Կորոնավիրուսի դեպքերի աճը չնչին նվազել է: Այսօր այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ կորոնավիրուսով վարակվածության 20 նոր դեպք է հաստատվել, ինչը նախորդ օրվա համեմատությամբ 9-ով ավելի է: Փաշինյանի խոսքով, բայց թեստավորման քանակն ավելի քիչ է եղել՝ 211 թեստ:
Փաշինյանն ասաց, որ երեկ, առաջին անգամ, առողջացումով դուրս գրված բուժառուներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները. «20 նոր ախտորոշում կա՝ 25 հոգի առողջացումով դուրս գրված»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարտավարության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մինչեւ շաբաթվա վերջ հասնեն օրական 1000 հետազոտության, ինչն ավելի ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին. «Կարող եմ արձանագրել, որ առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է նաեւ այն պատճառով, որ մեր համակարգը ադապտացվել է նոր իրավիճակին, մի փոքր դուրս է եկել ցայտնոտային վիճակից»:
Ըստ վարչապետի, այսօրվա դրությամբ 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար նախատեսված, բայց այս պահին դրանց կեսն է զբաղված. «Լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք: Երկու հոգի, որոնք համարվում էին ծայրահեղ ծանր, արդեն ավելի լավ վիճակում են գտնվում: Այսինքն՝ բժիշկները կարողացել են կրիտիկական վիճակից դուրս բերել»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ դեպքերի նվազման վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումների՝ կառավարության քաղաքականությունն արդյունավետ է. «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ, լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից կարողանանք սկսել ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման հնարավորություն տա»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ երեկվա հարցուպատասխանի ընթացքում քաղաքացիներից մեկի՝ թանկացումների վերաբերյալ բարձրացրած խնդրին: Ասաց, որ հարցը Վանաձորում թանկացումների թեմային էր առնչվում, եւ այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու: «Ես տվել եմ հանձնարարականներ այդ հարցով զբաղվելու: ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ որոշակի ապրանքների գնանկում է նկատվել: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք, իհարկե, կշարունակենք հետեւել իրավիճակին, մոնիտորինգ անել: Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ որպեսզի մենք թույլ չտանք որեւէ չհիմնավորված գործողություն եւ գնային շահարկումեր եւ չարաշահումներ տեղի ունենան՝ մեծ հաշվով հասկանալով, որ կարող են գների փոփոխություններ տեղի ունենալ»:
Փաշինյանի տվյալներով, կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակում 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց. «Սա նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարը հասանելի է բանկով, մի մասն արդեն ստացել է, մի մասն արդեն կստանան, իրենց գործողությունից է կախված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ