Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ համարում, որ Մասիս Մայիլյանը պարտված է». Թեւան Պողոսյան

Ապրիլ 06,2020 20:59

«Լավագույն օրինակներ ունեցել ենք, երբ եւ Վիտալի Բալասանյանը, եւ Մասիս Մայիլյանը ժամանակին լինելով Բակո Սահակյանի մրցակիցները, ներգրավված են եղել պետական ինստիտուտներում: Սա նշանակում է, որ երբ գալիս է անվտանգության խնդիրը, բոլորն ունեն այդ գիտակցությունը, որ միասնական պետք է լինել»

Երեկ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հադես եկավ հայտարարությամբ՝ Արցախի քաղաքացիներին կոչ անելով նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը: Իսկ մինչ այդ, պարոն Մայիլյանն ամրագրում է. «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»։

Արցախի նախագահական ընտրություններում երկրորդ փուլը հաղթահարած մյուս թեկնածուի`Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մասիս Մայիլյանի հայտարարությանն ասաց, որ այս պահին մեկնաբանություններ անելու խնդիր չեն տեսնում: «Նախընտրական քարոզչության շրջանում կխոսենք ամեն ինչի մասին»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ Մասիս Մայիլյանն առաջին փուլում էլ էր համանման հայտարարություններ արել և կոչ արել չմասնակցել քվեարկությանը:

Որքան էլ Մասիս Մայիլյանի հայտարարության հիմքում համավարակի կանխումն է, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ կա:

«Քաղաքական մեկնաբանության խնդիր է, որն ինքն իր հայտարարության մեջ արել է, դրան որեւէ բան ավելացնելու խնդիր չեմ տեսնում»,- նաեւ հավելեց մեր զրուցակիցը: Թեւան Պողոսյանի կարծիքով, ամենից զատ, օրենքն իրավական բաց ունի. երկրորդ փուլի ժամանակահատվածում թեկնածուն կարող է մասնակցությունից հրաժարվել տասն օր առաջ, բայց այդ ժամանակահատվածը համընկնում է այն ընթացքի հետ, երբ ԿԸՀ-ն ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները դեռ ամփոփած չի լինում: Այսինքն, տվյալ դեպքում, թեկնածուն հրաժարման մասին կարող էր հայտարարել մինչեւ ապրիլի 4, ժամը 18.00-ն, իսկ ԿԸՀ-ն արդյունքներն ամփոփելու է վաղը`ապրիլի 7-ին:

Տեսակետներ եղան, որ «նախագահական» ձայների մի մասը Մասիս Մայիլյանը ստացել է Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ, իսկ հիմա, չի բացառվում, որ Սամվել Բաբայանը երկրորդ փուլում չաջակցի Մասիս Մայիլյանին: Համենայնդեպս, իր վերջին հարցազրույցում, Սամվել Բաբայանը հստակ չէր խոսել այդ մասին: Սամվել Բաբայանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո, իրենք եվս հայտարարությամբ հանդես կգան, որտեղ կհստակեցնեն նաեւ հետագա անելիքները: Aravot.am-ի դիտարկմանը`ընտրությունները բոյկոտելու այս կոչով, արդյոք, Մասիս Մայիլյանը փորձում է խուսափել իր փաստացի պարտության ամրագրումից` Թեւան Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ես, օրինակ, չեմ համարում, որ Մասիս Մայիլյանը պարտված է կամ որեւէ թեկնածու այնտեղ պարտվել է: Բոլորն էլ հաղթել են, որովհետեւ հաղթել է միասնական, գլխավոր գաղափարը: Հարցն այն է, թե այդ րոպեի դրությամբ, հանրությունն ո՞ւմ է վստահել, որ ղեկավարի գործադիր իշխանությունը, ո՞ր ուժերին է կցել օրենսդիր իշխանության ձեւավորման մեջ: Այնպես որ, պարտության հարց ես չեմ դիտարկի երբեւէ այստեղ: Հասկանում եմ, որ Հայաստանից, Երեւանի փողոցներից դիտարկելուց, հազարավոր հետաքրքիր, ինտրիգային ձեւավորումներ կարելի է փորձել գտնել, նկարագրել: Մարդիկ, ովքեր, որ գնացել եւ քվեարկել են Մասիս Մայիլյանին, քվեարկել են Մասիս Մայիլյանին: Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ եթե մինչ այդ ձեւավորվել էին կոալիցիաներ, այդ խումբը իր առաջնորդին, ում որ դրել էր այդտեղ, նրան էր պատվիրում: Այդ խմբերը, օրենսդիր, գործադիր իշխանության համար հիմա ունենալու են իրենց մոտեցումներով հարցեր, որոնք կդիտարկեն արդեն ամսի 14-ին: Ամսի 9-ից կամ 10-ից նաեւ քարոզարշավի հնարավորություններ կլինեն, դեռ ամենի մասին կխոսեն»: Մեր զրուցակիցը հույս ունի, որ արցախցու քվեն ստացած ցանկացած մեկը շարունակելու է քաղաքական համագործակցությամբ, իր գաղափարները նույն վստահությամբ առաջ տանել`պետականաշինության եւ Արցախի հարցի հայանպաստ լուծման գործընթացում: «Արցախցիները տեղում շատ լավ կարողանալու են անել: Իրենք ապացուցեցին, որ ամենադժվար պայմաններում կարողացան մարտի 31-ի խորհուրդը, որը նաեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելն էր, միասնական գործողություն անել`բոլոր վտանգներով, բայց ճիշտ հաշվարկներով եւ ճիշտ պատրաստվածությամբ: Այս խնդրին մենք պետք է փորձենք նպաստել, իսկ ինչ որ ընտրելու է արցախցին`ընտրելու է արցախցին: Հարգենք այդ ընտրությունը եւ դրանով առաջնորդվենք»:

Մեկ այլ դիտարկման`հայտարարություններ հնչեցին նաեւ, որ Արայիկ Հարությունյանը «գնել» է իր ձայները, Թեւան Պողոսյանն արձագանքեց. «Կան մեղադրանքներ, ունեն փաստեր`դիմում են դատարան»: Նա նկատում է, որ որոշ դեպքերում Արայիկ Հարությունյանն ընդունեց`օգնել է, օժանդակել է, ինչը օգտագործում են, որ «գնում» է. «Ձեւակերպումից բան չի փոխվում, ընտրողը, միեւնույն է, արցախցին է. արցախցիների որոշումը եկեք հարգենք»:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է` «Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել»`նկատի ունենալով, կիրակի օրը Արցախի հեղափոխական կուսակցության անցկացրած ցույցը: Անդրադառնալով այսօրինակ անհանգստություններին, Թեւան Պողոսյանն արձանագրում է. «Ժողովրդավարության տարածումը, խոսքի ազատությունը, մարդկանց ցանկությունը`ձայն բարձրացնելու, նաեւ Արցախում է, այսպես ասած, զարգանում եւ այդ մի քաղաքական ուժն այդ մոտեցումն է ցուցաբերել: Եթե մարդկանց կոգեշնչեն, կբերեն բոլորին`կբերեն, ձայն կբարձրացնեն… Դրա հետ մեկտեղ, մենք տեսնում ենք, որ այլ քաղաքական ուժեր այլ վարքագիծ են ցուցաբերում. արդեն մի քանի քաղաքական մասնակիցներ հայտարարել են, որ ընդունում են ընտրությունների արդյունքները, գնում են առաջ, դիտորդներն են հայտարարություններ տարածել, որ այո, խախտումներ եղել են, դիմումները հասցեատերերին են հասել: Ես հուսով եմ, որ բոլոր մեղավորները խստագույնս կպատժվեն»: Ընդհանուր առմամբ, մարտի 31-ի ընտրությունները Թեւան Պողոսյանը համարում է բոլորիս հաղթանակն այն իմաստով, որ այս դժվարին իրավիճակում, առկա բոլոր ռիսկերով հանդերձ, Արցախը գնաց պետականաշինության գործընթացի եւ քաղաքական զարգացումների քայլերը հերթականությամբ անելուն եւ Արցախի հանրապետության Սահմանադրությունն ամբողջական մտավ ուժի մեջ`ապահովելով ապագայում երկրի բնականոն զարգացումը: «Բոլորն այդ օրը կազմակերպված մասնակցեցին, իսկ մնացած խնդիրները պետք է ընկալենք. երկու ընտրություններ`նույն օրը, ինչը երբեւէ չի եղել, երբեւէ չենք ունեցել նաեւ այդքան գրանցված շատ թեկնածուներ, ինչպես խորհրդարանի համար, այնպես էլ նախագահական ընտրությունների»: Այս համատեքստում, մեր զրուցակիցը գտնում է, որ ապրիլի 14-ին`նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրն ընտրողների նույն ակտիվությունը չի լինելու:

Ինչեւէ, մեր զրուցակիցը  հույս ունի, որ ինչպես նախկին, այնպես էլ նորաթուխ քաղաքական գործիչները որեւէ քայլ ձեռնարկելիս, հաշվարկել են դրա հնարավոր հետեւանքները. «Մի կողմից, երբ ասում ենք`եկեք ընտրություններին չմասնակցենք, քանի որ համաճարակի վտանգ կա, մյուս կողմից, մարդկանց կանչում ենք փողոց. ավելի չե՞նք նպաստում, որ վտանգն ահագնանա: Անվտանգության խնդիրները, առաջնագծում տեղի ունեցող գործընթացները. չէ՞ որ այս ամենին հետեւում են նաեւ Ադրբեջանում: Ի դեպ, Ադրբեջանում էլ վիճակը փայլուն չէ նույն համավարակի հետ կապված, տնտեսական խնդիրներ կան եւ այլն եւ ո՞վ գիտե, Ալիեւն ի՞նչ որոշումներ կկայացնի այդ սոցիալական ճգնաժամերից խուսափելու համար կամ առիթից օգտվելով: Սա նշանակում է, որ բանակը զգոն պետք է լինի եւ չմոռանանք, որ Արցախի բնակչության կեսն էլ բանակում է ծառայում»:

Թեւան Պողոսյանն ուզում է հուսալ, որ մայիսի 21-ին, երբ Արցախի նորընտիր խորհրդարանը կգումարի իր առաջին նստը եւ եթե ամսի 14-ի արդյունքների հիման վրա Արցախի նորընտիր նախագահը կստանձնի իր պարտականությունները, կլինի այն գիտակցությունը, որ մեր անվտանգության գլխավոր երաշխիքը միասնությունն է եւ իրադարձությունները կզարգանան այն հունով, որ բոլորը ներգրավված կլինեն պետության կայացման հետագա աշխատանքներում: «Արցախում չի կարելի որեւէ մեկ մարդու բացակայությունը, քանի որ վաղը, Աստված մի արասցե, խնդիր եղավ, բոլորն էլ իրար կողքի են լինելու: Իսկ իրար կողքի լինելու համար, պետք է իրար փայփայել: Դա նաեւ միասնական աշխատանքն է: Լավագույն օրինակներ ունեցել ենք, երբ եւ Վիտալի Բալասանյանը, եւ Մասիս Մայիլյանը ժամանակին լինելով Բակո Սահակյանի մրցակիցները, ներգրավված են եղել պետական ինստիտուտներում: Սա նշանակում է, որ երբ գալիս է անվտանգության խնդիրը, բոլորն ունեն այդ գիտակցությունը, որ միասնական պետք է լինել»:

Նրա գնահատմամբ, ԱԺ-ի ձեւավորման հարցերում բավական հետաքրքիր տեսարանների կարող ենք ականատես լինել`կարեւորը, որ քաղաքական գործիչները կարողանան ճիշտ հաշվարկել հետեւանքները`գտնելով այն լուծումները, որոնք կնպաստեն մարտի 31-ի միասնականության եւ հաղթանակի շարունակականությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930