Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի թեկնածու Քրիստին Բալայանը:
-Տիկին Բալայան, ապրիլի վեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին՝ ասաց՝ «Արցախում հեղափոխություն չի եղել, բայց նաեւ հակահեղափոխություն չի եղել, իսկ այսպես կոչված հակահեղափոխական ուժերն ընտրությունների արդյունքում պարտություն են կրել»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմքեր կային ենթադրելու, որ ընտրությունների արդյունքում պետք է «հակահեղափոխություն» լիներ, եւ, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան գործադիրի ղեկավարի կողմից հնչող նման ոչ հասցեական բնորոշումներին:
-Ես չեմ հասկանում, թե ի՞նչ նկատի ունի վարչապետը։
Այո, ցավոք, Արցախում հեղափոխություն չի եղել։ Այդ դեպքում էլ ի՞նչ հակահեղափոխություն։ Բայց մի՞թե քվեարկության արդյունքում հենց ամենահակահեղափոխական ուժը չի զբաղեցրել առաջին տեղը երկու ընտրություններում էլ։ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի իշխանության տարիներին վարչապետ աշխատած մարդը հակահեղափոխականության գլխավոր խորհրդանիշը չէ՞ արդյոք։ Արցախի թիվ մեկ օլիգարխը, որը հարստություն է դիզել իր բարձրաստիճան դիրքը շահագործելով, հակահեղափոխական չէ՞։ Ընտրությունների ժամանակ միլիոններ բաժանողը, ամեն քայլափոխին շտաբ բացողը, այդ շտաբների միջոցով ընտրողների կամարտահայտությունը վերահսկողը հակահեղափոխական չէ՞։
Կարդացեք նաև
Տպավորությունն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանն ինքը չի ուզեցել, որ այդ հեղափոխությունը լինի։ Երբ 2018թ նա սեղմում էր երեք տարի իր իշխանությունն ապօրինաբար երկարաձգած Բակո Սահակյանի ձեռքը, այդ ժամանակ ոստիկանները մահակներով հրապարակից հեռացնում էին նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին։
-Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է հիմնավոր պնդումը, որ պարտված ուժերը «հակահեղափոխական» են:
-Ո՞վ է հակահեղափոխական։ Միթե՞ Արցախի հեղափոխական կուսակցությունն է հակահեղափոխականը։ Թե միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կուսակցությո՞ւնն է հակահեղափոխական։ Իսկ գուցե «Նոր Արցախ» դաշինքի կուսակցություններն են հակահեղափոխական։ Կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի միայն Վիտալի Բալասանյանին։ Այնպիսի տպավորություն է, որ նա այնքան էր վախենում Վիտալի Բալասանյանի հաջողության անհավանական հեռանկարից, որ այդ վախի պատճառով ամեն ինչ արեց, որ հաղթի թեկուզ օլիգարխիայի ներկայացուցիչը ու շտապեց այդպիսի ընտրությունները դրական որակել։ Դա էլ այն դեպքում, որ դիտորդները շատ համակարգային կեղծիքներ էին հայտնաբերել։ Իսկ արդյունքում պարտվեցին Արցախի բոլոր իսկական հեղափոխականները։ Ստացվում է, որ հեղափոխությունը Արցախում պարտվեց հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով։
Գումարած, որ ընտրական այս ամբողջ ֆարսը տեղի ունեցավ համաճարակի սպառնալիքի պայմաններում։ Ու դեռ մեզ սպասում է լրիվ անիմաստ երկրորդ փուլը։ Ընտրությունների խիստ վիճելի արդյունքներից, միաժամանակ՝ համաճարակի սպառնալիքից խուսափելու միակ միջոցը գոնե երկրորդ փուլը հետաձգելն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ