«Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ»,- ուղիղ միացման ընթացքում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ փորձել են դուրս բերել պատճառները, որ այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում. «Իմ գործընկերները գիտեն, որ այդ արդյունավետությունը չբարձրանա, մենք այլ տիպի որոշումներ պետք է կայացնենք»։
Վարչապետի խոսքերով՝ խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն. «Խնդիրն այն է, որ 2018 թվականից ի վեր մինչև այս պահի դրությամբ Հայաստանի բյուջեի եկամուտները ավելացել են 1 միլիարդ 100 միլիոն դոլարով։ Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, թե հեղափոխությունից հետո 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով։ Հիմա մենք ունենք այդ ցուցանիշը. 40-45 և նույնիսկ ավելի տոկոսով են աճել բյուջեի եկամուտները»։
Նա ընդգծեց, որ 1 միլիարդ 100 միլիոն դոլարը բյուջե է վերադարձվել ստվերի, մենաշնորհի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում։ Կա նաև քրեական գործերով բռնագանձված 40 միլիարդ, իսկ հարուցված գործերով էլ՝ 190 միլիարդ դրամ է նախատեսում. «Բայց սա ամենը չէ։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, և մենք ամեն ինչ անելու ենք դրա արդյունավետությունը մաքսիմալ բարձրացնելու համար»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ