Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության ճգնաժամ՝ ընտրությունների արդյունքում

Ապրիլ 07,2020 22:00

Հռչակված վեց կոնսենսուսների ճակատագիրը՝ վտանգված

Արցախում կայացան խորհրդարանական ընտրությունները եւ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Դրանք ոչ այնքան պատասխաններ տվեցին առկա հարցերին, որքան ստեղծեցին նոր, առայժմ անպատասխան հարցեր։

Անցած օրերի ընթացքում բազմաթիվ գնահատականներ են հնչել ընտրությունների թե՛ արդյունքի, թե՛ ընթացքի, թե՛ որակի վերաբերյալ՝ «փայլունից» մինչեւ «խայտառակ», եւ ամենեւին էլ կարիքը չկա դրանք մեջբերելը կամ վերաշարադրելը, մանավանդ, երբ պատկերն իր ուրվագծերով ըստ էության պարզ է, առանձնապես արդյունքի մասով։ Այդ արդյունքն է՝ վստահության ճգնաժամ։

Այն պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան գլխավոր գործող անձանցով, այլ մի կարեւոր հանգամանքով։ Ստեփանակերտում անցյալ տարվա օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմահազար արցախցիների ներկայությամբ հռչակեց այն «վեց կոնսենսուս» կոչված թեզերը, որով, ըստ նախանշվածի՝ պետք է առաջնորդվեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները՝ իշխանությունները եւ քաղաքական դասը, հանրությունը եւ քաղաքացիները։ Հիշեցնենք դրանք, մեջբերելով ամբողջությամբ, տարընթերցումներից խուսափելու համար, ինչպես նաեւ այն պատճառով, որ հստակորեն ձեւակերպված լինելով, դրանք ամբողջությամբ եւ լավագույնս են արտացոլում եւ բանաձեւում մեր բոլորի անելիքը, թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանները.

Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։ Ի դեպ, այս համատեքստում կա միայն մի բացառություն՝ խոսքն օրինական ուժի կիրառման մասին է՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր։

Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։

Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։

Կոնսենսուս 5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ Այստեղ ուզում եմ մի մեկնաբանություն անել. սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է եւ չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին եւ հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Եվ ուրեմն, դատելով զարգացումներից, դիտորդների կողմից մատնանշված խախտումներից եւ շրջանառվող մեկնաբանություններից՝ այս հռչակված կոնսենսուսներից վեցն էլ դրվել են հարցականի տակ։ Դրա մասին են խոսում Ստեփանակերտում հավաքված մի մեծ խումբ ցուցարարներ, դիմելով վարչապետ Փաշինյանին։

Սա գաղափարախոսական նախասիրությունների կամ քաղաքական ճաշակի հարց չէ, այլ ազգային անվտանգության մարտահրավեր, միասնական, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Մենք 1997-99-ի դեպքերի ականատեսն ենք, երբ «ռեալպոլիտիկ» խաղերն Արցախում «հանուն ազգային միասնության», «հանուն անվտանգության» եւ հանուն այլ լավ բաների բերեցին Հայաստանում պետական հեղաշրջման եւ նեոսովետական կրիմինալի կողմից իշխանության բռնազավթման։ Մենք դրանից ձերբազատվեցինք 2018-ին թեկուզ եւ անարյուն եւ առանց բռնության, բայց չափազանց թանկ գնով, ուստի ոչ ոք չի պատրաստվում նոր խաբկանքի եւ կորոնավիրուսի ծխածածկույթի ներքո նորովի վերածել Արցախը կրիմինալ ռեւանշի որջի։

Իսկ Երեւանի «օբյեկտիվ» դիրքորոշումն ավելի շատ նմանվում է «պիղատոսյան» դիրքորոշման, որը ճանապարհ է հարթելու խիստ վտանգավոր զարգացումների համար։

Մինչեւ 2018-ը մեզ փորձում էին համոզել, որ Հայաստանում կրիմինալ օլիգարխիան սասանելը հավասարազոր է Արցախը կորցնելուն, շատերը դրան հավատում էին, եւ քաղաքական աղբի գարշահոտությունը թեւածում էր երկրում քսան տարի շարունակ, սասանելով երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, ոտնահարելով պետական եւ ազգային արժանապատվությունը։ Այսօր մեզ ուզում են նույնը համոզել Արցախի պարագայում. ձեռք չտա՛ք մեր կոռուպցիային, հակառակ դեպքում մենք կկորցնենք Արցախը։ Դա՛ են ասում նրանք, ովքեր կոորդինացնում կամ ոգեշնչում էին այն ընտրախախտումները, որոնք փաստաթղթավորել են հայաստանյան դիտորդները եւ մինչեւ հոգու խորքը վիրավորել քաղաքականապես ակտիվ եւ կեղծիքն ու վախը մերժած արցախցիներին։

Արցախում վստահության ճգնաժամ է, որի հանգուցալուծումը պահանջելու է ուժերի գերլարում, խոհեմություն եւ բարոյականություն, մի քիչ էլ հայրենասիրություն։ Եվս մեկ անգամ կրկնենք. խնդիրը արցախյան ընտրությունների գլխավոր գործող անձինք չեն, խնդիրը մենք ենք եւ մեր պետականությունը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքին Ստեփանակերտում, 05.08.2019

 «Առավոտ» օրաթերթ
07.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930