«Ցավոք սրտի, գազի գինը մշտապես կամ շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների կամ քաղաքական մանիպուլյացիաների առարկա, առաջին հերթին՝ Հայաստանի կառավարությանը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով գազի գնի բարձրացմանը։
Նրա խոսքերով՝ սա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանքն է. «Մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք։ Եվ այդ խնդիրները պետք է անպայման լուծենք, եթե ուզում ենք արդյունավետ գազային համակարգ ունենալ»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը առաջարկել է «Գազպրոմ» ընկերությանը բանակցություններ սկսել գազի գինը նվազելու ուղղությամբ. «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հարցը նույնպես քննարկել ենք Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ ես ասել եմ՝ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և հումանիտար առումով, և տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի, և Ռուսաստանի նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Որովհետև, իսկապես, այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության կողմից և կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ կարելի է այդպիսի որոշում կայացնել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև