Լրահոս
Օրվա լրահոսը

Սա վերջին փորձությունը չէ

Ապրիլ 07,2020 10:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ զգուշավոր լավատեսություն հայտնեց կորոնավիրուսի տարածման այս փուլի վերաբերյալ: Պարզ է, որ այս հարցում պետք չէ մարդկանց մեջ չհիմնավորված հույսեր արթնացնել եւ ակնարկել, որ նրանք կարող են թուլացնել զգոնությունը: Եթե անգամ կան դրական միտումներ, ապա ես չէի շտապի վերացնել սահմանափակումները ո՛չ այս, ո՛չ էլ մոտակա 2-3 շաբաթների ընթացում:

Հաշվի առնենք նաեւ, որ կորոնավիրուսը չի կարող վերանալ մեկ՝ առանձին վերցրած Հայաստանում, ամբողջ աշխարհը պետք է միեւնույն ժամանակահատվածում լավ լուրեր հայտնի, որպեսզի համոզվենք, որ ա՛յս ճգնաժամը հաղթահարված է:

«Այս» բառի վրա շեշտ եմ դնում, որովհետեւ, ցավոք, ամենեւին էլ բացառված չէ, որ մարդկությունը մոտակա տասնամյակների կամ գուցե նաեւ՝ տարիների ընթացքում կանգնելու է նոր փորձությունների առաջ: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ տեսք են ունենալու այդ աղետները՝ բնական, տեխնածին, «վիրուսային», թե, Աստված մի արասցե, բուն պատերազմական:

Կարող եմ միայն ասել, թե ինչու եմ ես ենթադրում, որ նման աղետները հնարավոր են: Եթե կարճ ձեւակերպեմ, պատճառը մեր մեծամտության, անհավատության եւ մեր սահմանափակ մտածելակերպի մեջ է, որը գուցե հարիր էր նախորդ դարերին, բայց այսօրվա խիստ փոխկապակցված եւ փխրուն աշխարհում նման մտածելակերպը պարզապես վտանգավոր է:

Կոնկրետ այս՝ կորոնավիրուսի պարագայում մեծամտությունն ու ինքնահավանությունն արտահայտվեց այն թեթեւամիտ վերաբերմունքի մեջ, որը դրսեւորեցին աշխարհի մեծուփոքր երկրների ղեկավարները համավարակի բռնկման առաջին շաբաթների ընթացքում:

Բայց եկեք խոստովանենք, որ մենք՝ սովորական քաղաքացիներս, նույնպես վստահ էինք, որ կորոնավիրուսը «ոչ մեկի շունը չէ»:

Իսկ հիմա եկեք անկեղծ պատասխանենք՝ ինչպե՞ս ենք վերաբերվում, ասենք, էկոլոգիական խնդիրներին: 7,7 միլիարդանոց մարդկության քանի՞ տոկոսն է կարծում, որ գլոբալ տաքացումը սպառնում է մեր մոլորակին: Վստահաբար կարելի է ասել, որ Թրամփը եւ աշխարհի մնացած հզորներն այդ վտանգը լուրջ չեն ընդունում: Կամ՝ մենք առայժմ չենք պատկերացնում, թե ինչ մասշտաբի համաշխարհային աղետի կարող են հանգեցնել կիբերահաբեկիչների հարձակումները:

Եվ վերջապես՝ հնարավոր են նոր համավարակներ՝ պայմանավորված թե՛ մարդկային եւ թե՛ կենսաբանական գործոններով: Աշխարհը պատրա՞ստ է դրան: Նույն Միացյալ Նահանգների առողջապահական համակարգի մասին մենք մինչ այս պահը շատ բարձր կարծիքի էինք, բայց հիմա պարզվում է, որ մեր պատկերացնումներն առնվազն չափազանցված էին:

Ի դեպ, մեր կառավարությունն էլ, հավանաբար, պետք է զսպի իր խանդավառությունը առողջապահության ոլորտում զանազան «օպտիմալացումների» հարցում: Հիվանդանոցային մահճակալներ մեզ հաստատ էլի պետք կգան:

Բայց ամենաշատը մարդկությանը պետք կգա համերաշխ, ներդաշնակ աշխատանքը՝ լրջագույն մարտահրավերներին դիմանալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հետաքրքիր յօդուած էր:
    Առհասարակ, այս համաճարակը մտորելու լաւ առիթ է: Մարդիկ չափազանց նիւթապաշտ են դարձել: Հոգեւոր արժէքներն անասելի յետընթաց են ապրել: Մարդիկ հեռանում են Աստուծուց (իրենց գործն է), բնութիւնից, միմեանցից: Փողն աստուած դարձրած՝ պատերազմում են միմեանց դէմ: Սա մի օր պիտի աւարտուի: Հասարակութիւնները ծայրաստիճան բեւեռացուած են: Թւում է, թէ աշխարհում ստրկութիւն չկայ, բայց լաւ էլ կայ: Մարդկանց քաղաքակիրթ ձեւով շահագործում են՝ թէ՛ արեւմուտքում, թէ՛ Հայաստանում եւ ամէն տեղ (քա՜ւ լիցի, ես չեմ բողոքում: Ես ունեւոր մարդ եմ):

    Կորոնավիրուսի կապակցութեամբ մի իսպանացի վիրուսաբան մարգարէական խօսքեր էր ասել վերջերս. «Կենսաբանին վճարում էք ամսական 2000€, իսկ Ռոնալդոյին (որ ընդամենը գնդակ տշող է ու կեանքում երեւի գիրք բացած չկայ)՝ ամսական 2.6 միլիոն: Բուժման հարցով գնացէք նրան դիմէք»: Վերջերս անգլիացի մի մայրիկ 4-ամեայ դստեր տեսանիւթն էր տեղադրել համացանցում: Երեխան աղիողորմ լացում էր, որովհետեւ Մաքդոնալդսը եւ KFC-ն այս օրերին փակ են, մօր եփած ճաշերն էլ չի ուտում:

    Անձամբ ես 12 տարի է արեւմուտքում վազքի մէջ եմ: Դեռ լաւ է, որ (իմ կարծիքով) հոգեւոր կենաքով ապրող մարդ եմ, սպորտ, արշաւներ եմ անում, առողջ ապրելակերպ, առողջ սնունդ եւ այլն: Բայց ինքնս ինձ հարց եմ տալիս: Ինչո՞ւ եմ վազում, ո՞ւր եմ շտապում: Գնամ ինձ համար Շամշադինում կամ շվեյցարական/ֆրանսիական ալպերում հանգիստ ապրեմ՝ վայելեմ կեանքը 🙂 Ես որ ամէն Աստուծոյ առաւօտ ծէգին Նիւ Եորքի կամ Ֆրանկֆուրտի փողոցներում միլիոնաւոր շտապող մարդկանց եմ տեսնում սուրճը ձեռքներին, մարմինս փշաքաղում է: Սրա՞ համար ենք լոյս աշխարհ եկել 🙂

    Մարդկանց նիւթապաշտութիւնը, որկրամոլութիւնը, անժուժկալութիւնը խելագարութեան աստիճանի է հասել: Առաւօտից իրիկուն մտածում են՝ ինչպէս ճոխ ուտեն, խմեն, հագնեն:
    Միգուցէ այս համաճարակից յետոյ շատ արժէքներ վերարժեւորուեն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930