Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք

Ապրիլ 06,2020 23:30

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը հավատարիմ մնալով՝ կորոնավիրուսն ում շունն է տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից: Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը հանրահավաքներ էր կազմակերպում, ասելով, թե պինցետով հատիկ-հատիկ կքաշի ու տնական օղիով կախտահանի կորոնավիրուսը։ Փաշինյանի կորած կախարդական փայտիկի ճակատագրին արժանացավ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի ելած պինցետը։ Այսօր արդեն շեֆի լայվային շոուներին կցվել է շուրջ մեկ տարի պետական բյուջեն մսխող, անգործության մատնված այսպես կոչված Ապրիլյան դեպքերի ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Փաշինյանի ռեժիմը, «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի բացահայտումներից հետո հայտնվել է մեղմ ասած՝ անհարմար վիճակում։

Ֆիլմում ի հայտ եկած փաստերը հայ ժողովրդի անվիճելի հաղթանակի մասին սառը ցնցուղ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին տիրաժավորել հակապետական միֆեր, թե 2016թ․-ի Ապրիլյան պատերազմը մեր ժողովրդի պարտությունն էր։

Փորձելով քողարկել այս փուլում իր ձախողումը, գործող ռեժիմը հայտարարել է Արցախի հերոս, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերոնշյալ հանձնաժողով հրավիրելու ժամկետների մասին։

Բազմիցս նշվել է, որ նախագահ Սարգսյանը իր ժողովրդից թաքցնելու բան չունի։ Ասվել է նաեւ, որ հանձնաժողովը պարտավոր է հրավիրել Փաշինյանին, ով 2016թ․-ին ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է Ռուսաստանի հետ։ Ավելին, Փաշինյանը վերջերս նշեց, որ ինքը այդ հարցը քննարկել է ՌԴ քաղաքական ղեկավարության հետ։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին փաստերը այն մասին, թե քառօրյա պատերազմը իբր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել ։

Ի՞նչ են Փաշինյանին այս առնչությամբ պատասխանել Մոսկվայում։ Արդյո՞ք ռուսներն ընդունել են Փաշինյանի մեղադրանքները, թե՞ ինքը՝ Փաշինյանն է ընդունել իր սխալը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարչապետը պարտավոր է տալ հանրությանը։

Իսկ ինչո՞ւ է հանձնաժողովն այս մասով անգործություն ցուցաբերում, թե՞ իրականում նպատակը համաճարակի ժամանակ շոու բեմադրելն է՝ փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը ներկա մարտահրավերներից։

Միեւնույն է շոուն ժամանակավոր է։ Մնայունը մեր հաղթանակներն ու հերոսներն են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930