Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 1-ից փորձել եմ մի երկու անգամ հանդիպել, չի ստացվել այդ հանդիպումը». Սամվել Բաբայանին չի հաջողվել հանդիպել Մասիս Մայիլյանի հետ

Ապրիլ 07,2020 17:14

Aravot.am-ի զրուցակիցն է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը

– Պարոն Բաբայան, կուսակցությունը հայտարարություն տարածեց Արցախում մարտի 31-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որտեղ պոստ ֆակտում արձանագրում եք կատարել`քանի որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը փաստացի հրաժարվել է ընտրությունների երկրորդ փուլի մասնակցությունից, այդ պատճառով Ձեր համակիրներին կոչ եք արել ազատ ընտրություն կատարել: Մինչդեռ խոսակցություններ եղան, որ Դուք երկրորդ փուլում չեք սատարելու Մասիս Մայիլյանին, այդ պատճառով է նաեւ նա երկրորդ փուլին մասնակցությունը բոյկոտելու կոչ արել: Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, որ այսպիսի որոշում կայացվեց:

– Անկեղծ ասած, ես չգիտեմ`Դուք որտեղի՞ց վերցրիք, որ Մասիս Մայիլյանը սպասում էր մեր աջակցությանը, որովհետեւ մենք չենք հանդիպել Մասիս Մայիլյանի հետ: Ես ամսի 1-ից փորձել եմ մի երկու անգամ հանդիպել, չի ստացվել այդ հանդիպումը ոչ թե իմ պատճառով, այլ Մասիս Մայիլյանի պատճառով:

– Ինչո՞ւ չի կայացել հանդիպումը: Մասիս Մայիլյանը չի՞ ցանկացել հանդիպել Ձեզ հետ:

– Չգիտեմ: Ես իր փոխարեն չեմ կարող մտածել: Խնդիրը նա է, որ չենք հանդիպել, ոչ թե իմ պատճառով, մեր պատճառով, այլ պատճառը իրենց մոտ է եղել: Բայց թողնենք մի կողմ, չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Այդ ուղղությամբ, ես կասեի մենակ, որ մենք սպասել ենք հանդիպմանը, հանդիպումից հետո, որ պետք է միասին աշխատենք` հետագա քայլերը, բայց առանց մեզ հետ համաձայնեցնելու հայտարարությունը դուրս է եկել: Դրանից հետո այլեւս էլ իմաստ էլ չկա`ոչ հանդիպելու, ոչ էլ խոսելու: Մեզ մնում էր մի քայլ, որ հայտարարեինք, որ մեր ժողովուրդը ինքնուրույն որոշում կայացնի եւ ինքնուրույն իր որոշումը կատարի:

– Պարոն Բաբայան, ճի՞շտ եմ հասկանում, Դուք տրամադրված էիք երկրորդ փուլում Մասիս Մայիլյանին սատարելու, այդ պատճառո՞վ էիք ցանկանում հանդիպել իր հետ եւ քննարկել հետագա անելիքները:

– Ես անկեղծ, այդ պատճառով էի ուզում հանդիպեի, հասկանայինք`ի՞նչ է եղել, թերությունները որտե՞ղ է, ի՞նչ քայլեր ենք անելու: Բայց քանի որ Մասիս Մայիլյանն առանց մեզ որոշում է կայացրել եւ հայտարարել, այլեւս իմաստ չեմ տեսել հանդիպման:

– Պարոն Բաբայան, կմանրամասնե՞ք, Ձեզ ի՞նչ են պատասխանել, երբ որ Դուք հանդիպման առաջարկ եք արել մի քանի անգամ, Ձեզ ի՞նչ են ասել:

– Ոչ մի բան: Ասել են`անպայման կհանդիպեք: Բայց հայտարարությունից հետո այլեւս իմաստ չունի հանդիպելը:

– Դուք կռահո՞ւմ եք, պատճառն ի՞նչ էր, ինչո՞ւ Մասիս Մայիլյանն այդպես վարվեց:

– Մեր թիմի կողմից եւ իմ կողմից անձամբ որեւիցէ թերություն չի եղել, որեւիցէ նեղացվածություն չի եղել, որեւիցէ քայլ չենք արել, որ իրենք մեր հետ չցանկանային հանդիպելու: Ես գտնում եմ, որ պատճառները մեզ հետ չի կապված:

– Իսկ Արայիկ Հարությունյանի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկվե՞լ է, Ձեր կուսակցության ներսում քննարկե՞լ եք այդ տարբերակը: Արայիկ Հարությունյանի հետ կոալիցիա կկազմե՞ք, քանի որ խոսվում է կոալիցիոն կառավարման մասին:

– Խնդիրը նա է, որ Արայիկ Հարությունյանը ստացել է մեծամասնություն`40 եւ ավելի տոկոս, դա իր որոշելիքն է լինելու: Ինքն է կոալիցիա կազմելու: Մենք այդպիսի բանակցություններ չենք վարել: Հարցը նա է, որ նախագահի ընտրությունը դեռեւս չի եղել: Կընտրվի նախագահը`նոր դրա մասին կխոսվի: Մենք բարձրաձայնել ենք բազմիցս, որ կոալիցիա կկազմենք միայն ծրագրերի շուրջ, ոչ թե ուղղակի լավ տղա կամ վատ տղա: Եթե մեր ծրագիրը համահունչ է, իրենց ծրագրի հետ համատեղ նույն ծրագիրը կանենք`այդ ժամանակ կխոսենք: Հիմա վաղ է դրա մասին խոսելը:

– Անդրադառնանք նաեւ խորհրդարանական ընտրություններին: Թեեւ բացատրել եք, թե ինչո՞ւ եք ընդունում ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների արդյունքները, բայց տարակուսանք է առաջացնում նման մոտեցումը: Եթե խնդիրներն արձանագրել եւ ուղարկել եք պատկան մարմիններին եւ դրանք հիմք են ընտրությունները անվավեր հայտարարելու համար, ինչո՞ւ չպահանջել անվավեր հայտարարել ընտրությունները, մանավանդ, հարցազրույցներից մեկում ասել էիք, որ վերահաշվարկի արդյունքում հարաբերակցություն կարող է փոխվել: Մի տեսակ առեւտրի նման է այսպես ստացվում:

– Հարցը հետեւյալն է`մեր կողմից երբ ասվում է մի բան, մենք առեւտուր չենք անում: ԿԸՀ-ին կարող եք հարց ուղղել`մենք համապատասխան թղթեր ներկայացրե՞լ ենք, թե՞ ոչ: Եթե որեւիցե մեկը կասկածում է մեր արտահայտություններին, մենք կարող ենք հրապարակայնացնել այդ ամբողջը:

Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930