Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորին գերազանցությունը կորոնավիրուսը հայկական իրականության մեջ շատ խաղաքարտեր խառնեց». Սերգեյ Մարկեդոնովը՝ արցախյան զարգացումների առիթով

Ապրիլ 06,2020 20:44

«Արցախում առկա է քաղաքական ճգնաժամ»,-«Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով կազմակերպած քննարկման ժամանակ  անդրադառնալով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց վրաստանյան «Ալիք Մեդիա» լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը:

Հիշեցնենք՝ Արցախում ապրիլի 14-ին սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ապրիլի 5-ին Արցախում տեղի ունեցավ հետընտրական առաջին բողոքի ցույցը: Այնուհետև երկրորդ փուլ անցած թեկնածուներից Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ բոյկոտում է մասնակցությունը երկրորդ փուլին:

Այս իրավիճակն Արսեն Խառատյանը բացառիկ համարեց և մանրամասնեց. «Այսպիսի նախադեպ Արցախում մինչև այժմ չի եղել: Աննախադեպ էր նաև այն, որ նույն օրն անցկացվեցին և′ նախագահական, և′ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցությունը մեծ էր՝ 73 տոկոս: Անգամ նախագահի թեկնածուները շուրջ քառասուն րոպե հերթ էին կանգնում, որ մասնակցեին քվեարկությանը: Բացառիկ էր նաև այն, որ շատ ակտիվ քարոզարշավ իրականացվեց, և մեծ գումարներ ծախսվեցին»: Ըստ Արսեն Խառատյանի՝ բացառիկ է նաև այն, որ մարդիկ հետընտրական ժամանակահատվածում դուրս են եկել փողոց. վերջին 30 տարիներին Արցախում նման հետընտրական զարգացումներ չէին եղել:

Ըստ Արսեն Խառատյանի՝ այդպես էլ հասկանալի չէ, եթե Մասիս Մայիլյանը բոյկոտում է ընտրությունները, հետևաբար ապրիլի 14-ին քվեաթերթիկում միայն Արայիկ Հարությունյանի անո՞ւնն է լինելու, թե՞ նաև Մայիլյանինը, ուստի դեռ վերջնական հնարավոր չէ ասել, թե ինչ զարգացումներ կլինեն»:

Արսեն Խառատյանը կարծում է, որ Արցախի ներկայիս իշխանությունները և շատ մարդիկ վստահ էին, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, և Արայիկ Հարությունյանը կհաղթի: Նա դեռ հույս ունի, որ կհաղթի բանականությունը, և երկրորդ փուլ տեղի չի ունենա. «Բայց ամեն ինչ վկայում է այն մասին, որ հիմնարար փոփոխություններ են տեղի ունենալու: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, ուստի հնարավոր է Հայաստանի քաղաքականությունը գնում է դեպի Արցախի՝ ավելի լուրջ ինտեգրացիայի»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կարծում է, որ Արցախում այսօր կա քաղաքական ճգնաժամ: Այս առիթով նա պարզաբանեց. «Փորձենք վեր կանգնել ընտրություններից և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Իրոք, սա նախադեպային է Արցախի համար, բայց սա սովորական իրավիճակ է հետխորհրդային հանրապետությունների համար: Օրինակ՝ այսպիսի զարգացումներ տեղի են ունեցել Հարավային Օսեթիայում, Աբխազիայում:  Մենք Արցախում էլ տեսնում ենք մրցակցություն: Բայց այս մրցակցությունը ոչ թե ծրագրերի, գաղափարների միջև է, այլ մարդկանց երկու տիպի՝ ազնիվ և ոչ ազնիվ: Նրանց առաջին խումբը փորձեց արցախցիներին ներգրավել ընտրություններում՝ կաշառելով, համոզելով, մյուս խումբը փորձեց քաղաքական առումով արցախցիներին ներգրավել գործընթացում»: Անդրադառնալով երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց. «Երկուսն էլ նախկին իշխանության համակարգում են աշխատել: Մասիս Մայիլյանն արտաքին գործերի նախարար է եղել, Արայիկ Հարությունյանը՝ վարչապետ: Արայիկ Հարությունյանը վերջին ժամանակաշրջանում իշխանության մեջ չի եղել, Մայիլյանը շարունակել է պաշտոնավարումը»: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այս բախումն այսպես թե այնպես պիտի լիներ, քանի որ իշխանության հանձնման ժամանակ միշտ էլ լինում են բարդություններ:

Վերլուծելով, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, Ալեքսանդր Իսկանդարյանը եզրափակեց. «Հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ եթե Մասիս Մայիլյանը չմասնակցի ընտրություններին, Արայիկ Հարությունյանին հաջողվի գալ իշխանության, ապա, միևնույն է, նա խոցելի է լինելու, և հետագայում էլ կարող են լինել տարբեր տիպի զարգացումներ: Հիշենք՝ Հայաստանը»:

Հարցին՝ ինչպե՞ս է Արցախում տեղի ունեցողն ընկալվում Մոսկվայում, քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Արցախյան օրակարգը լավ հայտնի չէ Մոսկվայում: Ես և մի քանի այլ հեղինակներ մանրամասներ գրում ենք արցախյան իրադարձությունների մասին: Բայց ընդհանուր առմամբ՝ Արցախում կատարվող իրադարձությունները Ռուսաստանում ընկալվում են աշխարահաքաղաքական համատեքստում: Կատարվողը ներկայացվում է նաև որպես մեծ Հայաստանի իրավիճակ: Ակնհայտ է, որ Արցախի կախվածությունը Հայաստանից մեծ է ռազմական, անվտանգության առումով: Հիմա մենք տեսնում ենք նաև քաղաքական ինչ- որ կախվածություն»: Քաղաքագետը հիշեցրեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 2018-ի իշխանափոխությունը, Երևանի ավագանու ընտրությունները, ԱԺ ընտրությունները, դատական համակարգի հետ կատարվածը: Եվ Արցախում տեղի ունեցողը համարեց այս գործընթացների շարունակություն:

Բայց նաև կարծիք հայտնեց, որ շատ բան փոխեց կորոնավիրուսը. «Նորին գերազանցությունը կորոնավիրուսը հայկական իրականության մեջ շատ խաղաքարտեր խառնեց: Դա մի լրացուցիչ գործիք էր ինչ-որ բաների խանգարելու համար: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև կային որոշ խնդիրներ. Փաշինյանն այլ անձի էր տեսնում այդ պաշտոնում: Նաև այստեղ հատկանշական է, որ տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանն արտակարգ դրություն հայտարարեց, բայց միևնույն ժամանակ հայտարարվեց, որ հայաստանյան դիտորդները թեստ կհանձնեն ու կգնան Արցախ»: Քաղաքագետը նաև արհեստական համարեց այն խոսակցությունները, թե Ռուսաստանի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, իսկ Մասիս Մայիլյանը այսպես կոչված «սորոսական է» ու եզրափակեց. «Այն անձը, որը կզբաղեցնի Արցախի ղեկավարի պաշտոնը, նա պետք է աշխատի Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միգուցե չի կարող աշխատել  Ռուսաստանի հետ, բայց պետք է հասկանա, որ Ռուսաստանը կարևոր խաղացող է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930