Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտը տարածվում է». «Իմ քայլի» պատգամավորը՝ պաշտոնյաների եւ պատգամավորների պարգեւավճարների մասին

Ապրիլ 07,2020 15:24

Aravot.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

-Պարոն Պապոյան, ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր որոշմամբ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մարտ ամսվա համար պարգեւավճար չեն ստանալու: Նա միաժամանակ շեշտեց, որ պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում լինի, եւ որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունքում է, որ թոշակառուի թոշակն ավելանում է: Քննադատություն է հնչում այն շեշտադրմամբ, որ վարչապետն արդարացնում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարգեւավճար ստանալու հանգամանքը: Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումներն այս իրավիճակի առնչությամբ:

-Ինչպես Նիկոլ Փաշինյանը շեշտեց, բարձրաստիճան պաշտոնյաների՝ մարտ ամսին պարգեւավճար չստանալու հանգամանքը սիմվոլիկ նշանակություն ունի՝ այնպես, ինչպես մենք՝ պատգամավորներս, հրաժարվեցինք մարտի եւ առաջիկա երեք ամիսների պարգեւավճարներից: Սա համերաշխության մթնոլորտի արտահայտություն է, որովհետեւ քաղաքացիները ֆինանսական կորուստներ են ունեցել տնտեսությունում, մենք էլ ուզում ենք մտնել այդ տրամաբանության մեջ: Չի կարող լինել իրավիճակ, երբ երկիրն ինչ-որ բան է կորցնում, իսկ մենք՝ ոչ: Մենք էլ ենք քաղաքացիների պես աշխատավարձով ապրող մարդիկ:

Այս պահին կառավարությունը գումարի խնդիր չունի, բայց նման քայլեր են կատարվում, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ են քաղաքացի: Կրկնեմ, որ սա սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների տարեկան ֆոնդը ամսվա կտրվածքով մի քանի հարյուր դրամ թոշակի բարձրացում է ենթադրում, իսկ տարեկան՝ մոտ հազար դրամից ավելի:

-Կհստակեցնե՞ք՝ որքա՞ն է բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների տարեկան ֆոնդը, որովհետեւ իշխանության ընդդիմախոսները մատնանշում են 25 միլիարդ դրամը:

-25 միլիարդ դրամը բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը չէ: Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւատրման ֆոնդը մեկ միլիարդ դրամ է, իսկ մնացած 24 միլիարդ դրամը պետական համակարգի աշխատողների պարգեւավճարն է, այդ թվում՝ մաքրուհու, պահակի, կրտսեր մասնագետի, ավագ մասնագետի, վարչության պետի: Խոսքը տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների մասին է: Սա շատ կարեւոր ճշգրտում է, որովհետեւ սուտը տարածվում է: Կուզենայի, որ պատասխանատու  լրատվամիջոցները ճիշտ պարզաբանեն սա:

-Փաշինյանը պարբերաբար ասում է, որ նախարարների մեծ աշխատանքի շնորհիվ է, որ թոշակներ են բարձրացվել: Ձեր կարծիքով՝ դա բացառապես նախարարների՞ աշխատանքի արդյունք է, թե նաեւ այլ գործոնների, օրինակ՝ բարեխիղճ հարկ վճարողների:

-Նախ, միայն նախարարները չեն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ մարզպետները, փոխնախարարները եւ այլն: Այս շրջանակն իրականում մեծ է, խոսքը 30 հոգու մասին չէ: Մյուս կողմից, ի՞նչ է տեղի ունեցել նախկինում: Նախկինում մարդիկ ասում էին՝ «այդ ի՞նչ փող է, որ, ոչ էլ ստանում ենք, բարեգործություն ենք անում»: Ինչո՞ւ, որովհետեւ այդ մարդիկ կոռուպցիայով են զբաղված եղել եւ այդ գումարների կարիքը չեն ունեցել: Հիմա, երբ մարդիկ աշխատավարձով են ապրում եւ առավոտից երեկո աշխատում, արդյունք ապահովում, այդ թվում՝ հարկային եկամուտների ավելացում, ինչի հաշվին թոշակ եւ աշխատավարձ է բարձրացվում, համապատասխան չափով աշխատավարձի բարձրացում պետք է իրականացնենք, որպեսզի այդ մարդիկ մրցունակ լինեն պետական կառավարման համակարգում: Սա արվում է նաեւ այն նպատակով, որ որեւէ մեկի մտքով չանցնի կոռուպցիան՝ պատճառաբանելով, թե երեխան սոված է: Պաշտոնյաները որեւէ կոպեկ չպետք է վերցնեն:

Մանիպուլյացիաների դրսեւորումներն ամփոփելով՝ շեշտեմ, որ այսօրվա պատգամավորները կաշառակեր չեն, բիզնեսմեն չեն, եթե առանձին բացառությունները հանենք: Բացառություն ասելով նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ընդունում են իրենց՝ խոշոր սեփականատեր լինելը: Պատգամավորները, նախարարները, փոխնախարարներն աշխատավարձից աշխատավարձ ապրող մարդիկ են: Ներկա իրավիճակում, երբ կոռուպցիայի դիմացը փակ է, նրանցից պատասխանատվություն, նվիրվածություն, աշխատանք եւ մեծ որակներ են պահանջվում, եւ տրամաբանական է, որ նրանք համապատասխան վարձատրություն պետք է ստանան: Պետք է հաշվի առնել կադրերի մրցունակության հարցը, որպեսզի չստացվի այնպես, որ որեւէ նախարար մեծ ուրախությամբ գնա մասնավոր հատվածում աշխատելու:

Եթե նախարարներն ապահովել են արդյունք, ինչի շնորհիվ բարձրացվել են թոշակները կամ ուսուցիչների/զինվորականների աշխատավարձերը, այս ամենի դիմաց համապատասխան վարձատրություն պետք է լինի, եւ սա նորմալ է: Հասկանում եմ, որ սա նախկին իշխանության համար ամենահեշտ տեղն է մանիպուլյացիա անելու, բայց, կարծում եմ, ժողովուրդն էլ գիտի, որ խնդիրը հետեւյալն է՝ այդ նույն պաշտոնյաները կարող էին կոռուպցիայով զբաղվել, եւ նրանց համար անգամ աշխատավարձը նշանակություն կարող էր չունենալ: Ես ուրախ եմ, որ որեւէ մարզպետ սպասում է պարգեւատրման, որովհետեւ դա նշանակում է, որ նա այլ տեղից փող չի ունենում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Պարգևատրումը պետք է ունենա այլ բովանդակություն՝ պայմանավորված կատարված աշխատանքի արդյունքների հետ…

  2. Gagik says:

    Բայց ով ասեց, որ ընդամենը 10տոկոսով թոշակը ավելացնելը 100տոկոս պարգևատրման արժանի արդյունք ։ Նախկին կոռումպացված պաշտոնյաների օրոք էլ թոշակ ու աշխատավարձ պարբերաբար բարձրացելա։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930