Իր ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններին։
«Ես կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա Արցախի Հանրապետությունում։ Ոչ մեկը չի ասում, որ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումները ինչքանո՞վ են ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա՝ նշելով, որ նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ընտրությունների առաջին փուլում հաղթանակ գրանցելու համար չի բավականացրել մի քանի հարյուր ձայն։
«Եթե ընտրությունները կեղծում են, հարգելիներս, որևէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞։ Երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը խորհրդարանական բլոկում, իրոք ընդդիմադիր ուժեր։ Հայաստանի Հանրապետությունում՝ ընտրությունների կեղծման այն ժամանակաշրջանում դուք երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են, ինչի՞ են կեղծում այնպես, որ ընդդիմությունը, ընդ որում բավական կոշտ ընդդիմությունը գրավի երկրորդ և երրորդ տեղերը։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը գրավեին առնվազն երկրորդ տեղը, և սրանով շատ հարցեր կլուծվեին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ չի համարում, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները եղել են կատարյալ. «Ես կարծում եմ, որ այո, մենք պետք է շարունակենք աջակցել Արցախին՝ ժողովրդավարության հետագա զարգացման գործում, և մենք դա անպայման կանենք։ Իսկ ժողովրդի ձայնը չի կարող չլսվել»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ