Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չկարդալ «դեղին մամուլ» եւ արգելափակել որոշ օգտատերերի

Ապրիլ 06,2020 20:55

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել, թե երբ պետք է պատժվեն դեղին մամուլի ներկայացուցիչները, սոցցանցերում ֆեյք էջեր ունեցողները, որոնք օգտատիրոջ ձեւակերպմամբ սուտ լուրեր են տարածում նաեւ վարչապետի ընտանիքի մասին ու անպատիժ մնում:

«Կեղծ լուրերի հարցը կբաժանեմ երկու մասի՝ մի մասը սպառնալիք է պետության համար, սպառնում է ազգային անվտանգությանը, մյուս մասը անձնական վիրավորանքներ են, կեղծ լուրեր ու ծաղրանկարներ: Հիշում եք, որ տարվա սկզբին դեպք ունեցանք, երբ ԻԻՀ շուրջ ծավալվող իրադարձություններին ֆոնին կեղծ օգտատիրոջ կողմից լուր տարածվեց, որը  օգտագործվեց Ադրբեջանի կողմից եւ  ապա լայնորեն օգտագործվեց Իրանում հակահայկական, հակահայաստանյան քարոզչություն անելու համար: Քրեական գործ հարուցվեց եւ այդ լուրի հեղինակը ձերբակալվեց:

Մի կեղծ նամակ էլ կա, որը շրջանառվում է: Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնաբերել հեղինակին կամ գուցե հայտնաբերել են, եւ նա Հայաստանի տարածքից դուրս է գտնվում: Իբր ես նամակ եմ գրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս…Այս դեպքերում, բնականաբար իրավապահները պետք է զբաղվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ծաղրանկարների վերաբերյալ էլ հավելեց. «Ծաղրանկարը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Իհարկե, տհաճ է, երբ հայհոյում են ինձ կամ իմ ընտանիքի անդամներին, բայց եթե այդ հայհոյանքներին սկսենք վերաբերվել այնպես, ինչպես դուք եք ասում՝ սկսենք պատժել, դա ժողովրդավարության ոտնահարում կլինի;

Ինչ վերաբերում է օգտատերերին, դուք ինքներդ կարող եք նրանց հարցերը լուծել: Քանի դեռ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ բովանդակությունը չեն կիսում եւ այդքան էլ երջանիկ չեն այդ բովանդակությունից, դա նշանակում է՝ կառավարության եւ ժողովրդի միջեւ վստահություն կա:

Դուք որպես օգտատերեր եւ ընթերցողներ ինքներդ կարող եք որոշակի միջոցներ ձեռնարկել, օրինակ` կարող եք ֆեյք կամ ոչ ֆեյք  օգտատերերին, որոնք ձեր կարծիքով կեղծ կամ ոչ կոռեկտ լուրեր են տարածում, կարող եք արգելափակել, բողոքել ֆեյսբուքում այդ էջերը, կարող եք ուղղակի հրաժարվել այն լրատվամիջոցների ընթերցումից, որոնք ձեզ համար անհայտ են եւ ապացուցված է, որ սուտ լուրեր են տարածում:

Կարծում եմ, որ ժողովրդավարության պայմաններում անելիքը ոչ թե կառավարության  է, այլ հանրությանը: Եթե ցանկացած  մեկը գտնում է, որ դա անթույլատրելի է, ապա ֆեյսբուքյան մի կարգավորմամբ կարող է հարցը լուծել, չակերտավոր պատժել այդպիսի լուրերի հեղինակներին: Ես իմ անելիքն այդ ոլորտում չեմ տեսնում, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն, որը քրեական տիրույթում է»:

Վարչապետն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ որոշ դեպքերում, երբ զրպարտություն է եղել, չի բացառվում, որ իրենք եւս դիմեն դատարան:

«Ինչքան ուզում են, թող հայհոյեն, կարեւորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը: Քանի դեռ դրանք լուսանցքային երեւույթներ են, ուրեմն իրենք պարտվել են, ու ինչքան շատ հայհոյեն, այնքան շատ կպարտվեն»,-քաղաքացու հարցին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930