Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ է, որ հեռախոսազրույցի մասին Մոսկվայի ու Երևանի տարածած հաղորդագրությունները՝ առնվազն շեշտադրումների մակարդակում, էապես տարբերվում են. «Ժամանակ»

Ապրիլ 07,2020 12:11

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցները:

«Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով նախաձեռնվող քայլերը: Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար»,- տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունն ու հավելում, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գծով փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է կայանալիք շփումների գրաֆիկը:

Անշուշտ դրական է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի փաստը, որովհետև վերջին շաբաթների ընթացքում տպավորություն էր ստեղծվել, որ հայկական կողմի մոսկովյան շփումները սահմանափակվում են վարչապետ Միշուստինով, ինչն անշուշտ էապես իջեցնում էր հայ-ռուսական հարաբերությունների նշաձողը։ Այս հանգամանքն, ի դեպ, վերջին օրերին ակտիվ քննարկվում էր մեր փորձագիտական շրջանակներում՝ նույնիսկ որոշակի շահարկումների տեղիք տալով։

Սրանով հանդերձ՝ մտահոգիչ է, որ նույն հեռախոսազրույցի մասին պաշտոնական Մոսկվայի ու Երևանի տարածած հաղորդագրությունները՝ առնվազն շեշտադրումների մակարդակում, էապես տարբերվում են։ Ռուսական պաշտոնական տեղեկատվությունը ներկայացրեցինք, որում ոչ մի խոսք չկար գազի մասին։

Մինչդեռ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Այն փաստը, որ գազի հարցը հասել է երկու երկրների ղեկավարների քննարկման մակարդակին՝ հուշում է, որ «Գազպրոմ-Արմենիան» կարող է ժամանակավորապես չեղարկել իր աղմկահարույց հայտը, ու անշուշտ այդ պատմությունը Մոսկվան կմատուցի որպես «դաշնակից» Հայաստանին արված քաղաքական կարևոր ժեստ։

Մյուս կողմից՝ եթե Կրեմլը իր տարածած հաղորդագրության մեջ գազի հարցն օրակարգային չի համարում, կարելի է ենթադրել, որ Մոսկվայում հակված չեն քննարկելու պաշտոնական Երևանի սկզբունքային առաջարկը, այն է՝ գազի գինն իջեցնել սահմանին։ Իհարկե, Մոսկվայի նման մոտեցումն ինքնին անիմաստ է դարձնում ԵՏՄ գոյությունը, սակայն փաստ է, որ նման կառույցների մասին Ռուսաստանում հիշում են, երբ անհրաժեշտ է լինում մեծապետական օրակարգը սպասարկելու տեսանկյունից։

Այսպիսով՝ գազի սակագնի հարցը շարունակում է մնալ ստվերում, ու այդ հարցում որոշակիություն չմտցրեց անգամ Նիկոլ Փաշինյանի երեկվա լայվը։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930