Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը». «Փաստ»

Ապրիլ 07,2020 11:33

Տնտեսական ու ֆինանսական խնդիրների հետ մեկտեղ գնաճը սկսել է հարվածել քաղաքացիների գրպանին։ Գնաճը հատկապես զգալի չափերի է հասել սննդամթերքի շուկայում։ Ի դեպ, երեկ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էլ նշեց, որ արտակարգ դրության շրջանում հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների որոշակի գնաճ: Ու բնականաբար այս իրավիճակում ենթադրվում է, որ պետությունը որոշակի գործիքներ պետք է կիրառի, որ պարենային ապրանքների անհարկի թանկացումներ չլինեն, որպեսզի առանց այն էլ ներկայիս սուղ ֆինանսական միջոցներով բնակչությունը կարողանա հոգալ իր պահանջները։

Դրա համար պահանջվում է, որ կառավարությունը ակտիվ քայլեր ձեռնարկի մատակարարումների կազմակերպման այլընտրանքային լոգիստիկ ուղղությունների կիրառման նպատակով, սակայն կառավարությունը գնաճը մեղմելու փոխարեն ընդունում է իր անկարողությունը այս հարցում։

Դրա վառ վկայությունն է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետևյալ հայտարարությունը. «Եթե տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները պարբերաբար բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրա մյուս փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»։

Իսկ ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը։ Տարբեր է նաև դրանց օգտակարության աստիճանը և կիրառելիությունը։

Հաշվի առնենք, որ ժամանակին հենց այդպիսի մոտեցման համար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հեգնում նախկին իշխանություններին՝ նշելով. «Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը: Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: …Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է…»։

Եվ ստացվում է, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է այնպիսի քաղաքական մոտեցում որդեգրել, ինչը ինքը հեգնում էր նախկինում։ Սա ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության հակադրության դրսևորումներից մեկն է։ Եվ բացառված չէ նաև, որ առաջիկայում կարող է նաև թանկանալ հացը, ինչի ահազանգերը արդեն կան. ի՞նչ փոխարինիչներ կարող են առաջարկել իշխանությունների ներկայացուցիչները հացի պարագայում։ Գաթա՞…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930