Ի՞նչ է սպասվում այն տարիքի անձանց, որոնք թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, ու հիմա էլ երբ օգնության առաջարկներ եղան, այս խավը կրկին անտեսվեց: Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ այս հարցրին՝ ասաց, որ հակաճգնաժամային փաթեթներից ոչ մեկը տարիքային սահմանափակում չունի, բայց նշյալ տարիքային խմբի հետ կապված իսկապես խնդիրներ կան, որոնք քննվում են ընտանեկան նպաստի բարեփոխումների համատեքստում:
Վարչապետն ասաց, որ իր պատկերացմամբ 55-65 եւ ավելի տարիքի մարդիկ նույնիսկ քսանմեկերորդ դարում լիարժեք աշխատունակ են եւ պետք է ծրագրեր ունենալ՝ նրանց աշխատաշուկայում մրցունակ դարձնելու առումով:
Հարցերից մեկն էլ վերաբերում էր կորոնավիրուսի պատճառով համաշխարհային եւ հայաստանյան տնտեսության կրած վնասներին: Ֆեյսբուքյան օգտատիրոջը հետաքրքրում էր, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել կառավարությունը արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգնման եւ նոր իրավիճակում ՀՀ դիրքերի ամրապնդման համար: Հարցում անդրադարձ կար նաեւ հանքարդյունաբերությանը:
«Ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ կորոնավիրուսից առաջ էլ մեր ռազմավարության պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այնտեղ, որտեղ հնարավոր է լինել պատրաստի արտադրանքի երկիր, հումք մատակարարող երկիր: Պատկերացրեք, մենք հիմա նույն հանքաքարը արտահանելիս Հայաստանի Հանրապետությունում ստանայինք ձուլակտորներ, այդ ձուլակտորներից ստանայինք պատրաստի արտադրանք, սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, տնտեսական հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում եւ մենք ունենում ենք ավելացված արժեքի բարձր մակարդակ»:
Կարդացեք նաև
Ասաց, որ երկրում կան մի քանի նախագծեր, այդ թվում՝ մտադրված են, որ Հայաստանում նաեւ մետալուրգիա լինի եւ զարգանա մշակող արդյունաբերությունը. «Անցյալ տարվա տվյալներով մենք շատ կարեւոր ցուցանիշ ենք արձանագրել: 2019թ տվյալներով մենք վերջին տասնամյակի համար աննախադեպ բարձր տնտեսական աճ ունեցանք, այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը»:
Ինչ վերաբերում է երկրում ձուլարան ստեղծելուն, այս մասին էլ հավելեց, որ իր կռահմամբ, հաստատ կլինեն բնապահպանական բանավեճեր. «Սրա հետ կապված տեսնում եմ երկու կարեւոր սահման եւ բեւեռ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը պետք է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխանի, բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել, որովհետեւ այս շենքը, որտեղ ես նստած եմ եւ ընդհանրապես շատ շենքեր, իրենց մեջ շատ հակաբնապահպանական տարրեր են պարունակում:
Այստեղ կարող էր չլինել այս շենքը, այստեղ կարող էին լինել ծառեր, կենդանիներ… Քաղաքակրթության ցանկացած դրսեւորում հակաբնապահպանական տարր ունի: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք քաղաքակրթության եւ բնապահպանության միջեւ, որովհետեւ ժամանակակից աշխարհում բնապահպանությունն ամենաառաջնային խնդիրներից մեկն է, եւ Հայաստանի Հանրապետության, Կառավարության համար նույնպես: Բայց մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը: Կարծում ենք, որ արդյունաբերությունը պետք է զարգանա, հաշվի առնելով այն բնապահպանական չափանիշները, կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»:
Ճգնաժամը հաղթահարելու Կառավարության տեսլականի մասին էլ Փաշինյանն ասաց. «Ունենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ, կարճաժամկետի դեպքում խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ եւ մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետեւ կապիտալ ներդրումներն ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, եւ պետական կապիտալ ներդրումներն իրենց հետեւից քարշակում են տնտեսության այլ ճյուղեր:
Խնդիրը մարդկային ռեսուրսի ու տեխնոլոգիայի զարգացումը: Տնտեսության զարգացման կարեւորագույն ռեսուրսը մարդն է եւ իր հմտությունները: Շատ կարեւոր է, որ երիտասարդությունն արձանագրի, թե որն է աղքատության եւ բարեկեցության սահմանը: Այդ սահմանը գիտելիքն է ու հմտությունը: Իհարկե, մեր երկրի պատմության ընթացքում հաջողության եւ հարստության խորհրդանիշները միշտ չէ, որ կապվել են գիտելիքի եւ հմտությունների հետ, բայց ես ուզում եմ ժամանակակից աշխարհի օրինակը ցույց տալ»:
Վարչապետն ասաց, որ նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության 2050թ. ռազմավարությունը, եւ մի քանի կարեւոր ռազմավարական թեզեր ինքն անցյալ տարի օգոստոսին հրապարակել է Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում, որտեղ շեշտել է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային ապրելակերպ: Ասաց նաեւ, որ կառավարության պատկերացումները ճգնաժամից առաջ եւ հետո չեն փոխվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ