Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը «խոպանչիների» հարցով հանձնարարական է տվել մարզպետներին

Ապրիլ 07,2020 12:44

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ հարկաբյուջետային քաղաքականությունը չի՞ փոխվելու: Ջանջուղազյանը պատասխանեց, որ իհարկե, բյուջեի նախագիծը անցյալ տարի կազմել են հայտնի գիտելիքի հիման վրա, հնարավոր չէր կանխատեսել այն զարգացումները, որոնք հիմա են տեղի ունենում: Այժմ կարիք կլինի վերանայումներ անել, փոխել թե՛ դեֆիցիտին ներկայացված պահանջը, թե՛ պարտքին ներկայացվող մոտեցումները: Նախարարն ասաց, որ հիմա կառավարությունը քննարկում է պարտքեր ներգրավելու հարցը, որ կարողանան զսպել տնտեսական զարգացումների բացասական սպասումները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց կատարված աշխատանքների՝ Գյումրին արդիականացնելու, շինաշխատանքների, Սեւանի ջրառը նվազագույնի հասցնելու, Հուսիս-Հարավի մասին: Պապիկյանն ասաց, որ հիմա մենք միջազգային արբիտրաժում դատական գործերի մեջ ենք՝ Հյուսիս-Հարավի շինարարություն իրականացրած իսպանական ընկերության հետ:

«Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը հարցրեց, թե ի՞նչ ծրագրեր կան առաջիկայի համար, սուբվենցիոն ծրագրերի մասով փոփոխություններ անելո՞ւ են: Պապիկյանը պատասխանեց, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերն են մտադիր մեծացնել, օրինակ, սուբվենցիոն ծրագրերով շուրջ 10 մլրդ դրամ էր նախատեսվում, բայց համայնքներից եկած փաթեթները պահանջում են շուրջ 40 մլրդ դրամի փոխհատուցում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախարարին հարցրեց մարզերի արտագնա աշխատողների, այսպես ասած «խոպանչիների» խնդրից, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել գնալ ու աշխատանք էլ չունեն այստեղ: Պապիկյանը պատասխանեց, որ բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին, գիտեն, որ կան մարդիկ, որ այս փուլում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հիմա այդ մարդիկ ՀՀ-ում են, ուստի խնդրել է մարզպետներին բանակցել տարբեր ընկերությունների հետ, որ իրենց շինաշխատանքներում անպայման ներգրավեն գոյություն ունեցող որակյալ աշխատուժը. «Այսօր Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար, այսինքն, այն լավ աշխատուժը, որը գնում էր, մենք հիմա բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթների մեջ, կա՛մ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն: Միայն ճանապարհաշինության ոլորտում մենք ունեցել ենք 12 հազար աշխատակից, հիմնականում ժամանակավոր պայմանագրերով աշխատող, ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են, նրանց աշխատավարձը տատանվել է օրական միջինը 10 հազար դրամ: Հիմա մի քիչ ցածր կլինի,ես կոչ եմ անում կապալառուներին, որ հաշվի առնելով սոցիալական ստեղծված վիճակը, սանդղակը հնարավորինս չիջեցնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930