես ներկա չեմ եղել քննարկումներին, բայց ենթադրում եմ, որ եվրոպացիները ասած կլինեն՝ ժողովուրդ ջան, խնդիրը Աֆրիկայում աշխատելը չի, խնդիրն այն է, որ դուք ի վիճակի չեք հսկել ձեր ավիաընկերությունների պարկում եղած օդանավերի անվտանգությունը, կարողություն չունեք։

Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք»:

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930