Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ը ընկած ժամանակաշրջանում իրականացրել է կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության մամուլի կենտրոնում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտարարեց. «Մեր տեսուչներն այս ընթացքում Երեւան քաղաքում այցելել են մոտ 500, իսկ մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ եւ արտադրություններ, մինչեւ հանրային սննդի օբյեկտների աշխատանքների դադարեցումը, նաեւ՝ հանրային սննդի օբյեկտներ, բաժանել պարետատան եւ առողջապահության նախարարության այն հանձնարարականները, որոնք անհրաժեշտ են համավարակի տարածումը դանդաղեցնելու եւ կանխարգելելու համար»:
Պարոն Ավետիսյանը նաեւ նշեց, որ հանրապետության մարզերում ՏԻՄ եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ շրջայցեր են կատարվում բացօթյա առեւտուրը բացառելու նպատակով, ներկայացրեց այն պատժամիջոցները, որոնք կիրառվել են կանոնները խախտողների նկատմամբ:
Տեսչության պետը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին իր ղեկավարած մարմնում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ առցանց վաճառվող սննդամթերքի գործունեությամբ՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ, պետական վերահսկողության կազմակերպման նպատակով:
Կարդացեք նաև
«Երեկ տեսչական մարմնի Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն այցելել են «Ծովագյուղ» եւ «Գնթունիք» սուպերմարկետները եւ food court-երը եւ պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ: Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է եւ այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում»,-հայտարարեց Գեորգի Ավետիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ