Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաեւ օգտատերերից մեկի՝ թանկացումներին վերաբերող հարցին, որը վերաբերում էր, մասնավորապես Վանաձորում հացի թանկացմանը: «Հասկացանք, , որ կարանտին է, բայց բոլոր ապրանքները թանկացել են, անգամ հացը»,- նեղսրտել էր քաղաքացին ու հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված գների աճը:
«Կխնդրեի, որ ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որովհետեւ դա լավ չէ: Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք այս ճգնաժամի ընթացքում: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ շատ երկրներ ունեին խնդիր՝ ուղղակի ապահովել պարենի գոյությունը խանութներում: Ոմանք էլ մեր երկրում կանխատեսում էին նույնպես ապրանքային ապոկալիպսիս, որ իբր շուտով բոլոր խանութների ցուցափեղկերը դատարկվելու էին, բայց դա տեղի չունեցավ, եւ փառք Աստծո, որ նման բան չի սպասվում Հայաստանի Հանրապետությանը:
2018-19 թթ, 2020 թ առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում եղել է գնաճային ցածր ֆոն: Ուզում եմ հիշեցնել, որ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն 2019 թ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել էին վեց տոկոսով, մինչդեռ Հայաստանը 2019 թ դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրել էր 0,3% գնանկում: Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել:
Փետրվարին մենք նույնիսկ 0, 2 տոկոս գնանկում ենք ունեցել: Ինչ վերաբերում է գնաճային երեւույթներին, հանձնարարել եմ տեսնեն, թե ինչ իրավիճակ է տիրում Վանաձորում»,-ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
Նշեց, որ իր ձեռքի տակ է խոշոր առեւտրային ցանցերի վերաբերյալ ուսումնասիրություն,ըստ որի՝ հացի թանկացում տեղի չի ունեցել: «Որոշ ապրանքների թանկացումներ տեղի են ունեցել եւ այդ թանկացումները մեզ անհանգստացնում են: Մենք հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել. «Այդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ` արտարժույթային տատանումների հետ եւ այս ռիսկը կառավարելու համար կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումները թվագրում է: Այդ շրջանակներում մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերի առումով»,-շեշտեց նա:
Փաշինյանը նշեց նաեւ, որ վերահսկում են, որպեսի գների անտրամաբանական աճ տեղի չունենա. «ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորվեցինք, որ ավելի քան վեց հարյուր ապրանքների մաքսատուրքերը, որոնք այս տարվա հունվարի մեկից բարձրացել էին ԵԱՏՄ կանոնների համաձայն, Հայաստանի համար վերադառնան նախկին մակարդակի: Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի եւ մաքսատուրքերը առաջիկա վեց ամիսների համար կիջնեն՝ մասնավորապես մսի, կարագի, բրնձի, արեւածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների մաքսատուրքերը»:
Փաշինյանը հորդորեց. «Խնդրում եմ՝ եկեք ինքներս մեզ չվախեցնենք, որ սով կլինի, Հայաստանը բերրի, առատ երկիր է, մեր ժողովուրդն էլ աշխատող ժողովուրդ է: Հայաստանն ունի բավարար պաշարներ»: Ասաց, նաեւ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով զեկուցում է, թե ինչ իրավիճակ է տիրում շուկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ