ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանելով քաղաքացիների հարցադրումներին՝ անդրադարձավ նաեւ բարեգործներին՝ ասելով, որ իրենք հաշվարկել են՝ բարեգործներից մեկի կողմից ընտանիքներին տրամադրվող տոպրակներից յուրաքանչյուրն արժե մոտ երեք հազար դրամ: «Ընդհանուր՝ մոտ 400 հազար դրամի օգնություն է, ինչը հեռուստատեսության գովազդի գներից ավելի էժան է: Այս երևույթը պետք է գնահատականի արժանանա. իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»,-ասել էր Փաշինյանը:
Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց. «Զարմանալի է, որ այս պարագայում իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու տեղը հաշվարկում է, թե բարեգործներն ինչ օգնություն են տրամադրում: Ինչ ասեմ… ամեն մարդ իր յուրովի տեսլականն ունի: Հիմա միասնական պետք է պայքարել, որ այս իրավիճակից դուրս գանք, ոչ թե անհասկանալի ու տարօրինակ եզրակացություններ անել: Կարծում եմ՝ իշխանությունն ավելի արդիական հարցերի շուրջ պետք է հասցեական գնահատականներ տա: Երբ այս ամենը վերջանա, ամեն ինչն էլ գնահատականի կարժանանա, եւ ամենամեծ գնահատականը միշտ տալիս է ժողովուրդը»:
Իսկ թե որն է Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարության պատճառը կամ միտումը, Արման Աբովյանը դժվարացավ պատճառահետեւանքային կապը վերլուծել. «Առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ սննդի տոպրակներ եւ այլ օգնություն է տրամադրվում բնակչությանը, ինչը նկարահանվում եւ ցուցադրվում է «Կենտրոն» հեռուստաընկերությունով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ