Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայվդ Ջոնի Բրջոնիից քիչ մարդ է նայում». Փաշինյանի ուղիղ եթերի ուշագրավ մեկնաբանությունները

Ապրիլ 06,2020 23:45

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների՝ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Շուրջ 4 ժամ պատասխանեուց հետո, ինչպես երեւաց օգտատերերի մեկնաբանություններից, էլի դժգոհողներ կային, անընդհատ գրում էին, որ իրենց հարցը լիքը լայք է հավաքել, բայց չեն կարդում, բողոքում էին, որ Փաշինյանը մի հարցին շատ երկար է պատասխանում.«Վայ, մինչեւ երկու բառ է խոսում, օրը ճաշ է դառնում»:Երբ վարչապետն անդրադարձավ նախկին իշխանություններին, Գոռ Եգանյան անունով օգտատերը արձագանքեց. «Մարդիկ սովից սնքրտում են, դու էլի Սերժ, Սերժ…»: Օգտատեր Արթուր Հակոբանն էլ գրել է. «26.500 դրամի վրա թքած ունեմ, որ ժողովրդին օգնում եք, ձեզ միլիոններով պարգեւատրում: Մարդ կա, ոչ մի ծրագրի մեջ չի մտնում, երեխա չունի, օրավարձով աշխատող բանվոր է, նստցրել ես տունը, օդո՞վ է ապրելու»:

Երբ վարչապետը խոսում էր իրենց իշխանության օրոք համակարգային կոռուպցիայի բացակայության մասին, մի օգտատեր՝ Իշխան Եսայանը գրել է. «Պատասխանատու կերպով ասում եմ ձեզ, Արագածոտնի մարզի Քննչական կոմիտեում եւ դատախազությունում կոռուպցիայի քավորներն են»:

Օգտատերերը հիմնականում սոցիալական խնդիրներ էին բարձրացնում, թե ունեմ հիվանդ սկեսուր, հիվանդ սկեսրայր, մի քանի անչափահաս երեխա, տաքսու վարորդ եմ, հացի փող չունեմ եւ այլն:

Մի օգտատեր գրել է. «Պարոն վարչապետ, 42 տարեկան եմ, ունեմ 3 անչափահաս կատու, գրանցված աշխատող չեմ, ինձ չի՞ հասնում օգնություն, չեմ հասկանում: Կարծեմ դուք կենդանապաշտ եք ու կենդանապաշտպան լուծում տվեք էս հարցին»:

Օգտատերերը բողոքում էին թանկացումներից, հացի գնից, իսկ երբ խոսք գնաց իմբիրի թանկացման մասին, այսպիսի մեկնաբանություն գրեցին. «Պարոն Փաշինյան, ահավոր գնաճ է, մի պարկ ալյուրն արդեն 14 հազար դրամ է, 1կգ կիվին՝ 1700 դրամ ու այսպես շարունակ: Ապրում եմ Արթիկ քաղաքում, ինչի՞ վերահսկողութուն չկա»: Մի օգտատեր էլ կատակել է. «Եթե Իմբիր չկա, Մարտունիի կարտոշկա կերեք, շատ օգնում է կորոնավիրուսի դեմ»:

Երբ վարչապետը խոսում էր ուսուցիչների վարձատրության մասին, օգտատերերը հակադարձում էին՝ «ուսուցիչներին 120 հազար ես տալիս, նախարարներիդ՝ 1.5 մլն»:

Տեսնելով այդքան սոցիալական դժգոհությունները, իշխանությունների կողմից մի օգտատեր արձագանքել է. «Ամուսնանում են, մենակ որ ասեն՝ մենք էլ պսակվանք, բայց չեն մտածում, որ ընտանիք են կազմում: Երեխա են ունենում, պետք է մտածեն, ոչ թե հարեւանի հետ կոֆե խմեն, մարդն էլ բեսեդկեքից տուն չեթա ու ասեն՝ երկիրը չի օգնում: Որ գործ էլ ես ասում, ասում են՝ էդ մեր հագով չի, բա ձեր հագովը ո՞րն ա, տանը դիվան քշե՞լը»:

Օրվա հացի փող չունենալուց բողոքողներին մի օգտատեր նկատողություն է արել. «Ընտանիքը չպետք է մտածի մեկ օրվա մասին՝ ուտեն, խմեն, հագնվեն ու ման գան: Դրա համար ընտանիք գոյություն ունի, մի ձեռքից գող պիտի լինի նամանավանդ կինը»:

Մարինե Մարգարյան անունով մի օգտատեր էլ հավելել է. «Էս ի՞նչ մուրալ եք մուրում, հայ ժողովուրդ: Ազգովի ելել եք՝ փող տուր, հա փող տուր: Շվեյցարական բանկի կառավարիչը չի, ՀՀ գռփված երկրի նորընտիր վարչապետն ա, որտեղի՞ց տա, ո՞ր մեկին տա, մի քիչ ինքնասիրություն ունեցեք»: Օգտատերեր կային՝ վարչապետին դիմում են անհեթեթ բողոքով, թե՝ «կինս 11 ամսական հղի ա, չի աշխատում, կասե՞ք ինչն է տարբերությունը, որ այդ դրամական օգնությունը մեզ չի հասնում»:

Որոշ օգտատերերին սարսափելի հուզում էր, երբ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հազում էր, որոշներին այլ հարց էր հետաքրքրում, հազալուց հետո որ վարչապետը բաժակով ինչ-որ բան է խմում, դա ջո՞ւր է, թե՞ սպիտակ գինի:

Հակաիշխանական օգտատերերը մատնանշում էին այն, որ Փաշինյանի դիտումներն ընկել են. «Անիմաստ բաներ ես խոսում, դրա համար էլ լայվդ Ջոնի Բրջոնիից քիչ մարդ է նայում»: Օգտատերերից մեկի տանն էլ, պարզվում է, Փաշինյանի «լայվից» կռիվ է ընկել. «Մի ժամ է վիճում ենք տան անդամներով, թե ո՞վ է կարդում ուղիղ եթերի Ձեզ ուղղված հարցերը, արդյոք ձեր կի՞նն է՝ Աննան»: Չնայած եթերի սկզբում արդեն ասվել էր, որ հարցերը կարդում է մամուլի խոսնակը, այնուամենայնիվ, օգտատերերն արձագանքում էին Աննային, թե՝ «Կնիկդ որ հարցը ձեր օգտին է՝ կարդում է, լավ էլ ընտանեկան բիզնես եք սարքել»: Մեկ այլ օգտատեր հավելել է, թե՝ «Աննան է որոշում ինչ հարցեր տան, լրիվ Աննան է ղեկավարում»:

Մի օգտատեր էլ գողական բառապաշարով գրել է. «Պարոն վարչապետ, իմ ախպեր, ես կուզեի քեզանից լսել՝ բա օրավարձով աշխատողներն ի՞նչ անեն, մի շաբաթից ընտանիքը պահելու համար կսկսեն գողություն անել»:

Օգտատերերից մեկն էլ փորձել է ակրոստիքոս ձոնել Փաշինյանին.

«Նրա քայլերը տանում են վերելք,

Իրական հույսը, որի մեջ կա ելք:

Կարանտին ա, բայց հանգիստ էլ չունենք,

Ողջ հայ ազգով մենք քո ցավը տանենք:

Լսի մեզ Նիկոլ, դուխով մնա միշտ,

Աստված մեր հետ է, չկա ուրիշ ճիշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930