Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր չի, որ 5000 դրամանոց լոլիկ չի կերել, ասում են՝ ես չեմ կերել, բայց հորեղբորս տղուն տեսել եմ, թե ոնց է ուտում». Բագրատյանի պատասխանը՝ Գեղամ Գեւորգյանին

Ապրիլ 07,2020 14:56

«Որ մեզ ասում են՝ չեք աշխատում, դա դեռ լավ է, բայց որ հանցավոր հանցագործության մեջ են մեղադրում…», – այսօր ԱԺ-ում այսպես դժգոհեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Գեղամ Գեւորգյանը խոսել էր թանկացումների մասին: Ասել էր. «5000 դրամանոց պուճուր լոլիկը, ես ավելի քան վստահ եմ, որ նրանց 99 տոկոսը երբեք դա չի կերել ու ցույց են տալիս: Նազրվան վարունգը մարտ ամսին ամենապիկ գինն է, ժողովուրդ ջան, ձեզանից քանի՞սն են մարտի վերջին նազրվան վարունգ ուտում, սկի սեզոնին չեն ուտում»:

Ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Դուք ասում եք՝ 5000 դրամանոց լոլիկը նկարել են, բայց եղել է, չէ՞, այդ 5000 դրամանոց լոլիկը: Մարդը սխալ չի նկարի ու կարեւոր չի, որ չի կերել, ասում են՝ ես չեմ կերել, բայց հորեղբորս տղուն տեսել եմ, թե ոնց է ուտում: Գերլարված պիտի աշխատենք ու իրարից չդժգոհենք, հանրությանը հուզող հարցերը պարտավոր ենք ուղղել պատկան մարմիններին»:

Գեղամ Գեւորգյանն ասաց, եթե տնտեսվարողներին սկսեն գին թելադրել, սեւ շուկա է առաջանալու. «Սահմանափակել վաճառքի ծավալները, ավելորդ խուճապ է: Գին փորձենք ասել, որ այս գնով ծախեք, 5 րոպե հետո սեւ շուկա է առաջանալու: Ոնց որ դիմակների դեպքում, հելանք խոսացինք, ասացինք՝ այ, ով դիմակները թանկ ծախեց, տեսեք ինչ ենք անելու: Թանկ առած դիմակները չկարողացան օֆիցիալ ծախել, որովհետեւ ասեցին՝ հեսա ՏՄՊՊՀ-ն հետեւներիցս ընկնելու է, գնաց սեւ շուկա: ՀՀ-ում 700 հազար հատ դիմակ է եղել, շրջանառության մեջ ամենավատ ժամանակ, որ դիմակ չկար, տակից դիմակ կար, ունենք այդ փաստերը»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ինչ ասում ենք՝ ասում եք մեր գործառույթը չի, գին թանկացնելը ձեր գործառույթն է, անբարեխիղճ մրցակցության հետեւանքով է բարձրացել. «Եթե փորձում են գերշահույթ ստանալ, դա մրցակցության խախտում է, իրեն պետք է բացատրեք, որ, սիրելիս, այս ժամանակահատվածում սպեկուլյատիվ գործունեությամբ զբաղվես՝ մենք քեզ չեք դիտարկի բարեխիղճ տնտեսվարող: Ասում եք՝ հրավիրում ենք մեր մոտ, համապատասխան աշխատանք ենք կատարում, իսկ լինո՞ւմ է, որ ուրիշ տեղ հրավիրեք: Նման տեղեկատվություն ունենք, ձեր աշխատասենյա՞կ եք հրավիրում, թե՞ կարող է որեւէ սրճարան հրավիրեք, այն ժամանակ, երբ բաց էին սրճարանները»:

Ի պատասխան՝ Գեղամ Գեւորգյանն ասաց. «Եթե ամբողջ պատմության ընթացքում նայեք քանի հատ հակամրցակցային համաձայնության գործ է հարուցվել, կտեսնեք, որ մեկ տարվա ընթացքում ավելի շատ գործ է հարուցվել, քան այն տարիներին: Ո՞ր ոլորտը ասեմ՝ շաքար, կարագ, բենզին, դիզել, ձու, հարուցված են գործեր ու գնում է գործընթացը: Բայց երբ փոքր տնտեսվարող սուբյեկտը հայաթի բուդկայում գին է բարձրացնում, մենք որեւէ ֆունկցիա չունենք»:

Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց նաեւ իր հանդիպումների հարցը. «Ամենայն անկեղծությամբ, ես շատ տնտեսվարող սուբյեկտների հետ մեծ ցանկություն չունեմ ու չեմ հանդիպում: Իսկ ինչ վերաբերում է սրճարաններում հանդիպելուն, ես նման դեպք չեմ հիշում, որ սրճարաններում հանդիպել եմ, եթե փաստ կա, խնդրեմ, տրամադրեք: Ես սրճարանում հիմնականում ընկերներիս հետ եմ լինում: Կարող են ընկերներիս մեջ լինել ե՛ւ պատգամավորներ, ե՛ւ գործարարներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930