«Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանում, օրինակ, ոստիկանության բարեփոխումները շատ ավելի արագ են տեղի ունեցել»,- ուղիղ միացման ընթացքում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այս հանգամանքը բացատրում է նրանով, որ վրացական հեղափոխությունը ունեցել է աշխարհաքաղաքական համատեքստ. «Աշխարհաքաղաքական բևեռներից մեկը շահագրգռված է եղել բոլոր հնարավոր ձևերով ապացուցել, որ այդ գործողությունը արդյունավետ է, և շատ մեծ, ահռելի մեծ քանակության նվիրատվություններ են արվել՝ աշխարհաքաղաքական նկատառումներով։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ոչ միայն չունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, այլև մենք դեմ ենք եղել և մինչև հիմա էլ դեմ ենք աշխարհաքաղաքական կոնտեքստներին։ Այս իրողությունը շատերը չեն ընկալել»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք համագործակցում են իրենց միջազգային գործընկերների հետ, բայց չունեն հովանավորներ. «Մենք չունենք հովանավորներ՝ մեր բարեփոխումների։ Սա շատ կարևոր նրբություն է։ Եվ մենք ենք այդպես ցանկացել, որովհետև մենք ասել ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այս հեղափոխությանը ոչ մի արտաքին ուժ չի մասնակցել։ Եվ մենք հատուկ բոլոր ջանքերը գործադրել ենք, որ սա լինի բացառապես հայաստանյան գործընթաց։ Եվ սա իր հերթին բերում է շատ մեծ առավելություններ, բայց իր հերթին բերում է նաև դժվարություններ։ Դժվարություններ, ոչ թե անհաղթահարելի, մենք գնում ենք առաջ, մենք գնում ենք մեր սեփական տեմպով, մեր սեփական խնդիրները և բարդությունները հաղթահարելով։ Իհարկե, դատավարական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը ընդունել ենք, օրենքն ընդունել ենք։ Հույս ունենք՝ հանրապետության նախագահը հնարավորինս շուտ կստորագրի օրենքը, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև