Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Այս տարի Վերջին զանգը կունենա այլ բովանդակություն»

Ապրիլ 07,2020 14:10

Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ բջջային օպերատորների հետ համագործակցության արդյունքում տեսադասերն անվճար են նրանց տրամադրած հարթակներում, բջջային հավելվածներում, թվային հեռուստատեսություններում, Հանրայինով ցուցադրվող դասերն ունեն մեծ լսարան: Նախարարությունն ունի նաեւ համագործակցություն մարզային հեռուստատեսությունների հետ, որոնք եւս հասանելի են դարձնում հեռուստադասերը: Փոխնախարարի խոսքով, տեսադասերն ու կրթական բովանդակություն այս պայմաններում ապահովում են մարդկանց մեծ ներգրավվածություն:

Նա հայտնեց, որ մարտի 29-ից Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցում շարունակվում է սարքերի հավաքագրումը՝ դրանց կարիքն ունեցող ուսուցիչների եւ աշակերտների համար, արդեն իսկ հավաքագրել են 600 սարքավորում՝ համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ, հեռախոսներ, պլանշետներ:

«Այս ընթացքում մի շարք ուղեցույցներ են մշակել ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների համար, գործարկվել է էլեկտրոնային մատյանը, եւ ուսուցիչների 80 %-ն այնտեղ գրանցված է: Կրթական տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով էլ վերապատրաստման արագացված դասընթացներ ենք իրականացրել… Ուզում եմ շեշտել ուսուցիչների շատ ակտիվ համագործակցության մասին Իթվինինգ հարթակում՝ 324 ուսուցիչների եւ 3600 աշակերտների մասնակցությամբ»,-փաստեց Ժաննա Անդրեասյանը:

Պատասխանելով հարցին, թե հատկապես որ մարզերում են առավել մեծ թիվ կազմում համակարգիչ, ինտերնետ կապ չունեցող երեխաներն ու ուսուցիչները, փոխնախարարն ասաց, որ ընդհանուր առմամբ 24000 սարքի պահանջ էր ներկայացվել, սարքավորումներ են տրամադրվել Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերին:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ փաստեց, որ այս շրջանում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ չի նվազել, ընդհակառակը՝ շեշտակի աճել է: Նա մի շարք օրինակներ բերեց: Նշեց, թե ինչ մեծ թվով դիտումներ են ունեցել Ազգային օպերային թատրոնի առցանց ներկայացումները, ինչպես է աճել թատրոնի պաշտոնական էջի հետեւորդների թիվը: Ի թիվս այլնի, խոսեց նաեւ« Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի մասին, որը եւս ընտրել է առցանց ձեւաչափը, անդրադարձավ Համազգային թատրոնի «Առականի» ընթերցումների շարքին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ՝ webtv կայքում ցուցադրվող անիմացիոն ֆիլմերին:

Արա Խզմալյանը հայտնեց, որ ցուցակագրում են տարեց, միայնակ կամ անժառանգ ստեղծագործողների տվյալները, որոնք աջակցության կարիք ունեն, ու կամավորների խմբերի միջոցով այցելություններ կազմակերպում ավագ սերնդի պատկառելի արվեստագետներին, աջակցում են նրանց դեղերից մինչեւ կենցաղային պարագաները:

Հարց հնչեց՝ արդյոք ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակման դեպք կա՞: Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց արտակարգ դրության հայտարարումից հետո Վաղարշապատի դեպքերը, որոնք վերաբերում էին դպրոցական աշխատակազմի մեկուսացմանը: Ինչ վերաբերում է վարակման դեպքերին, ասաց, որ կորոնավիրուսով վերաբերյալ առանձնացված տեղեկատվություն չունեն. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, թե կորոնավիրուսով վարակվածներից քանիսն են կրթության ոլորտի աշխատակիցներ»:

Արդյոք կլինե՞ն Վերջին զանգի միջոցառումներ՝ այս հարցը եւս հետաքրքրում էր լրագրողներին: Փոխնախարարն ասաց, որ այս պահին քննարկվում ենք մի քանի հավանական սցենարներ, ամեն ինչ կախված է իրավիճակից: «Վերջին տարիներին էլ նախարարության քաղաքականությունն այնպիսին էր, որ Վերջին զանգը ցուցադրական բաները չեն, այլ մեր հոգեւոր վիճակը: Կարծում եմ, որ այս տարի Վերջին զանգը կունենա բոլորովին այլ բովանդակություն»,-ասաց նա:

Քննությունների կազմակերպման եւ ժամկետների հետ կապված էլ հայտնեց, որ քննարկվում է մի քանի սցենար, ամեն ինչ ավելի հստակ կլինի առաջիկայում :

Հեռավար գնահատման օբյեկտիվությանն էլ անդրադարձ եղավ: Փոխնախարարն ասաց, որ գործընթացի ամենասկզբում հայտարարել էին, թե վստահում են ուսուցիչներին եւ դպրոցներին ու մեծապես գնահատում նրանց ջանքերը, իսկ գնահատման օբյեկտիվության հետ կապված խնդիրներ եղել են նաեւ մինչեւ հեռավար կրթության անցնելը: Փոխնախարարն ավելի շատ ցանկացավ շեշտադրել կիբերանվտանգության խնդիրները:

Արա Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ի՞նչ միջոցառումներ են չեղարկվել, ասաց, որ չի շտապի խոսել դրանց հետաձգման կամ չեղարկման մասին, քանի որ աշխատում են պահպանել դրամաշնորհով հաստատված ծրագրերը, որոնք պետք է ձեռք բերեն առցանց բովանդակություն, ու բազմաթիվ նախագծեր տեղափոխվում են թվային տիրույթ: «Մենք լրջագույն աշխատանք ունենք՝ մշակույթը թվային տիրույթում դիրքավորելու առումով»,-շեշտեց նա:

Արտասահմանում սովորող հայ ուսանողների վերաբերյալ էլ հարց հնչեց: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հավաքագրել են նրանց տվյալները, եւ դրանք փոխանցված են արտգործնախարարությանը, որն էլ դեսպանությունների հետ համագործակցությամբ համակարգում է այդ աշխատանքը, բայց ԿԳՄՍ նախարարությունը եւս փորձում է ինչ-ինչ խնդիրներ կարգավորել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930