«Օրենքն այս ձեւով ավելի շատ ներկա եւ ապագա քաղաքական հակառակորդներին վերահսկելու միջոց է, քան համաճարակի դեմ պայքարի գործիք։ Այս դեպքում, բայց նույնիսկ դա չի կարեւորը։ Ո՞ւմ են տեղորոշում, եթե անբավարար թեստավորման պատճառով չունեն վարակվածների մասին բավարար տեղեկատվություն, իսկ դրանք թերեւս տարբերվում են պաշտոնապես հայտարարված թվերից». «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:
– Կորոնավիրուսի համավարակն արագ տարածվում է երկրում: Իշխանությունները երկրում մտցրել են արտակարգ դրության ռեժիմ։ Ձեր կարծիքով՝ որոնք պետք է լինեն պետական քաղաքականության առաջնայնությունները։ Իշխանության կողմից ձեռնարկված միջոցառումները շատ քննադատվեցին, դրանք իրավիճակին համարժե՞ք էին:
– Համաճարակի սրընթաց տարածումն իշխանություններից իրոք արագ գործելու, նպատակները, խնդիրները եւ թիրախները ճշգրիտ հատկորոշելու ու սահմանելու կարողություններ է պահանջում։ Իրավիճակն էականորեն բարդացել է այն պատճառով, որ կառավարությունն ուշացրել է սահմանների փակման, մարդկանց մեկուսացման, թեստավորման եւ վարակակիրների վաղ հայտնաբերման, շփման ամբողջական շղթայի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեռեւս մարտի 1-ին էր երկրում հայտնաբերվել առաջին վարակակիրը, իսկ մինչ այդ մեր հարեւանների մոտ վարակն արդեն սկսվել էր արագ տարածվել։ Գործադիրները փոխանակ երկիրը նախապատրաստելու համաճարակային ալիքի դիմակայմանը, տարբեր անպատասխանատու հայտարարություններով անլրջացնում էին վտանգը, մատնված էին անգործության, արձակուրդ էին գնում եւ զբաղված էին անիմաստ հանրաքվե անցկացնելու նախապատրաստություններով։ Արդյունքում մեկ միլիոն բնակիչների մեջ վարակվածության քանակով առաջինն ենք ԱՊՀ տարածաշրջանում։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը եւ կուսակցության առանձին անդամներ պարբերաբար կառավարությանը զգուշացնում էին համաճարակի ահագնացող վտանգի մասին, մինչդեռ իշխանությունները երկիրը կազմակերպելու փոխարեն զբաղված էին եւ են ընդդիմադիրներին անվանարկելով։ Ինչ վերաբերում է պետական քաղաքականության առաջնայնություններին, ապա, ըստ կարեւորության, դրանք են՝ անվտանգայինը, սոցիալականը եւ տնտեսականը։ Դրանցից յուրաքանչյուրը ենթադրում է արագ, ոչ ստանդարտ, անհրաժեշտ օպերատիվ-մարտավարական լուծումներ։
– Կորոնավիրուսը մեզ առաջինը չէր «հարվածել», հետեւաբար, ի՞նչ եք կարծում, արդյոք պե՞տք էր հետեւել կորոնավիրուսով վարակված տարբեր երկրների հակազդման միջոցառումներին, կանխատեսել Հայաստանում իրավիճակի զարգացման սցենարները եւ ըստ այդմ պլանավորել կառավարության քայլերը։
Կարդացեք նաև
– Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում քաղաքական որոշումների անվտանգային ռիսկայնության գնահատման արդյունավետ համակարգ։ Այս անգամ էլ որոշումներ ընդունվեցին, նկատի ունեմ հանրաքվեի քարոզարշավի անցկացումը, անվտանգային խնդիրները՝ մասնավորապես հանրային առողջապահական վիճակը ստորադասելով քաղաքական դրդապատճառներին։ Եվ այս ընթացքում շատ թանկ ժամանակ կորցրեցինք։ Այն պետք էր ծախսել առողջապահական համակարգի կարողությունների ավելացման, հարյուր հազարներով թեստերի ձեռքբերման, արհեստական շնչառության սարքերի ներկրման, պետական պահուստները վառելիքով, պարենամթերքով եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով համալրելու վրա։ Մինչդեռ կառավարությունում կարծում էին, որ կորոնավիրուսը պինցետով կհանեն՝ ձեռքի հետ էլ հրապարակում էին նաեւ ՀՀ ռազմավարական պահուստների վերաբերյալ, մեղմ ասած, «զգայուն» տեղեկատվություն։ ՀՀ կառավարության գործողությունները եղել են արձագանքող, այլ ոչ թե նախաձեռնող։ Այսինքն՝ ուղղակի գնացել են իրադարձությունների հետեւից, ոչ թե փորձել են մեկ, առավել եւս մի քանի քայլ առաջ գործողություններ իրականացնել։
– Ցավոք, ժամանակի անվերականգնելի կորուստ ենք ունեցել եւ միայն բավական ուշացումով կանգնեցվեց քարոզարշավն ու հայտարարվեց արտակարգ դրություն, որի պահպանման ռեժիմը նույնպես խիստ խնդրահարույց էր։ Օրինակ, արգելվում էր տաքսու մեջ մեկ հոգուց ավելի ուղեւորով երթեւեկելը, բայց մինչեւ ապրիլի 1-ը հասարակական տրանսպորտը բավական ծանրաբեռնված աշխատում էր։ Դուք առանձնացրեցիք անվտանգության ոլորտի առաջնայնությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ։
– Կարծում եմ՝ առաջին հերթին արդեն իսկ գործարկված սոցիալական մեկուսացման ռեժիմի կամ կարանտինի արդյունավետության բարձրացումը եւ թեստավորման քանակների մի քանի կարգ ավելացումը, որը վարակվածների իրական պատկերը կբացահայտի։ Մենք այս պահին ընդամենը 4000 հազարից մի քիչ ավելի մարդ ենք թեստավորել (օրինակ, Ադրբեջանը` մոտ 40. 000): Դուք անարդյունավետության լավ օրինակ բերեցիք՝ մի կողմից կարանտին ենք մտցնում, բայց թույլ ենք տալիս, որ հասարակական տրանսպորտն աշխատի։ Այդ շարքը կարելի է շարունակել, բայց դրա տեղը չի։ Այժմ առանձնահատուկ կարեւոր է Հայաստանի բանակը զորանոցային վիճակի բերելը։ Այս պահին ոչ մի դեպքում բանակը չպետք է ներառվի արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողություններում։ Բանակի խնդիրն այլ է, մեր արեւելյան հարեւանից առավել եւս համաճարակի պայմաններում կարելի է ցանկացած պահի ռազմական արկածախնդրություն սպասել։ Այս տեսակետից Ռազմական ոստիկանության ներգրավման որոշումը նշված գործողություններում խիստ խնդրահարույց է։ Արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողություններում հիմնական ֆիզիկական ծանրությունն ընկած է Հայաստանի ոստիկանության վրա։ Հասկանալի է, որ վերջինիս մարդուժը անսահմանափակ չի։ Ուստի ոստիկանությանն աջակցելու նպատակով պետք է մոբիլիզացնել (վճարովի հիմունքներով) պահնորդական եւ թիկնապահական ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցներին, ուժային կառույցների կադրերի ռեզերվում գտնվողներին, ինչպես նաեւ այդ կառույցներից կենսաթոշակի անցած նախկին ծառայողներին: Արտակարգ դրության ռեժիմի կառավարելիության տեսակետից կարեւոր է տեղական պարետների ինստիտուտի ձեւավորումը եւ դրանց տարատեսակ գործառույթների հստակ սահմանումը։ Մինչ երկրում համավարակի տարածումը մենք ունեինք հանցավորության շարժընթացի աճ։ Այժմ շատ կարեւոր է այս լարված իրավիճակում թույլ չտալ քրեածին իրավիճակի վատթարացում՝ օգտագործելով նաեւ վերոնշյալ մարդուժը։
– ՀՀ կառավարությունը շարունակ հայտարարում է սոցիալ-տնտեսական տարբեր փաթեթների գործարկման որոշումների մասին։ Արդյոք դրանք բավարա՞ր են սոցիալական կայունություն ապահովելու համար։
– Համաճարակն առաջացնելու է լրջագույն սոցիալական լարումներ։ Երկրում ավելանալու է սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց թիվը։ Սոցիալական միջոցառումների ներկա ծավալները բավարար չեն եւ ներառում են քաղաքացիների նեղ շերտ։ Մարդկանց անելանելի սոցիալական վիճակում չթողնելն ու սոցիալական ընդվզումները բացառելը Հայաստանի քաղաքական իշխանությունների առաջնային պատասխանատվության շրջանակից են։ Սոցիալապես բոլոր հին ու նոր կարիքավորներին պետությունը պետք է տրամադրի ե՛ւ ֆինանսական միջոցներ, ե՛ւ պարենամթերք (պետական ֆինանսավորման մնացած ծրագրերը կարող են հետաձգվել): «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն առաջարկում է ընդլայնել պետական աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը՝ առնվազն մինչեւ 2020թ. կանխատեսվող ՀՆԱ 10% կամ 700 միլիարդ դրամ, հաշվի առնելով տնտեսական անկման խորությունը եւ աննախադեպ ծավալները, անշուշտ, հետագայում ավելացման հնարավորությամբ։ Պետք է նաեւ կազմակերպել սոցիալական աջակցության ծրագրերի պատշաճ վարչարարությունը, եւ այս համատեքստում կարեւորվում է տեղական պարետի ինստիտուտը, էլեկտրոնային փոխանցումների եւ վճարումների համակարգի լայնածավալ կիրառումը, արտակարգ ռեժիմի պայմաններում պարենամթերքի մատակարարման ապահովումը։
Միաժամանակ շարունակաբար պետք է ավելացվեն պետական պահուստները ներքին եւ արտաքին աղբյուրներից։ Այստեղ կարեւորվելու է օդային բեռնափոխադրումների կազմակերպումը եւ այդ ոլորտում մեր կարողությունների ավելացումը։ Արդեն խնդիրներ ունենք մեր քաղաքացիներին երկիր վերադարձնելու հետ (միայն Մոսկվայում 3000 հազար ՀՀ քաղաքացիներ կան, որոնք ցանկանում են վերադառնալ)։
Առանձին խնդիր է առողջապահական համակարգի կենսունակության պահպանումը։ Մեր բուժաշխատողները համաճարակի դեմ պատերազմի առաջին գծում են եւ անխուսափելիորեն կրում են կորուստներ։ Այժմ պետք է մոբիլիզացնել նախկին բուժաշխատողներին, քիմիկոսներին, կենսաբաններին։ Չպետք է թույլ տալ, որ առողջապահական համակարգը կանգնի կաթվածահար լինելու վտանգի առջեւ, ինչպես դա եղավ Իտալիայում։ Հնարավորինս պետք է ավելացնել առողջապահական համակարգի կարողությունները, այնինչ մի քանի ամիս առաջ «հեռատեսորեն» բժշկական հաստատություններ էինք փակում, բուժաշխատողներ կրճատում:
– «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից խիստ դժգոհություններ առաջացրեց եւ որակվեց որպես անհամաչափ միջամտություն մարդու անձնական կյանքին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս օրենքի ընդունման նպատակը, եւ որքանո՞վ է այն նպաստում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։
– Այս օրենքով քաղաքացիների տոտալ վերահսկողության իրավական նախադեպ է առաջանում, եւ այդ նպատակով տեխնիկական ենթակառուցվածք ստեղծելու (եթե այն արդեն չկա) հնարավորություն բացվում։ Օրենքն այս ձեւով ավելի շատ ներկա եւ ապագա քաղաքական հակառակորդներին վերահսկելու միջոց է, քան համաճարակի դեմ պայքարի գործիք։ Այս դեպքում, բայց նույնիսկ դա չի կարեւորը։ Ում են տեղորոշում, եթե անբավարար թեստավորման պատճառով չունեն վարակվածների մասին բավարար տեղեկատվություն, իսկ դրանք թերեւս տարբերվում են պաշտոնապես հայտարարված թվերից։ Մի՞թե վերլուծելու եւ ստուգելու են հարյուր հազարավոր կոնտակտների վերաբերյալ տեղեկատվությունն ու դրանց տեղաշարժը, եւ եթե այո, ապա ինչ ռեսուրսներով, ովքեր են այդ մարդիկ։ Կուտակվելիք տվյալները տեղեկատվություն են պարունակելու երկրի տարատեսակ ոլորտների՝ այդ թվում անվտանգային եւ պաշտպանական գործունեության մասին։ Խիստ մտահոգիչ է, որ նման տեղեկատվության կարող է տիրապետել ԱԱԾ-ից բացի, որեւէ այլ կառույց։
Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.04.2020