Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ ՍԴ թնջուկի, հանրաքվեի եւ իր ընտանիքի՝ նպաստ չստանալու մասին

Ապրիլ 06,2020 21:21

«Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները»,-պատասխանելով բանկերից մեկից դժգոհող ֆեյսբուքյան օգտատիրոջը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա` հավելեց, որ միկրովարկերի տոկոսները նույնպես զրոյացվել են, բանկերում նույնիսկ վարկ ստանալու համար հերթեր են, եւ վարկ ստացողները հերթի մեջ անգամ սոցիալական հեռավորությունը չեն պահպանում այս կորոնավիրուսի պայմաններում: Հավելեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում հակաճգնաժամային երկրորդ միջոցառման համատեքստում, որտեղ եւս վարկերի տոկոսները զրոյացված են:

Ուսուցիչներին պարգեւավճարներ տալու վերաբերյալ էլ հարց կար: Փաշինյանի ձեւակերպմամբ, արտակարգ դրության պայմաններում ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում, եւ ուրախ է, որ արձանագրվեց՝ հեռավար կրթության իրականացմանը նրանց պատրաստ լինելը: Հիշեցրեց, որ 2020թ հունվարի 1-ից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչեւ 108000 դրամ: Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ չի ցանկանում այնպիսի խոստումներ տալ ուսուցիչներին, որոնք ճգնաժամի պայմաններում կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել:

«Այսօր բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ եւ նրանք շատ կուզենային, որ աշխատեին ու աշխատավարձ ստանային ուսուցիչների նման: Կարծում եմ, որ ճգնաժամի պայմաններում արդեն վատ չէ, որ կարողացել ենք ուսուցիչների համար լիարժեք աշխատանք եւ վարձատրություն ապահովել»,-շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ ընտանիքներին նպաստների ու աջակցության տրամադրմանը: Վարչապետն իր օրինակը բերեց.«Ես չորս երեխա ունեմ, որոնցից երկուսը չափահաս են: Բայց ես չեմ կարծում, թե իմ երկու փոքր երեխաները պետք է օգտվեն այդպիսի աջակցությունից, քանի որ մեր խնդիրը հասցեականությունն ապահովելն է…Եթե ընտանիքի մի անդամը որեւէ ծրագրից չի օգտվում, գուցե նույն ընտանիքի մեկ այլ անդամը այլ ծրագրից օգտվի…Մեր ծրագրերը սպառիչ չեն: Այսօր մենք ինը հակաճգնաժամային ծրագիր ենք ընդունել, պայմանավորվել ենք, որ պետք է անընդհատ մոնիտորինգի ենթարկենք, թե ում ենք բաց թողել, որպեսզի լրացնենք»:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր դատական գործընթացների ձգձգվելուն եւ իրավաբանական վերջաբանի չհասցվելուն: Օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ արդյունք տվեց հայտարարված վեթինգը դատական համակարգում:

«Դատական համակարգում տեղի ունեցած փոփոխություններն արդեն իսկ ընդունված են ԱԺ-ում, եւ օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո կսկսվի գործընթացը: Այսինքն, դատական համակարգի բարեփոխումների մի նոր փուլ կթեւակոխեն, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, դատական համակարգում հակակոռուպցիոն քաղաքականությունը ավելի խիստ կլինի»,-ասաց վարչապետը: Շեշտեց, որ վճռական են տրամադրված դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու եւ ՍԴ- թնջուկը լուծելու առումով, ինչ նպատակով էլ Սահմանադրական հանրաքվե է նշանակված:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930