Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը և ՏԻՄ-ը կարող են ստեղծել հնարավորություն, որ չդադարեցվեն կառուցապատման աշխատանքները. հայտարարություն

Ապրիլ 07,2020 16:47

ՀՀ Վարչապետ պարոն Ն.Փաշինյանին
ՀՀ Փոխվարչապետ-պարետ պարոն Տ.Ավինյանին
Երևանի քաղաքապետ պարոն Հ.Մարությանին

Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Ռիելթորների գործատուների միությունը և Ճարտարապետների միությունը ըմբռնումով են մոտենում ՀՀ պարետի կողմից կառուցապատման ոլորտի մասով սահմանած սահմանափակումներին, ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունում և Երևանի քաղաքապետարանում աշխատանքների կազմակերպման դանդաղեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակից բխող այլ խնդիրներին։ Այս կապակցությամբ մենք մեր զորակցությունն են հայտնում ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին և ՀՀ պարետին։
Սակայն գտնում ենք, որ անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները վարելով ճկուն քաղաքականություն կարող են ստեղծել հնարավորություն, որ մի կողմից չդադարեցվեն կառուցապատման աշխատանքների տարբեր փուլերը կամ այդ փուլերի մի մասը, ինչպես նաև պահպանվեն համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Նշենք նաև, որ ստեղծված իրավիճակը երկարաձգվելու դեպքում ավելի են խորանալու կառուցապատող ընկերություններում առաջացող ֆինանսական խնդիրները և այն կարող է շղթայական ձևերով ազդել այլ բազմաթիվ ոլորտների վրա /բանկային, հարկային, սոցիալական և այլն/։
Բոլորիս նպատակն է հանդիսանում այն, որ ստեղծված այս իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում ինչպես կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաև կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։ Իհարկե, կրկին շեշտում ենք՝ պահպանելով համավարակի չտարածման սահմանված պահանջները։

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք
1. Հնարավորինս սեղմ ժամկետներում սահմանել կառուցապատման ոլորտին վերաբերող՝ համավարակի չտարածման, սանիտարա-հիգիենիկ, աշխատողների տեղաշարժման և այլ սահմանափակումներ ներառող ժամանակավոր ոլորտային ուղեցույց։ Նման ուղեցույց սահմանելուց հետո թույլատրել իրականացնել դրանից բխող շինարարական աշխատանքները։

2. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված ՃՀԱ տրամադրելու վերաբերյալ դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ՃՀԱ-ները, որը ստեղծված այս վիճակում կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների կտա հետևյալ հնարավորությունները.
• Ճարտարապետները կստանան պատվերներ և կլուծվի ինքնամեկուսացման պայմաններում վերջիններս զբաղվածության հարցը՝ աշխատանքները առցանց կազմակերպելու միջոցով,
• Կատարվող աշխատանքների դիմաց վերջիններս կստանան համապատասխան վարձատրություն, որի արդյունքում հեռահար, տանից աշխատելով կլուծեն իրենց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը,
• Ստեղծված իրավիճակը կայունանալուց հետո կառուցապատողները չեն սպասի առնվազն 3-4 ամիսներ նախագծերի պատրաստման համար, այլ հնարավորություն կունենան միանգամից սկսել իրականացնել շինարարական աշխատանքներ, որի արդյունքում հետճգնաժամային ժամանակահատվածում կլուծվի հազարավոր աշխատատեղերի ապահովման և դրանից բխող սոցիալական ապահովման խնդիրներ։

3. Գրավոր ընթացակարգերով հնարավորինս արագ քննության առնել կառուցապատողների կողմից ներկայացված քանդման կամ շինարարական թույլտվությունների տրամադրման դիմումները, ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանելու դեպքում հաստատել ներկայացված քանդման կամ շինարարական թույլտվությունները, որը ստեղծված այս վիճակում կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողներին հնարավորություն կտա իրականացնել գնման իրավունքների գրանցումը, հասցեների ստացումը, գնումների ընթացակարգերի նախապատրաստումը, բանակցությունների վարումը տարբեր կապալառուների հետ, ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքումը, ինչպես շինարարության իրականացման համար նախապատրաստական այլ աշխատանքները։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 30 խոշոր կառուցապատողների, որոնք ներկայումս ծածկում են կառուցապատման ոլորտի շուրջ 70 տոկոսը։ Ասոցիացիան ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետի կամ այլ լիազոր անձի հետ հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպի հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ինչպես իրավիճակից բխող խնդիրը և ներկայացված առաջարկները, այնպես էլ կառուցապատման ոլորտում առկա այլ համակարգային խնդիրներ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
ՌԻԵԼԹՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել