Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիսկային գոտում ենք, բուժքույրերին անգամ ինֆեկցիոն են տարել․ իսկ համայնքապետը ինքն իրեն կլուսանկարե»․ ահազանգ՝ Մարալիկից

Ապրիլ 07,2020 18:00

Aravot.am-ն ահազանգ է ստացել Մարալիկի բնակիչներից, որ չնայած իրենց քաղաքում արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսով վարակի դեպք՝ 68-ամյա տղամարդը մահացավ, կան մեկուսացածներ, անգամ Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողներից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածներ կան, այդուհանդերձ Անի խոշորացված համայնքի համայնքապետ Արտակ Գևորգյանը համայնքում ախտահանման նորմալ աշխատանքներ չի իրականացնում։ Ըստ մեզ ահազանգողների, Արտակ Գևորգյանը լուսանկարներ է գցում, որ համայնքը ախտահանում է, մինչդեռ բազմաբնակարան շենքերի մուտքերում բացարձակապես աշխատանքներ չեն տարվում։ Ավելին, ահազանգողները կասկածներ ունեն, որ փողոցներում էլ քլոր չի լցվում ջրի հետ։

«Շենքերի մուտքերում ախտահանում չկա, իսկ փողոցների պահով կասեմ, որ շատ մեծ հարցական է՝ ցանվող ջրի մեջ քլոր կա՞, թե ՞չկա։ Համոզված եմ, որ ջուր է, որովհետև քլորից ու ժավելից հաստատ հոտ կգա։ Աղբահանության վիճակն էլ ահավոր է, մի անգամ էլ տուգանել են, տեսչական մարմնին ենք ուղարկել լուսանկարները, տուգանեցին, բայց էլի խելքի չեն գալիս։

Մենք հայտնվել ենք ռիսկային գոտում, կորոնավիրուսից մահացած տղամարդը միգուցե խանութ մտած լինի կամ այլ տեղ, նրա հետ շփվածների շրջանակը կհաջողվի՞ հայտնաբերել, դա շատ մեծ հարցական է: Իհարկե, հնարավոր չէ այդ շրջանակը հայտնաբերել ամբողջությամբ, բայց և այնպես, կանխարգելիչ գործողություններ պարտավոր են անել։  Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողներից էլ կան մարդիկ, որոնց ինֆեկցիոն են տարել, մեկուսացրել են․․․

Երեկ մեքենաները ֆռռացել են, ջուր են ցանել, իրենք էլ հետևից նկարվել են, թե գործ են անում, որպեսզի ներկայացնեն իրենց հավատացող մարդկանց։ Ես այսօր քաղաքում եղել եմ, տարբեր խանութներում եմ եղել, իրենք երաժշտական դպրոցի շենքում աշխատում են (խոսքը համայնքապետարանի աշխատակիցների մասին է, Ա․Ն․), որևէ մեկին այսօր չեմ տեսել, որ ախտահանում կատարի։ ԱԻՆ-ն է ախտահանում արել, բայց համայնքապետի հետ կապ չունի, դա նախարարի հրահանգով է։ Նույնիսկ մեր բնակիչներից մեկն առաջարկել էր, որ համայնքապետարանը քլորի ներարկման սարքեր գնի, բնակիչներն էլ կամավորական խմբեր կազմեն, իրենք իրականացնեն այդ աշխատանքները, բայց հաշվի չառան։ Ժողովուրդը, կարելի է ասել, դրսում քիչ է, պահում է պարետի որոշումը, միայն ակտիվ էին թոշակ-նպաստ տալու օրը: Բայց միայն տանը մնալով չէ, պիտի կարգին ախտահանվի, փոքր քաղաք է, կասկածվողներն էլ կան»,-դժգոհեց մեզ ահազանգողներից մեկը։

Բնակիչներից Դավիթ Մելիքյանն էլ պատմեց, որ օրեր շարունակ քաղաքում ոչինչ չի արվել, երեկ միայն ջրցան մեքենան դուրս էին հանել հրապարակ, ու համայնքապետը դրա ֆոնին նկարվել է։

«Վարորդին ասացի՝ ավտոն գցել եք ձեր դիմաց, հետևից գնում եք, ինչո՞ւ շենքերի շքամուտքերը չեք ախտահանում, պուլվերիզատորի կողքը նկարվում են, իբր գործ են անում։ Կան շենքեր, որտեղից կան մեկուսացածներ, կան նաև կասկածելի մարդիկ, որոնց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տարել, թեստավորել են, բա չախտահանե՞ք։ Համայնքապետը իր փիառով է զբաղվում, աչք է խաբում։ Բնակիչներն իրենց միջոցներով ժավելով ախտահանում են շենքերի մուտքերը։ ԱԻՆ-ի աշխատակիցներն են ախտահանել, առաջին անգամ տեսել եմ, որ հենց ԱԻՆ-ի աշխատակիցներն են անում, բայց դա վերագրել համայնքապետին չի կարելի։

Առաջարկել եմ ներարկման սարք գնեն, մենք որպես կամավոր ինքներս կանենք։ Փիառ, փիառ, գոնե օգուտ տան գործին։ Հորդորում եմ դուրս գալ քաղաքական խամաճիկությունից, թիմ- թիմ խաղալու ժամանակ չէ, իրականում քաղաքն ունի ախտահանման կարիք, թող բարի լինեն պատշաճ իրականացնելու։

Երեկվա հորդորից հետո այսօր մեր շենքի մոտով անցավ ջրցանը, բայց սա պարբերաբար պիտի արվի, մենք ռիսկային գոտում ենք, մեղք կլինենք»,-ասաց Դավիթ Մելիքյանը։

Համայնքապետ Արտակ Գևորգյանը սակայն վստահեցնում է, աշխատանքները նորմալ կատարում են՝ լուսանկարներ ու տեսանյութեր ցույց տալով։ Լուսանկարներ տեղադրվել են նաև Անիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

«Լիարժեք կատարում ենք, բողոքողներն այն տեսակներ են, որոնք ուզում են իրենց սև գործն անել։ Այսօր մահացած մարդու հուղարկավորությունից հետո էլ գերեզմանոց գնացող ճանապարհն ամբողջությամբ լվացվել է։ Երեք խումբ ուղարկվել է բոլոր շենքերը ախտահանման, երեք տարբեր բրիգադներով շենքերի մուտքերով, աստիճաններով ախտահանել են։ Կասկածելի օջախներ ունեցող շենքերի բակերը նորից ախտահանել են, և՛ «Մոնոլիտ» թաղամասն է ուղարկվել, և՛ երկրորդ թաղամասը, կենտրոնը, Ձորակապին հարող թաղամասն է ախտահանվել։

Վաղն էլ կախտահանենք Սառնաղբյուրը, Ձորակապը, Քարաբերդը։ Անի համայնքը միայն Մարալիկը չէ, ի տարբերություն որոշ տեսակների, որոնք չեն հասկանում, Մարալիկի քաղաքապետարան հասկացությունը վաղուց գոյություն չունի»,-ասաց Արտակ Գևորգյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ ախտահանել են նաև կորոնավիրուսից մահացած մարդու շենքի մուտքերը։ Արտակ Գևորգյանը նշեց, որ ախտահանում չեն իրականացրել միայն թաց եղանակներին՝ ձյան ու անձրևի ժամանակ, թեև երեկ՝ անձրևային եղանակին, տեսնելով բնակիչների մոտ առկա խուճապը՝ ախտահանել են փողոցները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Անի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930