Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունավետ պայքար ապօրինի ձկնորսության դեմ. Շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել

Ապրիլ 07,2020 17:26

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է  կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։

Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․

1.Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։

2.Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ  է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը

3.Որսն արգելվում է  իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար)

4.Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5.Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով` արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։

Հավելենք նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության  և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության  արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ­պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930