«Ճգնաժամն անխուսափելի է, այստեղ որեւէ կասկած չկա, դրանից չպետք է ողբերգություն սարքել, որովհետեւ առանց այն էլ խնդիրը կա, պետք է հասկանալ մի բան, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, համաշխարհային խնդիր է եւ, ըստ էության համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ; Իսկ մենք պետք է ճգնաժամը դիտարկենք իբրեւ հնարավորություն»,- Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ օգտատերերի հարցերին պատասխանելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հավելեց, որ ժամ առաջ պետք է կանխատեսելի դարձնել վարակը եւ քայլ առ քայլ վերադառնալ նորմալ կյանքի ու աշխատանքով հաղթահարել ճգնաժամը:
Օգտատերերից մեկին հետաքրքրում էր, թե ինչպես պետք է ուսանողները վճարեն ուսման վարձը, եթե իրենց ծնողները այս իրավիճակում զրկվել են աշխատանքից եւ արդյոք հնարավո՞ր է որոշակի չափով փոխհատուցել նման ուսանողների ուսման վարձերը:
«Տեղյակ եմ, որ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է, որ բուհերի ռեկտորները եւ բուհերը մինչեւ արտակարգ դրության ավարտը եւ եւս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձը վճարելու անհատական գրաֆիկ: Միեւնույն ժամանակ նախարարը կոչ է արել այն ուսանողներին, որոնք վճարման խնդիր չունեն, անպայմանորեն վճարեն վարձերը, որպեսզի դասախոսները կարողանան աշխատավարձ ստանալ:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, ուզում եմ մի ընդգծում անել՝ ուսման վարձերի հետ կապված: Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու: Այս խնդիրը լուծելու ճանապարհը, որտեղ կառավարությունը կստանձնի պարտավորություն, հետեւյալն է՝ սիրելի ուսանողներ, լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք եւ մենք կապահովենք, որպեսզի վարձի պատճառով որեւէ մեկը դուրս չմնա բուհից»,-ասաց վարչապետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ