Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությունը բանակցությունների մեջ է հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ՝ աշխարհի տարբեր մասերից, որպեսզի նրանք առցանց վարպետության դասեր անցկացնեն հայաստանցի երաժիշտների համար: Առաջին անգամ այն ապրիլի 3-ին վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նպատակ ունեն գոնե շաբաթը մեկ անգամ օնլայն տարբերակով նմանատիպ վարպետաց դաս անցկացնել: Առաջիկայում հնարավոր է նաեւ՝ հայ վարպետների դասախոսություններ եւս լինեն. «Կարեւորում ենք ե՛ւ արտասահմանյան դասախոսների մասնակցությունը, ե՛ւ մեր հայերի: Նրանք, մեկ-երկու ժամ տրամադրելով, կարողանում են իրենց մասնագիտական շատ կարեւոր խորհուրդները տալ: Սա նաեւ հետաքրքրիր կարող է լինել դասախոսների համար, որոնք կարող են տանը նստած ստանալ մասնագիտական գիտելիքներ»:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը փաստեց, որ պանդեմիայի այս իրավիճակում երաժիշտների համար պասիվ շրջանը դժվար թե դրական որեւէ ազդեցություն ունենա: Նվագախումբը մարտին եւ ապրիլին մի քանի համերգներ էր ծրագրել, որոնք տեղի չեն ունեցել: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ մայիսին պլանավորած համերգը հնարավոր կլինի իրականացնել: Շեշտեց, որ նախագծերը ոչ թե չեղարկվում են, այլ հետաձգվում, որոնք առաջիկայում անպայման կյանքի են կոչվելու:
Նշենք, որ Պետրուշեւսկին ապրիլի երեքին կայացած դասն անցկացրել է սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Եվա Մարկոսյանի հետ, իսկ դասին հետեւել են բազմաթիվ երաժիշտներ։
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: