«Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ սոցիալական խարանը բացառելու ուղղությամբ»,- ամրագրված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցում։
Տեղեկացնենք՝ ՀՀ ՄԻՊ-ը Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։
Ըստ զեկույցի՝ հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանությանն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակի մշտադիտարկում է իրականացվել: Արդյունքում փաստաթղթում արձանագրված են մի շարք խնդիրներ: Զեկույցում ամրագրված է. «Համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման և աջակցման այլընտրանքային ծառայությունները հասանելի չեն, և պացիենտները հիմնականում մեկուսանում են ընտանիքից, շրջապատից և հասարակությունից»:
Այս հարցում ինչպես ՄԻՊ-ի 2018-ի, այնպես էլ 2019-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա համայնքահեն ծառայությունների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով իրազեկված չէ: Մինչդեռ ըստ մարդու իրավունքների պաշտպանի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվեն միայն ինստիտուցիոնալացված հոգեբուժական կազմակերպություններով, այլ պետք է հասանելի լինեն այլընտրանքային ծառայություններ, որոնք թույլ կտան անձանց ստանալ համապատասխան օգնություն՝ առանց հասարակությունից մեկուսանալու: Այս առիթով զեկույցում ռազմավարության անհրաժեշտության մասին է խոսվում և քննադատություն հնչում ՀՀ կառավարության հասցեին:
Կարդացեք նաև
Փաստաթղթում նշված է. «Կառավարության կողմից հաստատվել է ապաինստիտուցիոնալացման և համայնքահեն ծառայություններին անցում կատարելու հեռանկարը, բայց տևական ժամանակ է՝ չեն մշակվել ապաինստիտուցիոնալացման կապակցությամբ առանձին ռազմավարական փաստաթղթեր: Նախատեսված չեն ժամկետներ գործնական քայլերին անցում կատարելու տեսանկյունից, ինչը խնդրահարույց է: Արդյունքում, ինստիտուցիոնալացված հոգեբուժական օգնության կապակցությամբ առաջացող խնդիրները մնում են գրեթե անփոփոխ»:
Ըստ զեկույցի՝ հրատապ է նաև հասարակության շրջանում եղած կարծրատիպերը հաղթահարելը և «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ սոցիալական խարանը բացառելը»:
ՄԻՊ զեկույցի՝ այս հարցով ամփոփման հատվածում ամրագրված են մի շարք գործողություններ, որոնք հրատապ են. օրինակ՝ ռազմավարական փաստաթղթերի մշակումը, ներկայումս գործող այլընտրանքային ծառայություններն ընդլայնելը, իրազեկման աշխատանքները, հոգեկան առողջության ոլորտի իրավասու մարմինների աշխատանքը համակարգելը, ապահովելը նրանց միջև փոխկապակցված համագործակցությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ